Մատչելիության հղումներ

Թրամփը կարող է չընդունել նոյեմբերի 8-ի ընտրությունների արդյունքները


Այդ հնարավորությունը Թրամփը չբացառեց Լաս Վեգասում չորեքշաբթի երեկոյան կայացած հերթական` թվով երրորդ և վերջին հեռուստաբանավեճի ժամանակ` պատասխանելով Fox News ալիքի լրագրող Քրիս Ուոլեսի ուղղակի ձևակերպված  հարցին:

«Ժամանակը ցույց կտա: Առաջատար լրատվամիջոցները շատ թշնամաբար են տրամադրված իմ հանդեպ և անամոթաբար հակաքարոզչական արշավ են անցկանցում` վարկաբեկիչ տեղեկություններ տարածելով իմ մասին: Լրատվամիջոցները փորձում են թունավորել մարդկանց գիտակցությունը», - հայտարարեց Թրամփը:

«Արդյո՞ք դա նշանակում է, որ Դուք կարող եք և չճանաչել ընտրությունների արդյունքները», - ճշտող հարց հնչեցրեց հաղորդավարը` կրկին Թրամփից անորոշ պատասխան ստանալով․ - «Պահը կգա, և ես կպատասխանեմ: Ես առայժմ այս հարցն առկախված եմ պահում»:

Թրամփի մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը անմիջապես օգտվեց այս առիթից` կոշտ քննադատություն հնչեցնելով իր մրցակցի հասցեին․ - «Եկեք հստակորեն արձանագրենք, թե ինչ է ասում նա, և ինչ է դա նշանակում: Թրամփը նսեմացնում է մեր ժողովրդավարությունը, և ես պարզապես ցնցված եմ, որ ամերիկյան երկու առաջատար քաղաքական ուժերից մեկի կողմից նախագահի պաշտոնում առաջադրված մարդը կարող է նման դիրքորոշում որդեգրել»:

Անցած գիշեր Լաս Վեգասում տեղի ունեցած դեբատների մյուս կարևորագույն թեման, որին անդրադարձան նախագահության թեկնածուները, Ռուսաստանի հետ հարաբերություններն էին:

«Վիկիլիքսի պարագայում ամենակարևորը թերևս այն է, որ Ռուսաստանի կառավարությունը ներգրավված էր ամերիկացիների դեմ իրականացվող լրտեսական գործողություններում: Դա իրականացվում էր Ռուսաստանի իշխանության ամենավերին օղակների, անձամբ Պուտինի հրահանգով: Անվտանգության ասպարեզում գործող 17 պետական գործակալություններ հաստատեցին, որ Ռուսաստանը փորձում է միջամտել մեր ընտրություններին: Հարցը հետևյալն է` արդյո՞ք Թրամփը կըդնունի դա, կդատապարտի ռուսների գործողությունները և չի օգտվի Պուտինի տրամադրած օժանդակությունից», - նշեց Քլինթոնը:

Բնական է, որ իր ռուսամետության մասին պնդումները Թրամփը անպատասխան թողնել չէր կարող:

«Ես Պուտինին չեմ ճանաչում: Նա պարզապես դրական է արտահայտվել իմ մասին: Եթե մենք կարողանանք ընդհանուր լեզու գտնել՝ լավ կլինի: Եթե Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները կարողանան «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցում ընդհանուր հայտարարի գալ` նույնպես լավ կլինի», - հայտարարեց Թրամփը` Բարաք Օբամային և Հիլարի Քլինթոնին մեղադրելով «1800 միջուկային մարտագլխիկով հթրիռ ունեցող Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու մեջ»:

Հեռուստաբանավեճի մասնակիցները չշրջանցեցին նաև նախագահական այս ընտրարշավի թերևս ամենասկանդալային թեման` մի շարք կանանց կողմից Թրամփի հասցեին հնչեցված մեղադրանքները: Դրանց համաձայն, տարիներ առաջ Դոնալդ Թրամփը սեռական ոտնձգությունների էր դիմել այդ կանանց հանդեպ:

Հանրապետական թեկնածուի համոզմամբ, սակայն, աղմկալի սեքսուալ սկանդալի հեղինակներին հարկավոր է որոնել իր մրցակցի նախընտրական շտաբում․ - «Այդ բոլոր պատմությունները ամբողջությամբ կեղծ են: Ես նույնիսկ իմ կնոջից այս առթիվ ներողություն չեմ խնդրել, քանի որ ոչինչ չեմ արել: Այդ կանանցից որևէ մեկին ես չեմ ճանաչում, երբևիցե չեմ էլ տեսել: Նրանք կա՛մ [էժանագին] փառքի հետևից են ընկել, կա՛մ էլ նրանց այդ քայլին է դրդել Քլինթոնի նախընտրական շտաբը: Ես հակված եմ երկրորղ տարբերակին»:

Ամերիկյան լրատվամիջոցները դեբատների ավարտից արդեն մի քանի ժամ անց սկսեցին վերլուծել Թրամփ - Քլինթոն վերջին մենամարտը` փորձելով հասկանալ, թե ով հաղթեց այս անգամ:

«Սա Թրամփի լավագույն հեռուստաբանվեճն էր, բայց միևնույն է հաղթեց Հիլարի Քլինթոնը», - գրում է Los Angeles Times-ը:

Իսկ CNN հեռուստաընկերության պատվերով անցկացված հետազոտության համաձայն, նախագահության թեկնածուների բանավեճին հետևած ամերիկացի հեռուստադիտողների 52 տոկոսը համոզված է, որ հաղթել է Հիլարի Քլինթոնը: Հարցվածների 39 տոկոսը նախատվությունը տվել է Դոնալդ Թրամփին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG