Վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդի և գործադիր մարմնի անդամներին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի նախնական տարբերակը, երեկ իշխող կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Ծրագրի նախնական տարբերակում հստակ կան առաջնահերթություններ։ Առաջնահերթություններից առաջինը նա է, որ այսօր մեր հանրային կյանքի բոլոր ոլորտները կարիք ունեն համակարգային բարեփոխումների», - ասաց Շարմազանովը։
Ինչպես և նախկինում, այս ծրագրում ևս, ինչպես Շարմազանովն ասաց, շատ լուրջ տեղ է հատկացվել Հայաստանի ներքին և արտաքին անվտանգությանը։
«Անվտանգության համակարգի ոլորտում հիմնական թեզերը վերցված են նախագահի ծրագրային ելույթներից և այն փիլիսոփայությունից, որի մասին խոսել է հանրապետության նախագահը, ինչպես նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ կառավարության հարցուպատասխանի ժամանակ։ Այստեղ՝ անվտանգության համակարգի ամրապնդում, արդիականացում, մարտահրավերների դիմակայում», - ասաց Հանրապետական կուսակցության խոսնակը՝ շարունակելով. - «Արտաքին քաղաքականության վերաբերյալ պետք է նշեմ, որ մենք շարունակելու ենք մեր գործընկերների հետ հարաբերությունների զարգացումը: Բնականաբար, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում Հայաստանի Հանրապետության կառավարության և, բնականաբար, իշխող քաղաքական ուժի կարծիքը մնում է հստակ՝ մենք պետք է քայլեր ձեռնարկենք՝ բանակցությունների միջոցով, Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով հասնենք խնդրի արդարացի կարգավորմանը, և մեր նպատակն է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը»։
Քանի որ, իրավական առումով, այս կառավարությունը պետք է գործի մինչև ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունները, Շարմազանովը նշեց, որ ամեն ինչ շատ կոնկրետ է գրված, և սա դե յուրե կառավարության 6-ամսյա ծրագիր է։ «Հակառակ դեպքում դուք կարող է մեզ մեղադրեք, որ «դուք երկարաժամկետ ծրագրեր եք գրել, ի՞նչ իմանաք՝ ո՞վ է հաջողության հասնելու պառլամենտական ընտրություններում»։ Բայց, այնուամենայնիվ, այստեղ հաջողության հասնելու դեպքում ապագա ռազմավարության մասին խոսք կա, տնտեսության հիմնախնդիրներն են մեզ համար շատ կարևոր. պետք է քայլեր ձեռնարկենք, և կառավարությունը, իշխող կուսակցությունն անելու են ամենը, որպեսզի ներդրումային ավելի առողջ միջավայր ձևավորվի, օգտվել, օգտագործել հայազգի և սփյուռքահայության ամբողջ մտավոր և ֆինանսական ներուժը այս ներդրումային միջավայրի իրականացման և բարելավելու համար», - ասաց Շարմազանովը։
Նրա խոսքով, ծրագրով կարևորվել են նաև սոցիալական հիմնախնդիրները։ «Ուզում եմ հատուկ նշել կրթության որակի բարձրացման մասին։ Կրթությունը մեզ համար ամենաառանցքային խնդիրներից մեկն է, և պետք է նշեմ, որ այս կառավարության ծրագրում առանձնակի լուրջ ուշադրություն պետք է դարձվի մարզային և գյուղական դպրոցներին», - ասաց Շարմազանովը։
ՀՀԿ խոսնակի փոխանցմամբ, կոռուպցիայի դեմ պայքարը ևս նախանշված է կառավարության ծրագրում։ «Բնականաբար, կառավարությունը կառաջարկի նաև քաղաքական մեծամասնության հետ միասին իրականացնել նաև օրենսդրական բարեփոխումներ, եթե դրա անհրաժեշտությունը կա, կոռուպցիայի դեմ ավելի արդյունավետ պայքարի համար, և հոկտեմբերի 23-ը վերջին ժամկետն է՝ ես կարծում եմ, որ մինչև ուրբաթ երեկոյան մենք կավարտենք և կքվեարկենք կառավարության ծրագիրը», - ասաց Շարմազանովը։