Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյանի կարծիքով, հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը դրսից էր կազմակերպված


Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը կարծում է, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը դրսից կազմակերպված էր։

Նկատենք, Սահակյանի այս հայտարարությունը ուշագրավ է նրանով, որ առայսօր իշխանության որևէ բարձրաստիճան ներկայացուցիչ 27-ի գործում դրսի հետքի մասին չի խոսել:

«Նրանք, ովքեր որ մասնակցեցին, նրանք բոլորը բռնված են, կալանավորված են։ Դա իմ պատկերացումն էլ է, որ ես մտածում եմ, որ ինչ-որ տեղից որոշակիորեն կարողացել են ինչ-որ բան կազմակերպել», - ասաց Սահակյանը։

Ճշտող հարցին, թե դրսի՞ց են կազմակերպել, Սահակյանը պատասխանեց. - «Բնականաբար, ես չեմ կարծում, որ հայերի միջից նման բան հնարավոր է անել»։

Հիշեցնենք, 17 տարի առաջ այս օրը, Ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը։

Խորհրդարանական այգում ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին այսօր ծաղիկներ դնելուց հետո Գալուստ Սահակյանը վերհիշեց՝ այն ժամանակ ինքը Ազգային ժողովի պատգամավոր էր։

«Նախ ասեմ՝ հետաքրքիրը նա էր, որ ամբողջ դահլիճը առաջին պահին մտածեց, որ ինչ-որ հումոր են անում։ Մի քանի րոպե հետո եղավ այն, ինչի մասին դուք գիտեք», - ասաց ԱԺ նախագահը։

Խորհրդարանում սպանված Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը նույնպես, անդրադառնալով հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը, չբացառեց դրսի ուժերի ներգրավվածությունը՝ ընդգծելով՝ ամեն ինչ արվեց գործը կոծկելու համար:

«Եթե նկատի ունեք, որ դրսի ուժերը ներգրավված են, հնարավոր է, չի բացառվում, բայց բոլոր դեպքերում այդ ոճրագործությունն արվել է ներսի ստահակների միջոցով», - ասաց Ստեփան Դեմիրճյանը՝ շարունակելով. - «Կարող ենք արձանագրել, որ ցանկություն չի եղել բացահայտելու, հակառակը՝ ամեն ինչ արվեց կոծկելու համար»։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը շեշտեց, որ եթե հոկտեմբերի 27-ի գործում կա դրսի հետք, ապա դա միևնույն է արվել է հայերի ձեռքով:

Զուրաբյանի համոզմամբ այն, որ ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, և ո՛չ էլ Սերժ Սարգսյանի օրոք հոկտեմբերի 27-ը չբացահայտվեց, նշանակում է, որ իշխանությունն ինչ-որ ձևով կապված է այդ ամենի հետ։

«Նախևառաջ պետք է գտնվեն այն մարդիկ, ովքեր լինելով Հայաստանից, լինելով Հայաստանի իշխանությունից, մի՞գուցե այդ գործում, այդ հանցագործության, այդ ոճրագործության մեջ ունեն իրենց մեղսակցությունը։ Նման հանցագործությունները պետք է բացահայտվեն առաջին հերթին այն բանի համար, որ դավադրություններ, դավաճանություններ մեր պետության դեմ չլինեն, և, բնականաբար, ցանկացած իշխանության առաջնային պարտավորությունն է հասնել դրան։ Բայց դա չարվեց ո՛չ երկրորդ նախագահի օրոք, ո՛չ էլ՝ երրորդ, և սա արդեն ինքնին ցույց է տալիս, որ չեն ուզում բացահայտել, ուրեմն ինչ-որ ձևերով կապված են», - ասաց Զուրաբյանը։

Ուշագրավ է, որ պատգամավոր Թևան Պողոսյանը համեմատություն անցկացրեց 17 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործության և այս տարի ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա տեղի ունեցած հարձակման միջև՝ նշելով, որ դրանք երկուսն էլ հարված էին մեր պետականությանը։

«Ազատություն». - Այսինքն նմանություններ կա՞ն այս երկու գործողություններում։

Պողոսյան. - Իսկ պարտադիր է, որ նմանություն լինի, որ դու ասես, որ այդ դեպքը... Խնդիրը նա է, որ մենք ունենք զոհ, հա՞, և՛ այն պարագայում են եղել հայ զոհեր, և՛ այս պարագայում են եղել զոհեր, և ահա որևէ մեկը չի եկել, այսպես ասած դրսից չի արել, մենք ինքներս մեզ ենք արել։ Ինչը նշանակում է՝ այն պատմության դասերը, որոնք, կամ ընթացքում լինում են, որ դրանից դաս քաղելու տեղը, մենք որևէ մի բան ոնց որ թե չենք ընկալում, չենք հասկանում, մեղավորները չեն պատժվում, անպատժելիությունն ավելի խորանում է, հոկտեմբերի 27-ից հետո եղել է մարտի 1-ը, նույն իրավիճակն է և ՊՊԾ գնդի, այնպես որ այս կոնտեքստի մեջ է խնդիրը դրած, որ ի՞նչ պետք է անեն, որ այլևս սրանք մնան պատմության մեջ այն դասերը, որոնցով ապագա սերունդը կդաստիարակվի, բայց թույլ չի տա նմանատիպ դեպքեր կրկնել։

«Ազատություն». - Ձեր արձանագրում այն է, որ 17 տարի անց էլ այսօր էլ ոչինչ չի փոխվել։

Պողոսյան. - Դե փաստորեն այդպես է դառնում, որովհետև որևէ մի դեպք բացահայտված չի, որևէ դասեր քաղած չեն։

«Ազատություն». - Հոկտեմբերի 27-ը Ձեզ համար բացահայտված է։

Պողոսյան. - Բնականաբար ոչ։ Ո՞նց կարող է բացահայտված լինի, երբ որ մենք չգիտենք մեղավորների անունները, երբ որ նույնիսկ ամբողջ գործն իր քրեական իմաստով ինչքան էլ փորձում են կոծկել, կամ որևէ բան անել, ինքը դեռ գոյություն ունի, քանի որ պատվիրատուներն այդպես էլ մնացել են անհայտ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG