Մատչելիության հղումներ

Գործարար․ Փոքր ձեռներեցներին խանգարում են արհեստական խոչընդոտները


Իրանից և Թուրքմենստանից դիզվառելիքի ներկրմամբ զբաղվող գործարար Արարատ Թումանյանի պնդմամբ՝ շուկայում արհեստական խոչընդոտների պատճառով փոքր ձեռներեցները չեն կարողանում աշխատել:

Խնդիրները, նրա խոսքով, առաջացել են այս տարվանից, երբ ներկրվող դիզվառելիքի մեկ լիտրում ծծմբաթթվի թույլատրելի չափը 50 միլիգրամից իջեցվել է մինչև 10 միլիգրամ:

«10 միլիգրամ ծծումբ պարունակող ապրանքը էկտոդիզելն ա, որը աշխարհի ամենամաքուր վառելիքն ա, պրեմիում բենզինից թանկ ա: Այսինքն, եթե էսօր ինչ-որ մեկը կարողանում ա իբրև բերի 10 [միլիգրամ] ծծումբ պարունակող ապրանք, բա ո՞նց ա կարողանում բենզինից էժան վաճառի: Դիտավորյալ սահմանել են 10 միլիգրամ, որպեսզի չբերվի: Իրանք էլ գիտեն, որ չես կարա դու տենց ապրանք բերես: Իրանք էլ չեն կարողանում․ ո՛չ «Ֆլեշն» ա կարողանում, ո՛չ CPS-ը․․․ Եթե Հայաստանի Հանրապետությունում կա ինչ-որ մեկը, մի լցակայան, որտեղ կա 100 միլիգրամից պակաս ծծումբ պարունակող վառելիք, էդ ապրանքը ես ամբողջ խմբաքանակը առնում եմ, կրկնակի էլ կվճարեմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Թումանյանը:

Հիմնականում Սյունիքում և Ղարաբաղում շուրջ 10 տարի դիզվառելիքի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող գործարարը վստահ է, որ ծծմբաթթվի թույլատրելի չափը փոփոխվել է իրենց մրցակցությունից դուրս թողնելու համար, քանի որ իր ընկերությունը դիզվառելիքը վաճառում է շուկայականից էժան գնով․ - «Իրանք հասկացել են, որ մենք կարողանում ենք դիզվառելիքով լուրջ մրցակցություն ստեղծենք․․․ Անգամ մեր փոքր ծավալները իրանց մեծ լոկոմոտիվին, իրանց մեծ աչքերով, խանգարում ա: Խի՞ ենք մենք էսօր խցան դառել սաղի կոկորդում Մեղրիի պազիցիայով ներմուծելուց: Որովհետև միշտ մենք կարացել ենք քչով բավարարվել՝ 10 դրամ լիտրի մեջ միշտ էժան ենք տվել»:

«Արագգ» ընկերության տնօրենը տեղեկացրեց, որ վերջին անգամ ամռանն է փորձել ներկրել շուրջ 100 տոննա դիզվառելիք, սակայն ծծմբաթթվի քանակության պատճառով ստիպված է եղել հետ ուղարկել խմբաքանակը:

Գործարարն արդեն դիմել է վարչապետին, սակայն դեռ պատասխան չունի:

Նախօրեին նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարեց, որ ցանկացած անձ կարող է ներկրել ինչ ցանկանա, խնդիրների դեպքում էլ կոչ էր անում զանգահարել իրեն:

Կառավարությունից «Ազատությանը» պատասխանեցին, որ դիզվառելիքի ներկրման վերաբերյալ գործարարի բարձրացրած հարցը ներկայացվել է վարչապետին և այժմ ուսումնասիրվում է:

Ներկրվող ապրանքների չափանիշները սահմանում է Ստանդարտների ազգային ինստիտուտը, որը գործում է Տնտեսական զարգացման և ներդրումների ենթակայության ներքո, որտեղից ևս «Ազատությանը» փոխանցեցին, որ խնդրին տեղյակ են՝ հավելելով, որ առաջիկայում նախատեսում են բարեփոխումներ իրականացնել ապրանքներին ներկայացվող որակական պահանջներում:

«Հարցը, անշուշտ, և՛ նախարար Սուրեն Կարայանի, և՛ ոլորտը համակարգող փոխնախարարի ուշադրության կենտրոնում է», - վստահեցրեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի քարտուղար Մարինե Կարապետյանը:

Դեռ տարեսկզբին իրանցի գործարար Արիշա Մոնջեզին «Ազատության» հետ զրույցում պնդել էր, որ ինքը պատրաստ է շուկայականից շատ ավելի մատչելի գնով բենզին ներկրել, բայց գնորդ չի կարողանում գտնել: Իսկ մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունները նրան խորհուրդ են տվել չխառնվել այս բիզնեսին։

Հայաստանում հաստատված գործարարն այսօր «Ազատությանն» ասաց, որ նորանշանակ վարչապետի կոչից հետո վեց ամիս կսպասի, և շուկա կմտնի միայն փոփոխություն նկատելու դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG