Մատչելիության հղումներ

Փաստաբաններն աննախադեպ են համարում ՄԻԵԴ-ի վճիռը


Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Երևանի Բուզանդի փողոցի բնակիչների գործով վճիռ է կայացրել Հայաստանի Հանրապետության դեմ, որը փաստաբաններ Գևորգ Գյոզալյանն ու Երվանդ Վարոսյանն աննախադեպ են համարում։

«Ցավոք սրտի, երևի Եվրոպական դատարանն իր ամբողջ պատմության ընթացքում գնահատում է մի երկրի բարձրագույն դատական ատյանի բարձրաստիճան ներկայացուցչի, ղեկավարի վարքագիծը, կոնկրետ՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի վարքագիծը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Երվանդ Վարոսյանը:

«Ծանոթ լինելով իմ գործունեության ընթացքում ՄԻԵԴ-ի վճիռներին՝ ես մինչ օրս չէի հանդիպել նման վճռի, որտեղ որ ՄԻԵԴ-ը ընդգծված կարծիք կհայտնի կոնկրետ դատավորի վերաբերյալ», - հավելեց Գևորգ Գյոզալյանը:

Դիմումատուները՝ Յուրի Վարդանյանը, Արտաշես Վարդանյանն ու Շուշանիկ Նանուշյանն են, որոնք տարիներ առաջ ստիպված են եղել «գերակա հանրային շահ» ճանաչված տարածքն ազատել։

Նրանց հավաստմամբ, իրենց տան իրական արժեքը 276 մլն դրամ է, մինչդեռ ընտանիքին փոխհատուցել են ընդամենը 54 մլն դրամ։

ՄԻԵԴ-ի որոշման մեջ ասվում է, որ Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն օբյեկտիվ դիրքորոշում չի ցուցաբերել՝ այդպիսով խախտելով մարդու արդար դատաքննության իրավունքը։

Երվանդ Վարոսյանը կարծում է, որ այս որոշումից հետո Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը պետք է հեռանա զբաղեցրած պաշտոնից․ - «Եթե իշխանությունն ուզում է դատական համակարգում ռեալ փոփոխությունների հասնել, առանց կադրային փոփոխությունների դա անել անհնար է»:

ՄԻԵԴ-ի որոշումը միջանկյալ է․ այն հնարավորություն է տալիս կողմերին՝ Հայաստանի կառավարությանն ու դիմումատուներին համաձայնության գալ։ Համաձայնությունը չկայանալու դեպքում, Եվրոպական դատարանը կորոշի փոխհատուցման չափը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG