«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր գումարած արտահերթ համաժողովի ժամանակ ընտրեց վարչության նոր կազմ։ 13 հոգանոց վարչության անդամներն են՝ Նիկոլ Փաշինյանը, Արայիկ Հարությունյանը, Հովիկ Աղարզարյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Տիգրան Ավինյանը, Լենա Նազարյանը, Գարիկ Սարգսյանը, Զարուհի Բաթոյանը, Վահագն Հովակիմյնաը, Սուրեն Պապիկյանը։ Նախորդ կազմի համեմատ, վարչությունը 7 նոր անդամ ունի։ Կուսակցության վարչության նախագահի պաշտոնում Արայիկ Հարությունյանին փոխարինեց «Սասուն» ջոկատի հրամանատար, Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանը։
Կուսակցության վարչությունը հրաժարական էր ներկայացրել Հայաստանում այս աշնանը կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո, ոչ բավարար արդյունք ապահովելու պատճառով։ Թեև Նիկոլ Փաշինյանը նախորդ վարչության աշխատանքը ձախողված չհամարեց, սակայն արտահերթ համաժողովին պարզաբանեց. - «Սրանով մենք հանրությանը տալիս ենք ուղիղ ուղերձ, որ մենք մի գյուղապետի, ավագանու մի քանի անդամների կուսակցություն չենք: Մենք կուսակցություն ենք, որ Հայաստանի քաղաքացիներին խոստացել է, որ իրենից կախված ամեն ինչ անելու է Հայաստանում օրինական, չկոռումպացված, ոչ թալանչի իշխանություն հաստատելու համար, և մենք արել ենք սա ցույց տալու, որ հանուն էդ խնդրի մեզ պետք է նոր կոնսոլիդացիա»:
Վարչության գլխավոր անելիքներից առաջինը կուսակցությունը կադրային, ծրագրային և ֆինանսական առումներով հարստացնելն է։ Երկրորդ անելիքը՝ գտնել կուսակցություններ ու քաղաքական ուժեր, որոնց հետ հնարավոր կլինի միավորվել ու մեկ կուսակցություն ստեղծել։
«Մենք էստեղ չունենք որևէ նախապայման՝ ոչ անձնային, ոչ իրավաբանական, ոչ անվան, ոչ ազգանվան: Մենք պատրաստ ենք հնարավոր գաղափարական, գաղափարապես մոտիկ ուժերի հետ քննարկել մեկ կուսակցություն դառնալու հեռանկարը: Մեր ամբիցիաները վերանձնային են, վերխմբային են, վերկուսակցական են», - հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
ՔՊ արտահերթ համաժողովին հրավիրված քաղաքական ուժերից մի քանիսը հայտնեցին մեկ ընդդիմության համար միավորվելու իրենց մտադրության մասին։
«Եթե մենք իրական փոփոխություն ենք ուզում, շատ ավելի կարևոր է դառնում իրական և կեղծ ընդդիմության տարանջատումը: Տեսեք՝ ինչ են անում իշխանությունները՝ վերակենդանացնելով նոր ու նոր ոչ իշխանական ուժերի, հաճախորդների, ու էստեղ իրենց հաղթելը շատ ավելի դժվար է լնելու: Հետևաբար, իմ խորին համոզմամբ, էսօր համար մեկ խնդիրը քաղաքական թիմերի իրական ընդդիմության միավորման մեջ է լինելու», - ամբիոնից հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Իրական ընդդիմադիր ուժերի միավորման գաղափարին կողմ արտահայտվեց նաև «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը և ՀՀՇ խորհրդի նախագահ Ալեքսանդր Արզումանյանը։
Կարելի է արդյոք հայտարարությունները համարել միավորման գործընթացի սկիզբ, Փաշինյանն արձագանքեց. -«Ես կարծում եմ, որ մենք արդեն աշխատանքային ֆորմատներում կքննարկենք, թե իրենք ինչ ի նկատի ունեն, մենք ինչ ի նկատի ունենք համագործակցություն ասելով, և ըստ այդմ կառաջնորդվենք»:
Պատրաստ է արդյոք ՔՊ-ն համագործակցել Հայ ազգային կոնգրեսի հետ՝ ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելու համար, «Ազատության» այս հարցին Նիկոլ Փաշինյանը միանշանակ չպատասխանեց. - «Մենք պատրաստ ենք մեր պատկերացումներով մասնակցել քննարկումների, խոսել խնդիրների, դրանց լուծման միջոցների ու նպատակների մասին, ու բոլոր էն ուժերի հետ ում հետ համընկնումներ կունենանք այդ հարցերում, պատրաստ ենք քննարկել համագործակցության հետագա ֆորմատները»:
Այսպիսով, փաստորեն ՔՊ-ն փոխում է նախկին համոզմունքը, թե դեմ է դաշինքներ կազմելուն։ ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց՝ դաշինքները հնարավոր են համարում, եթե օրակարգում ամրագրում են հետագայում մեկ կուսակցություն դառնալու գաղափարը։ Եվ եթե նախկինում վերջնաժամկետը խորհրդարանի ընտրություններն էին, ապա հիմա ՔՊ-ն պատրաստ է մեկ ընդդիմություն ձևավորելուն ավելի երկար ժամանակ հատկացնել։