Այսօր առավոտյան Թուրքիայի Անթալիա քաղաքի Առևտրաարդյունաբերական պալատին հարակից ավտակայանատեղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տասը քաղաքացի է վիրավորվել:
«Անադոլու» գործակալությունը, հղում կատարելով Անթալիայի նահանգապետարանի տարածած հայտարարությանը, հաղորդում է, որ պայթյունի պատճառն առայժմ հայտնի չէ: Իրավապահներն այժմ ուսումնասիրում են դեպքի հանգամանքները: Չի բացառվում նաև ահաբեկչության վարկածը:
Անթալիայի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Դավութ Չեթինը լրագրողներին հայտնել է, որ պայթյունից տուժածների թվում ծանր վիրավորներ չկան: Վնասվել են նաև 10-15 ավտոմեքենա, շրջակա շենքերից մի քանիսը:
Հաղորդվում է, որ դեպքի վայրը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Անթալիայի օդանավակայից:
Թուրքիայի ամենազբոսաշրջային այս նահանգում սա արդեն երրորդ դեպքն է վերջին ամիսների ընթացքում: Հոկտեմբերի 14-ին Անթալիա - Քեմեր ավտոճանապարհին ընկել էր երեք հրթիռ, տուժածներ չկային: Իսկ օգոստոսին Քեմերի ճանապարհին պայթեցվել էր ժանդարմերիայի միկրոավտոբուս, վիրավորվել էին երկու զինվորներ:
Թուրքիայում ահաբեկչության վտանգի մասին պարբերաբար ահազանգում են երկրում գործող օտարերկրյա դեսպանությունները: Ստամբուլում Միացյալ Նահանգների հյուպատոսությունը օրերս Թուրքիայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին հորդորել էր խուսափել մարդաշատ վայրերից և քաղաքի զբոսաշրջային կենտրոններից:
Թուրքական իրավապահները նախօրեին տեղեկություն էին հրապարակել հետախուզման մեջ գտնվող երեք ահաբեկիչների մասին: Լրատվամիջոցներով տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ Քուրդիստանի բանվորական կուսակցության անդամ հանդիսացող ահաբեկիչներից մեկը տղամարդ է, երկուսը՝ կանայք են, ընդ որում վերջիններիցս մեկն օտարերկրացի է: Ըստ մամուլի հրապարակումների, նրանք ահաբեկչական գործողություն իրականացնելու հանձնարարություն ունեն: