Վանաձորի Վահան Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում ավելի քան 27 տարի տնօրենի պաշտոնը զբաղեցնող Հանրապետական կուսակցության անդամ Լյովա Բարոյանի համար անհասկանալի է, թե ինչու է Կրթության և գիտության նախարարությունը իր փոխարեն տնօրենի պաշտոնակատար նշանակել ՀՅԴ անդամ Ռուդիկ Վարդանյանին:
«Ազատության» հետ զրույցում Բարոյանը պնդեց, թե նախարարի որոշումը քաղաքական բնույթ է կրում․ - «Առջևում ընտրություններ են պառլամենտական: Մտածում են, որ Բարոյանն էր տնօրեն, դաշնակները քիչ ձայն էին հավաքել, հիմա կլինի իրենց ներկայացուցիչը՝ ձայները կշատանան: Այսինքն՝ ձայնն ա հետաքրքիր, ո՛չ կրթությունը»:
Դիտարկմանը, թե դպրոցի տնօրենը պետք է որ կապ չունենա ընտրություննների հետ, նա արձագաքնեց․ - «Ապրե՚ք: Մեր օրենքում ամրագրված է՝ դպրոցը ապաքաղաքականացված կառույց է: Բայց միայն ամրագրված է, իսկ իրականում ճիշտ հակառակն է՝ ամենաքաղաքականացված կառույցն է»:
Կրթության ազգային ինստիտուտի գլխավոր մասնագետ, Դաշնակցության անդամ Ռուդիկ Վարդանյանը հերքեց, թե իրեն դպրոցի տնօրենի պաշտոնակատար նշանակելու որոշումը կուսակցական բնույթ ունի․ - «Չեմ կարծում, որ այստեղ կարելի է շոշափել կուսակցական լինելու հանգամանքը։ Ես հպարտանում եմ, որ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ եմ, և իմ գործությունեությունը չի պայմանավորված զուտ կուսակցական առանձնահատկությամբ: Կրթության ոլորտում ես պրոֆեսիոնալ եմ, կրթության ոլորտի փորձագետներից մեկն եմ ամբողջ հանրապետությունում: Այնպես չի, որ այս դպրոց պատահական մարդ է եկել և փորձում է արժանավորին մի կողմ դնի»:
Դպրոցի աշխատակազմը, մինչդեռ, այս փոփոխության պատշաճ հիմնավորում ստանալու ակնկալիքով նամակ է հղել նախարարին:
«Ազատության» հետ զրույցներում ուսուցիչները պնդում էին, թե նման որոշումը վնասում է ինչպես իրենց, այնպես էլ աշակերտներին:
«Ցանկացած նոր մարդ որ գալիս է, աշխատանքները հետ են ընկնում ինչ-որ ժամանակով: Իսկ մենք կանգնած ենք քննությունների շեմին», - ասաց նրանցից մեկը:
«Մենք պիտի հոգեբանորեն հանգիստ վիճակում լինենք, որ կարողանանք այդ բոլոր քննությունները ի օգուտ աշակերտի անցկացնենք», - հավելեց նրա գործընկերը:
Նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արա Էդոյանը Ռուդիկ Վարդանյանին ներկայացնելուց հետո, ըստ էության չպատասխանեց ուսուցիչների կողմից բարձրացված միակ հարցին՝ թե ինչ հիմնավորմամբ է նախարարությունը նման որոշում կայացրել:
Էդոյանն ընդամենը ասաց, թե դա «նախարարի որոշումն է», «շուրջ երեսուն դպրոցներում փոփոխություններ են արվում»:
Ուսուցիչներն ասացին, թե ձեռնարկելու են այլ միջոցներ՝ ընդհուպ մինչև վարչապետ Կարեն Կարապետյանին դիմելը: