Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր ուժերին կոնսոլիդացնելու գործում Ծառուկյանն անփոխարինելի է․ Էնֆիաջյան


Եթե Գագիկ Ծառուկյանին երկու տարի առաջ արգելել էին ղեկավարել «Բարգավաճ Հայաստանը» և զբաղվել քաղաքականությամբ, ապա այսօր ավտորիտար ռեժիմն այդ արգելքը հանել է, այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Ազատության» հարցին, թե ինչո՞ւ որոշվեց հանել այդ արգելքը, ընդդիմադիր պատգամավորը շեշտեց՝ իշխանությունը փորձում է վերահսկողության տակ վերցնել ընդդիմադիր էլեկտորատը:

«Հասկանալի է, որ խնդիր կա վերահսկելու ընդդիմադիր ժողովրդի կարծիքը: Այս խնդիրն են նրանք հետապնդում: Խնդիր կա մեղմելու ատելությունը, խնդիր կա մեղմելու տնտեսական ճգնաժամը և դրա համար արդեն կարիք ունեն ներգրավելու լրացուցիչ ուժեր: Սրա մասին է խոսքը և ես այս տեսանկյունից եմ դիտարկում այս ամենը», - նշեց Փոստանջյանը:

Հայ հեղափոխական դաշնակցությունը չի բացառում, որ Գագիկ Ծառուկյանը կվերադառնա քաղաքականություն: Ավելին՝ ինչպես նշեց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը դա շատ հավանական է:

«Պարզ խոսքով ասած՝ իսկապես Հարվարդ պետք չէ ավարտել, որպեսզի հասկանալ, որ եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունը, միևնույնն է, զբաղվում է քեզնով: Մենք Գագիկ Ծառուկյանի հետ աշխատելու փորձ ունենք, մենք աշխատել ենք և որևէ խնդիր չենք տեսնում: Իր մոտեցումը, որ փոփոխություններ երկրում տեղի ունենան առանց արյան, դա արդեն ամենալավ դաշտն է, որ կարելի է համագործակցել ցանկացած՝ այդ տրամաբանությամբ առաջնորդվող քաղաքական ուժի հետ», - ասաց Ռուստամյանը:

Անդրադառնալով Ծառուկյանի՝ իշխանափոխության ձախողված փորձին, Դաշնակցություն խմբակցության ղեկավարն ընդգծեց՝ հիմնական պատճառը սխալ մարտավարությունն էր, եթե մի բան ասում ես՝ հետևանքների համար պետք է պատասխան տաս․ - «Եվ լավ է, որ, ասենք, կեսից Գագիկ Ծառուկյանի կամքը եղավ քաղաքական, որ տեսավ, որ ի վերջո սա բերելու է արյունահեղության և կանգնեց: Դրա համար մենք դա ողջունել ենք և այդ մոտեցումը գնահատել ենք»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ է իշխանությունը որոշել քաղաքականություն վերադարձնել Գագիկ Ծառուկյանին, ընդգծելով՝ չկայացած փաստերի վերաբերյալ մեկնաբանություններ չի տալիս:

Մինչդեռ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը չթաքցրեց՝ ինչպես և նախկինում, առաջիկայում էլ ընդդիմադիր ուժերին կոնսոլիդացնելու գործում Ծառուկյանն անփոխարինելի է:

«Առաջիկայում էլ ավելի մեծ կոնսոլիդացիա իրականացնել և միասնական ուժերով գնալ պայքարելու երկրում ստեղծված մի շարք խնդիրներ և իրավիճակը փոխելու նկատառումներով՝ ես գտնում եմ, որ Գագիկ Ծառուկյանի անձը, մեծ հաշվով, անփոխարինելի է», - հայտարարեց Էնֆիաջյանը:

ԲՀԿ խմբակցության քարտուղարը չբացառեց, որ Ծառուկյանն առաջիկայում ինքն էլ կղեկավարի «Բարգավաճ Հայաստանը», եթե վերադառնա մեծ քաղաքականություն: Էնֆիաջյանը շեշտեց՝ Ծառուկյանը քաղաքականությունից չէր էլ հեռացել, նա այսօր էլ Ազգային ժողովի պատգամավոր է: Նկատենք, սակայն, որ Ծառուկյանը շարունակում է բացակայել խորհրդարանական նիստերից, և հետևաբար լրագրողները հարց տվեցին՝ ինչպե՞ս եք գնահատում Ծառուկյանի պատգամավորական գործունեությունը: - «Շատ ընդհանրական հարց եք տալիս», - արձագանքեց Էնֆիաջյանը:

Հավելենք, որ իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր հերքեց լուրերը, թե Ծառուկյանն իր քաղաքականություն վերադառնալու հարցը քննարկել է իշխանության հետ:

«Որևէ հանդիպում, որևէ քննարկում, ոչ միայն հանրապետականների հետ, առավել ևս Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ չի եղել և դա զուտ լրատվական հետաքրքրություններ են», - նշեց նա:

Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն անցած տարի Ծառուկյանի մասին խոսելիս ասել էր, թե քաղաքականությունը բազկամարտ չէ, հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանը վերանայել է իր մոտեցումները, Բաղդասարյանն արձագանքեց․ - «Ո՞ւմ մոտ է փոխվել: Մեզ մոտ որևէ բան չի փոխվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG