Մատչելիության հղումներ

ԽԱՊԿ․ Լրագրողների նկատմամբ բռնություններն ու ճնշումները 2016-ին ավելացել են


Լրագրողների նկատմամբ բռնությունների և ճնշումներ կիրառելու դեպքերն 2016-ին ավելացել են։ Թեև այս տարվա առաջին եռամսյակում ֆիզիկական բռնության ոչ մի դեպք չի արձանագրվել, սակայն արդեն 3-րդ եռամսյակում 5 դեպք է գրանցվել, արդյունքում՝ 20 լրագրող տուժել է։ Տվյալներն այսօր հրապարակել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն։

Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը այդ թվի աճը պայմանավորում է երկրում հասարակական-քաղաքական լարված մթնոլորտով, ինչն էլ իր հերթին կապված է Սասնա ծռեր զինված խմբի հուլիսյան գործողությունների հետ։ - «Այդ ներքաղաքական մթնոլորտի լարմանը նպաստեցին նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները և մեր բազմամյա դիտարկումները ցույց են տալիս, որ հենց որ այդպիսի իրավիճակ է լինում և լարվում է հասարակական-քաղաքական մթնոլորտը, ավելանում են նաև ճնշումները լրատվամիջոցների վրա», - նշեց լրագրողական կազմակերպության ղեկավարը:

Մելիքյանի խոսքով՝ արձանագրված բռնությունների թիվը համադրելի է նախորդ տարի Երևանի Բաղրամյան պողոտայում՝ «Էլեկտրիկ Երևանի» ցույցերի ժամանակ լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների հետ։ Կոմիտեի համար խիստ մտահոգիչ է այն, որ ինչպես այդ դեպքերի, այնպես էլ այս տարվա հուլիսյան իրադարձությունների ընթացքում հարձակումները լրագրողների և օպերատորների վրա նպատակաուղղված բնույթ են կրել։

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը լրագրողների նկատմամբ բռնությունների ավելացումը պայմանավորում է նախընտրական շրջանով։ Նաև կարծում է, որ մինչև 2017 թվականի ապրիլը իրավիճակն էլ ավելի կսրվի։

«Երկրում ընդհանուր վիճակը սրվել է՝ և՛ տնտեսական, և՛ զուտ մամուլի համար աշխատանքային պայմանների առումով․ հիմա շատ ավելի վատ վիճակում ենք, քան մի քանի տարի առաջ էինք», - փաստում է խմբագիրը:

Հուլիսի 29-ին Սարի թաղում բախումներից տուժած «Ա1 պլյուս» հեռուստաընկերության լրագրող Ռոբերտ Անանյանը մինչ օրս որևէ նորություն չի ստացել իր բողոքի վերաբերյալ։ Ասում է՝ հերթական անգամ համոզվում են՝ լրագրողը ոչ միայն գործնականում է անպաշտպան, այլ նաև որևէ երաշխիք չկա, որ մեղավորը կպատժվի։

«Միակ նորությունը, երևի, այն է, որ իմ տաբատը, որը վնասվել էր՝ վրան արյան բազմաթիվ հետքեր կային, վերջերս, մոտ երկու շաբաթ առաջ, ներկայացվել է փորձաքննության և ես էլ ներկայացել եմ Փորձաքննությունների ազգային բյուրո՝ այնտեղ արյուն եմ հանձնել: Քննիչը ուզում էր պարզել, թե իմ տաբատի վրա արդյո՞ք իմ արյան հետքերն են, թե այլ մարդու», - պատմեց լրագրողը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG