Մատչելիության հղումներ

Ամերիկացի գործարար․ Կոչեր հնչեցնելը գործարարներին գրավելու համար բավարար չէ


Ներդրողները կգան Հայաստան, եթե այստեղ հարկային պայմանները գրավիչ լինեն, իսկ քանի դեռ այդպես չէ նրանք կգնան Լեհաստան, կամ մերձբալթյան երկրներ, ասում է ԱՄՆ-ից 4 տարի առաջ Հայաստան տեղափոխված գործարար Դեյվիդ Բեքեթը։

«Հայաստանում ներդրումային միջավայրը լավը չէ, եթե բարձրացնում ես եկամտահարկը, թանկացնում ես աշխատուժը, աշխատողների գրպանից լրացուցիչ գումար ես հանում, վերացնում ես ՏՏ ոլորտի հարկային արտոնությունները, սա մեծ խնդիր է», - ասում է գործարարը:

Ինքը՝ Դեյվիդ Բեքեթը Հայաստան է տեղափոխվել անձնական պատճառներով և փոքրիկ սրճարան հիմնել։ Նա անցյալ շաբաթ ուշադրությամբ հետևել է Նյու Յորքում միջազգային ներդրողների առջև Հայաստանի նախագահի ելույթին, երբ Սարգսյանը կոչ էր անում արտասահմանցիներին Հայաստանում ներդրում անել: Ամերիկացի գործարարի խոսքով՝ կոչեր հնչեցնելը գործարարներին գրավելու համար բավարար չէ:

«Չես կարող պարզապես գնալ և ասել գործարարին՝ այստեղ ամեն ինչ հիանալի է, իսկ երբ նրանք փորձեն բիզնես պլան կազմել, կպարզվի, որ՝ ամենևին, այստեղ ամեն ինչ հիանալի չէ, հարկային միջավայրը բարենպաստ չէ մի մեծ գործարան կառուցելու և արտադրանք տալու համար։ ՏՏ ոլորտը արտոնություններ ուներ, կառավարությունը հրաշալի քայլ էր արել՝ նրանց եկամտահարկը կրճատելով, բայց 2018-ից, ըստ նոր օրենքի, այդ արտոնությունը կվերանա։ Սա հետքայլ է, մի բան որ աշխատում էր, հիմա կչեղարկեն», - դժգոհում է նա:

«Գրին բին» սրճարանի համահիմնադիր Բեքեթը Հայաստանում աշխատելու 4 տարիների ընթացքում մի շարք խնդիրներ է ունեցել, որոնց մասին բարձրաձայնել է: Հարցերը հիմնականում լուծվել են, այնուամենայնիվ, ըստ նրա, չլուծված է մնում ոչ մի այն բարձր եկամտահարկի, այլև օրենքների հաճախակի փոփոխման խնդիրը, երբ հայտնվում ես անկանխատեսելի բիզնես միջավայրում։

«Գրեթե ամեն տարի հարկային փոփոխություններ են տեղի ունենում։ Նոր հարկային օրենսգրքի փոփոխություններն էլ քիչ չեն, օրինակ նաև կիջեցնի շրջանառության հարկի շեմը», - ասում է նա:

Բեքեթի կարծիքով Հայաստանի իշխանությունները ժամանակ առ ժամանակ բյուջեն լցնելու խնդիր են ունենում, հետևաբար հարկերը իջնելու փոխարեն բարձրանում են։ Ըստ ամերիկացի գործարարի՝ հարկային մեծ մուտքեր հնարավոր կլիներ ապահովել գույքահարկը բարձրացնելով, հատկապես որ Հայաստանում ունեցվածքի մեծ մասը կենտրոնացած է բնակչության փոքր հատվածի ձեռքում։

«Իհարկե կառավարության անդամներն ատում են այս առաջարկը, որովհետև իրենք էլ մեծ ունեցվածքի սեփականատեր են։ Այստեղ էլ այլ խնդիր է առաջանում. պետք է այնպես անել, որ կառավարության աշխատակիցները բիզնես ոլորտում չլինեն, եթե նրանք դուրս գան բիզնեսից ու չվայելեն հովանավորչություն, շուկան կազատականացվի մյուսների համար», - ասում է նա:

Հայաստանի տնտեսական ու քաղաքական զարգացումներին ուշի-ուշով հետևող Բեքեթը մեծ հույսեր չի կապում ԱՄՆ-ում անցկացված ներդրումային ֆորումի հետ։ Թեև, ըստ նրա, Հայաստանի բիզնես ներուժը շատ մեծ է, այնուամենայնիվ անհրաժեշտ բարեփոխումներն այդպես էլ տեղի չեն ունենում՝ սկսած սահմաններում մաքսային կարգուկանոնից։ Պատմում է, որ Հայաստանում բիզնես սկսելու մասին խոսել է ԱՄՆ-ում բնակվող շատ ընկերների հետ․ որևէ մեկին իր առաջարկը չի գրավել: - «Պետությունը պետք է ասի՝ լսեք, եկեք ներդրում արեք, ձեզ 5 տարի կազատենք հարկերից, կաշխատեք ցածր եկամտահարկով, փոխարենը կպակասի գործազրկությունը, կառաջանան հարկեր արտադրանքից։ Եվ դա էլ կլինի բանալին, որ օտար ներդրողներին կստիպի ընտրել Հայաստանը մեկ այլ երկրի փոխարեն»․ - ասում է ամերիկացի գործարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG