Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատները չեն կարծում, որ ոճրագործությունը կբացահայտվի այս իշխանության օրոք


1999 թվականի հոկտեմբերի 27-ին զոհված քաղաքական գործիչների հարազատները չեն կարծում, որ ոճրագործությունը կբացահայտվի այս իշխանությունների օրոք:

17 տարի առաջ Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանն ասաց, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը դրեց Հայաստանի ինքնիշխանության կորստի հիմքը։

«Բացահայտելու դեպքում կարող է պետության վրայից այդ խարանը վերանա, որովհետև սա խարան է, սա գլխատված պետության զինվորն է՝ հոկտեմբերի 27-ը։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը հիմք դրեց ինքնիշխանության կորստին, և չբացահայտելը փաստում է, թե իշխանությունը որքան շահագրգռված չէ բացահայտելու այս տեռորը, և ես այդտեղից իրավունք ունեմ եզրակացնելու, որ իշխանությանը ձեռնտու էր ու չբացահայտելն էլ նույնպես ձեռնտու է», - ասաց Բախշյանը։

«Ազատության» հարցին, թե կգա՞ մի օր, որ գործը կբացահայտվի, Յուրի Բախշյանի այրին պատասխանեց. - «Էս իշխանության օրոք չէ, չի բացահայտվի, որովհետև պարզ երևում է, որ ձեռնտու չէ այդ բացահայտելը: Երբևիցե կլինի՞, ճիշտն ասած, չգիտեմ»։

1999-ին Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը կարծում է, որ ոճրագործության կատարողներն անգամ դժվար իմանան, թե ովքեր են իրական պատվիրատուները:

«Չէ, ինձ թվում է չի բացահայտվի։ Ես միշտ ասել եմ, որ դա կարող է միայն պատահականորեն ստացվի, որովհետև այնպիսի ուժեր են այստեղ խառնված, նույնիսկ այդ սպանողները, կատարողները, նրանք էլ չգիտեն՝ որտեղից է գալիս, ինչից, ես դրանում համոզված եմ, նրանց օգտագործել են, որպես քիլերներ։ Ձեռնտու էր Հայաստանի թշնամիներին, հայ ժողովրդի թշնամիներին։ Ուղղակի այդ հանցագործությունը խափանեց մեր ամբողջ կյանքը՝ ոչ միայն մեր անձնականը, հասարակության հանգիստը, հավատը, նպատակասլացությունը, ամեն ինչը խաթարվեց», - ասաց Ռիմա Դեմիրճյանը։

Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ Արամ Սարգսյանը, պնդում է, որ Հայաստանը ապագա չունի՝ քանի դեռ հոկտեմբերի 27-ը բացահայտված չէ:

«Ուչաստկովին չգտնվեց, ի սկզբանե դրվեց ուչաստկովի վարկածն ու ամբողջ դատական պրոցեսը վերածվեց ֆարսի, և այս առումով իրավական պրոցես որպես այդպիսին, տեղի չի ունեցել, մեր պահանջը՝ իրավական պրոցեսով պարզելը հոկտեմբերի 27-ի գործի կազմակերպիչների մասով խնդիրը, որովհետև քանի այդ խնդիրը չի բացահայտվել, նախ դատական համակարգից խոսելը դառնում է անիմաստ, երկրորդ՝ դա չի բացառում նոր հոկտեմբերի 27-ի կրկնություն», - ասաց Արամ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ոճրագործությունից հետո անցնող ամեն տարին և ամեն օրը բացահայտման հնարավորությունները փոքրացնում են:

«Նույն իշխանական բազմաթիվ բարձր պաշտոնյաներ ասում են, որ դրա թիկունքում արտաքին քաղաքական հետք կա։ Արդյո՞ք այդ հետքի պատճառով է, որ մենք ասենք այսօր ՀԱՊԿ-ում ենք կամ Եվրազեսում ենք, կամ ստիպված ենք մի գիշերվա մեջ ասոցացման համաձայնագրից հրաժարվել։ Բազմաթիվ խնդիրներ կան, սրանք լուրջ խնդիրներ են։ Կամ իշխանությունները համարում են, որ իրենք անզոր են, իրենք չեն կարող այդ խնդիրները լուծել ու համակերպվում են, որ իրենց վրա են կասկածում, թող կասկածեն, ջհանդամը, կամ իշխանությունները իսկապես իրենք էլ մեղքի իրենց բաժինն ունեն ու հանրությունը ճիշտ է մտածում։ Պարզ անգործության մեղքի բաժինը միանշանակ ունեն», - ասաց Վազգեն Սարգսյանի եղբայրը։

Դիտարկմանը, թե հարցազրույցներից մեկում նշել է, որ Սերժ Սարգսյանը խոստացել է մի օր ասել, թե ով է կազմակերպել հոկտեմբերի 27-ը, Սարգսյանն այսպես արձագանքեց. - «Ինքը չի ասել, որ ինքը մի օր կասի, թե ով է կազմակերպել։ Բազմաթիվ անգամներ ասել եմ, ես ասացի՝ «դու էլ ես մտածո՞ւմ, որ այդ հինգն էին ու վերջ», ինքն ասաց՝ «ոչ, ես այդպես չեմ մտածում», սա է եղել իր պատասխանը։ Ես ել հարցրել եմ՝ «իսկ ինչպե՞ս ես մտածում», ասել է՝«պահը կգա, կասեմ»։ Սա է եղել իր պատասխանը, ինքը չի ասել, ավելին ինքը ոչինչ չի արել, որ հոկտեմբերի 27-ի անջատված մասով որևէ գործընթաց տեղի ունենա, ինքն արդեն 8 տարի է երկրի նախագահ է»։

Արամ Սարգսյանը հիշում է՝ Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի միավորումը, լեգիտիմ խորհրդարանական ընտրությունները հույս էին արթնացրել ժողովրդի մոտ, ոճրագործությունը, սակայն, այդ հույսը սպանեց:

«Այդ այնպիսի հույս էր բերել, Հայաստանին թռիչք էր ապահովելու, բայց կոտրեցին այդ թևերը։ Նոր հույս այդպես էլ չծնվեց, ու թեկուզ այդ նոր հույս չծնվելու մեղավորն էս գործող իշխանություններն են, որոնք իրենց ելույթներում ասում են՝ «օրորոցում պիտի խեղդենք, պիտի սպանենք այդ հույսը», - ասաց Արամ Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG