Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան կարգավորման միջնորդներն այսօր կժամանեն Հայաստան


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ընդունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, արխիվ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ընդունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, արխիվ

Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան կայցելեն։

Արտաքին գործերի նախարարությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ սպասվում է հանդիպում հանրապետության նախագահի ու արտգործնախարարի հետ։ Քննարկվող հարցերի մասին հայտնի կդառնա ավելի ուշ։

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեկնել էին Լեռնային Ղարաբաղ, իսկ մինչ այդ նրանք Ադրբեջանում էին:

Բաքվում շաբաթ օրը կայացած ասուլիսի ժամանակ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր. - «Ես անձամբ եմ զրուցել նախագահ Ալիևի հետ, նա հավաստիացրել է, որ հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և պատրաստ է հանդիպել Հայաստանի ղեկավարին»։

Ադրբեջանական և ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաքվում ասուլիսի ժամանակ Ուորլիքն ընդգծել էր, թե նախագահների հանդիպումների կարևոր թեմաներից մեկը «օկուպացված տարածքների ազատումն է»։ «Սակայն, բանակցություններին քննարկվում է կարգավորման ամբողջ փաթեթը, այլ ոչ թե առանձին տարրերը», - հավելել է նա և փոխանցել, որ մյուս կողմից Ղարաբաղի կարգավիճակի, ինչպես նաև փախստականների վերադարձի ու խաղաղապահ ուժերի տեղակայման հարցերն են։

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի կարծիքով՝ Ուորլիքի խոսքերը հավանաբար աղավաղել են։

Բաբայանի փոխանցմամբ, ղարաբաղյան հանդիպումը լավ է անցել, կառուցողական քննարկումներ են տեղի ունեցել, վերահաստատվել է պատրաստակամությունը՝ հետևել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին։

«Նախագահ [Բակո] Սահակյանը վերահաստատել է, որ մենք ողջունում ենք այդ պայմանավորվածությունները, ավելին՝ նշել է, որ այդ մեխանիզմների ներդրումն առաջնային նշանակություն ունի, դրանից հետո պետք է ակնկալել ինչ-որ դրական զարգացումներ, առանց դրանց իհարկե դժվար է լինելու ակնկալել արդյունավետ զարգացում, որովհետև սրանք ամենակարևոր և առաջնային թեմաներն են, խնդիրներն են, որոնք պետք է լուծվեն՝ սահմաններում կայունության և խաղաղության պահպանումը և այդ զինադադարի ռեժիմի խախտումների վերհանումը շատ կարևոր է», - ասաց Բաբայանը։

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը ևս կարևորում է խաղաղության պահպանումն ու ու վստահության մեխանիզմների հարցը։ Ըստ նրա, երևանյան հանդիպումից այսպիսի ակնկալիքներ պետք է ունենալ։

«Միակ ակնկալիքը, որը որ կարող է լինել, դա՝ արդյոք այս այցի և Ադրբեջանում տեղի ունեցած հանդիպումների արդյունքում հնարավորություն կլինի՞ այդպես կոչված շփման գծում վստահության մեխանիզմների ստեղծման և լարվածության նվազեցման մեխանիզմներ ստեղծելը։ Ես ինչքան որ հասկանում եմ՝ ադրբեջանական կողմը որևէ վստահություն այդ առումով չի ներշնչում, իր հայտարարությունները, և, բնականաբար, դժվար թե եթե այդ մակարդակով որևէ առաջխաղացում չկա, մենք կարանք սպասենք ինչ-որ քաղաքական պայմանավորվածությունների վրա դուրս գալու մասին․ եթե չկա առաջինը, չկա նաև երկրորդը», - ասաց Մինասյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG