Մատչելիության հղումներ

Սևքարում առաջին ձյան հետ հոգսն ավելանում է


Սևքարում բնակվող Բաբաջանյանների ընտանիքը 89 հազար դրամ անապահովության նպաստ է ստանում։ Տան երկու սենյակները և՛ որպես հյուրասենյակ, և՛ որպես ննջասենյակ, խոհանոց ու լոգասենյակ են ծառայում։ Պատերն ու տանիքը կիսաքանդ են, սակայն ընտանիքը բնակվելու այլ տեղ չունի:

«Ինը երեխա ունեմ, վեց աղջիկ, երեք տղա: Վեցը դպրոց են հաճախում, երեքն էլ իմ կողքին: Ամուսինս գործ է անում, երեխաներին կարողանում եմ մի քիչ ապահովեմ՝ մինչև Փարոսը գա», - պատմում է մայրը՝ Լուիզան:

Ամուսինը բանվորություն է անում, նաև մի խոզ են պահում ու ընտանիքի հոգսն այսպիսով հոգում։

«Երկու երեխան դպրոցում ուտում են, էն մնացածն էլ տանն են ուտում։ Գալիս են՝ ահագին վախտ անցնում ա, նոր ասում են սոված ենք, հաց ենք ուզում ուտենք», - պատմում է մայրը:

Հարևանությամբ բնակվող Արփիկ Քամալյանի տան պայմանները շատ չեն տարբերվում։ Այստեղ էլ տեղումները ոչ միայն դրսում, այլև ներսում են զգում:

«Անձրևը կաթում ա, լագանք ենք դնում, որ մեջին ջուրը թափվի էլի», - պատմում են նրանք:

Առաջին ձյան հետ հոգսն ավելանում է։ Այս օրերին ավագ որդին՝ Արթուրը, նույնպես աշխատում է՝ և՛ իրենց համար է փայտ կոտրում, և՛ հարևանների։ Արթուրն ութերորդ դասարանցի է, սակայն դպրոց գրեթե չի հաճախում։

Արփիկը չորս երեխա ունի, մեկն արդեն չափահաս է։ Նա երեխաների հետ ամուսնու եղբոր տանն է բնակվում։ Չնայած դժվար պայմաններին՝ ընտանիքն անապահովության նպաստ չի ստանում, քանի որ տանը երեք անչափահասների հետ նաև չորս չափահաս կա գրանցված՝ ինքը, աղջիկը, ամուսինն ու տեգրը։ Արփիկի ամուսինը երեք տարի առաջ արտագնա աշխատանքի է մեկնել, սակայն կնոջ խոսքով՝ ընտանիքին չի օգնում։ Մայրն ասում է՝ թե՛ երեխաներին է պահում, թե՛ ամուսնու վերցրած վարկերն է միայնակ վճարում և տեսողության խնդիր ունեցող երեխայի բուժման ծախսերը հոգում։ Արփիկը համագյուղացիների տանը տնային տարբեր գործեր է կատարում։

«Քիչ-քիչ, կարալ չեմ շատ անեմ, որ շատ անինք՝ խորտակվինք սաղս էլ, հենա խորտակված ենք։ Եթե տան տղամարդը տանը չի, խորտակված ենք, ախպեր չկա, հեր չկա, որ ասենք օգնության ուժ, մի տեղից հույս ըլի, թեկուզ մի ճրագ մոմ ըլի՝ չկա», - բողոքում է նա:

Կառավարության ծրագրի ռազմավարական խնդիրներից մեկը աղքատության դեմ պայքարն ու միջին խավի ընդլայնումն է: Ծրագրով նախատեսվում է անապահովության գնահատման արմատական վերանայում և ընտանիքի յուրաքանչյուր աշխատունակ անդամի զբաղվածության ապահովում։ Կառավարությունը նախատեսում է գյուղական համայնքներում այնպիսի ծրագրեր իրականացնել, որոնք գյուղացիներին հավելյալ ֆինանսական միջոցներ կբերեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG