Մատչելիության հղումներ

Զուրաբյան. Ժողովուրդն ԱԺ ընտրությունները պետք է ընկալի իշխանության հարցը Հայաստանում լուծող ընտրություն


Անցած շաբաթավերջին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Փոփոխություններով նախատեսվում է հրապարակել ընտրությանը մասնակցած անձանց անունները, ստեղծել բողոքարկման նոր ինստիտուտ։ Նախագծով առաջարկվում է նաև բոլոր 2 հազար ընտրատեղամասերում տեղադրել տեսախցիկներ, ուղիղ հեռարձակել քվեարկության ամբողջ գործընթացն ու հաշվարկը:

Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի համոզմամբ, «երբ ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները հրապարակվեն, դա կնշանակի, որ կես միլիոն մարդ հաշվարկից դուրս է գալիս»։

Զուրաբյան. - Հայաստանում ընդհանրապես դա կնշանակի հետևյալը՝ մենք Հայաստանում ունենք մոտավորապես 1 միլիոն 200 հազա ռեալ ընտրող, լավ, համարենք՝ 10-11 կուսակցություններ ակտիվորեն կմտնեն պայքարի մեջ, բոլորը կկարողանան մարդկանց բերել, սա կնշանակի, որ մենք, ընդհանուր առմամբ, Հայաստանում կունենանք մոտ 1 միլիոն մարդ քվեարկություն, ոչ թե 1 միլիոն 500 հազար, ինչպես դա եղել է անցյալ ընտրություններում։ Այս 1 միլիոնից իշխանությունը կկարողանա բերել, իր լավագույն երազներում, եթե հաշվենք ամբողջ ընտրակաշառքի պաշարն օգտագործելով՝ բանակի զինվորներին թելադրելով քվեարկությունը, ադմինիստրատիվ ռեսուրսը օգտագործելով՝ 350 հազար քվե։ Սա արդեն նշանակում է, որ կան նախադրյալներ իշխանափոխության համար, հատկապես եթե հաջողվի կատարել ամենակարևոր խնդիրը՝ եթե ժողովուրդն առաջին անգամ Ազգային ժողովի ընտրություններն ընկալի մոտավորապես այնպես, ոնց որ առաջ ընկալում էր նախագահական ընտրությունները, կամ ինչպես ընկալեց 2015 թվականի սահմանադրական հանրաքվեն։ Այսինքն՝ դա ընկալի որպես իշխանության հարցը Հայաստանում լուծող ընտրություն, որի հետևանքով իշխանությունը կարող է հեռանալ։

«Ազատություն». - Պարոն Զուրաբյան, Դուք բացառո՞ւմ եք, որ փողի միջոցով կարելի է ավելի մեծ թվեր ունենալ։ Դուք բացառո՞ւմ եք այդ տարբերակը։

Զուրաբյան. - Ես ասում եմ՝ սա մաքսիմալ հաշվարկն է, թող լինի 400 հազար, շատ մեծ փողեր դնեն։

«Ազատություն». - Դուք կարծում եք՝ իշխանությունը գնում է այսպես ռիսկային ընտրությունների՞՝ հաշվի առնելով նաև Ձեր այդ մատնանշած փաստերը։

Զուրաբյան. - Բա իշխանությունը, Ձեր կարծիքով, ինչի՞ համար է Սահմանադրության մեջ դրել մի դրույթ, որն արժանացավ Վենետիկի հանձնաժողովի շատ լուրջ քննադատությանը, այսինքն՝ որ կոալիցիա չի կարող կազմել երեքից ավելի կուսակցություն։ Այսպիսի բան դեմոկրատական որևէ երկրում չկա, կոալիցիան կարող են կազմել չորս կուսակցություններ, հինգ կուսակցություններ։

«Ազատություն». - Այսինքն, իշխանության հաշվարկն այն է, որ եթե անգամ 30-40 տոկոս հավաքի...

Զուրաբյան. - Իշխանության հաշվարկն այն է, որ իրենք 35 տոկոս եթե հավաքում են, իրենք միևնույն է պահպանում են իշխանությունը, որովհետև պետք է ինչ-որ առումով մաս կազմեն որևէ կոալիցիայի։

«Ազատություն». - Կան ուժեր, չէ՞, որոնց հետ Դուք բացառում եք համագործակցություն, որոնց հետ Դուք չեք էլ սկսելու բանակցություններ։

Զուրաբյան. - Դե բնականաբար կան, բայց ես անգամ էդ անունները չեմ ցանկանում տալ, ինչո՞ւ՝ որովհետև դա միանգամից մեզ դնում է անհանդուրժող մի կուսակցության կարգավիճակի մեջ, որն այդպես չի։ Իհարկե կան, կան շատ վարկաբեկված ուժեր, կան ուժեր, որ հակասություններն այնքան սկզբունքային են ու այնքան բաների հետ են կապված, որ դա հաղթահարելի չէ։ Թեև ես ասում եմ՝ այնուամենայնիվ մենք պետք է հասկանանք, որ խնդիր է դրված փրկել երկիրը, և եթե բավարար ճկունություն ցուցադրենք, մենք կկարողանանք դա անել։ Այո, պետք է ինչ-որ բաներ՝ հին քննադատություններ, իրարից նեղանալ, իրար վրա ցեխ շպրտելը մոռացվի ինչ-որ իմաստով։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG