Մատչելիության հղումներ

Իոաննիսյան. Քաղհասարակությունը ոգևորված չէ ԸՕ փոփոխություններով


«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանի խոսքով, 2016 թվականի Ընտրական օրենսգիրքն ավելի վատն է, քան 2011 թվականի օրենսգիրքը։

Անցած շաբաթավերջին, հիշեցնենք, Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Փոփոխություններով նախատեսվում է հրապարակել ընտրությանը մասնակցած անձանց անունները, ստեղծել բողոքարկման նոր ինստիտուտ, ինչպես նաև առաջարկվում է բոլոր 2 հազար ընտրատեղամասերում տեղադրել տեսախցիկներ, ուղիղ հեռարձակել քվեարկության ամբողջ գործընթացն ու հաշվարկը:

«Հասարակական կազմակերպությունները, կամ այս ոլորտում ակտիվ դաշտը չի ասի, որ ցուցակների հրապարակումը վատ է, կամ որ դեմ ենք տեղամասերում տեսախցիկներին, բայց մենք շատ ուժեղ ոգևորված չենք այս փոփոխություններով, որովհետև Ընտրական օրենսգրքին պետք է նայել իր ամբողջականության մեջ, և ամբողջականությամբ վերցված 2016 թվականի Ընտրական օրենսգիրքը, թեկուզ այս փոփոխություններով հանդերձ, մեր ընկալմամբ, ավելի վատն է, քան նախորդը՝ 2011 թվականինը։ Մենք այդ կարծիքին ենք, որովհետև ընտրակարգերն են բավականին խնդրահարույց, ժողովրդավարական ընտրակարգեր չեն, օրինակ՝ այն, ինչ որ մենք տեսանք Գյումրիում և Վանաձորում, երբ մարդկանց մեծամասնությունը չունեցող թեկնածուն հաղթում է, և դա կարող է կրկնվել շատ ավելի վատ արտահայտմամբ: Եվ եթե Գյումրիում բոնուսների հարցն էր, իսկ Վանաձորում՝ ինչ-որ քաղաքական ինտրիգաների, ապա պառլամենտական ընտրությունների ժամանակ Ընտրական օրենսդրությունն այնպիսին է, որ համ բոնուսային համակարգ է լինելու, համ շատ հիասքանչ հնարավորություն է բացված քաղաքական առևտրի համար մեծ կուսակցությունների պարագայում», - «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Իոաննիսյանը։

Փոքր կուսակցությունների համար, ինչպես ՀԿ ղեկավարն ասաց, քաղաքական դաշինքի ստեղծումն ավելի դժվար է լինելու։ «Որովհետև կա կոալիցիաների սահմանափակում, որը նաև Վենետիկի հանձնաժողովն էր խնդրահարույց համարել, որովհետև կան բոնուսային համակարգեր, և ամենակարևորը՝ ռեյտինգային, տարածքային ցուցակներն են, որոնց պատճառով հնարավոր է, որ հայաստանցիների մի որոշ տոկոս պառլամենտական ընտրություններին վերաբերվի այն լրջությամբ, ինչպես որ վերաբերվում էին, ենթադրենք, նախկինում մեծամասնական ընտրակարգով ընտրություններին, և ոչ այնպես, ինչպես վերաբերվում էին նախագահական ընտրություններին, որովհետև նախագահական ընտրությունների նկատմամբ միշտ հանրության վերաբերմունքը լուրջ է եղել, մարդիկ ընկալել են, որ սրանք պետության ապագան որոշող ընտրություններ են, և այս տարածքային ցուցակները վստահաբար մարդիկ կսկսեն ընտրություններն ընկալել որպես տարածքի լավ տղաների մրցապայքար», - նշեց Իոաննիսյանը՝ հավելելով, որ զուտ քաղհասարակության համար ամենախնդրահարույց դրույթները նրանք են, որոնք սահմանափակում են ընտրությունների հանրային վերահսկողությունը, տեղամասերում դիտորդների և լրագրողների ներկայությունը, ներդնում են տեղամասից դիտորդներին, լրագրողներին, վստահված անձանց «դուրս վռնդելու» ինստիտուտ և այլն։

«Այս ամենով հանդերձ՝ մենք չենք կարող ոգևորված լինել 2016 թվականի Ընտրական օրենսգրքով», - ասաց ՀԿ նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG