Մատչելիության հղումներ

Փաստաբանը «քաղաքական» է համարում ՀՔԾ հայտարարությունը «Սասնա ծռերի» գործով


Սասնա ծռեր զինված խմբի անդամների կալանավորումից գրեթե 3 ամիս անց Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ պարզվել են ՊՊԾ գնդի տարածքի գրավման ընթացքում ոստիկանության երեք ծառայողների՝ Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի և Գագիկ Մկրտչյանի սպանությունների բոլոր հանգամանքները և բացահայտվել են սպանությունները կատարած անձինք:

Բացի այդ, ըստ ՀՔԾ-ի, «ճշտվել և անհատականացվել են ոստիկանության 10 աշխատակիցների և 7 քաղաքացիական անձանց պատանդ վերցնելու և պահելու գործում խմբի անդամներից յուրաքանչյուրի գործողությունները»:

Պավլիկ և Արամ Մանուկյանների պաշտպան Հարություն Բաղդասարյանի խոսքով՝ մեղադրանքի փոփոխության մասին փաստաբաններին ոչինչ հայտնի չէ։

«Ես գտնում եմ, որ Հատուկ քննչական ծառայությունը ոչ թե իրավական հայտարարություն է տարածել, այլ ավելի շատ քաղաքական: Եթե իրականում մեղադրանքի ծավալը փոխվելու խնդիր կար, նախաքննության մարմինը իմ գործընկերներին ներկայացրել է փորձաքննության եզրակացությունները: Ուրեմն, նախաքննության մարմինը կարող էր նաև մեղադրանքի փոփոխություններ ներկայացնել, եթե ինքը քաղաքական նպատակ չուներ», - ասում է նա: - «Եթե բացահայտված էին, մեզ կտեղեկացնեին, որ սպանությունները բացահայտված են և այսինչ-այսինչ մարդկանց մեղադրանք ենք ներկայացնում նաև այս գործողությունների առումով», - հավելում է փաստաբանը:

Բաղդասարյանի փոխանցմամբ՝ իր պաշտպանյալները հերքում են իրենց առաջադրված մեղադրանքը, որը վերաբերում է զենք կրելուն և շենք գրավելուն, բացի այդ ցուցմունքներ չեն տվել սպանության գործով։

«Ուսումնասիրել եմ փորձաքննության եզրակացությունը Տեփանոսյանի մասով: Ինձ մոտ կասկած առաջացավ՝ կա՛մ փորձաքննությունը ճիշտ չի նշված, կամ փորձաքննությամբ նշված հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես, եթե սա «Սասնա ծռերի» կողմից իրականացված գործողություն էր, պետք է գնդակի հետագիծը լիներ վերից վար», - նշում է նա:

Ըստ ՀՔԾ-ի հաղորդագրության՝ «Հետագա նախաքննությամբ պարզվել է, որ բացի արդեն նշված 31 զինյալներից, 2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գունդը զավթելուն մասնակցել են ևս երկու անձինք, ովքեր նույն օրն աննկատ լքել են գնդի տարածքը՝ այնտեղից դուրս բերելով նաև գնդի զինանոցից հափշտակված «Մակարով» տեսակի երկու ատրճանակ: - «Պարզվել են հիշյալ երկու զինյալների անձնական տվյալները, նրանք հայտնաբերվել ու ներգրավվել են որպես մեղադրյալ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG