Երևանում այսօր ընթացող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովի ֆոնին հայաստանյան վերլուծաբանները թերահավատ են, որ Ռուսաստանի նախաձեռնած ռազմական կառույցը կարող է ապահովել Հայաստանի անվտանգությունը, և որպես օրինակ նշում են քառօրյա պատերազմի ժամանակ կազմակերպության փաստացի լռությունը:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ ռազմական դաշինքի գոյության շուրջ քառորդ դարի ընթացքում չի եղել մի դեպք, որ ՀԱՊԿ-ն արձագանքի իր որևէ անդամի նկատմամբ տեղի ունեցած ագրեսիային:
«Երբ այդ պայմանագրերը վավերացվում էին, և Հայաստանի իշխանություններին հարց էր ուղղվում, թե որն է այս համաձայնագրերի նպատակը, և արդյո՞ք կա երաշխիք, որ մեր անհրաժեշտ պահին և անհրաժեշտության դեպքում այս մեխանիզմները օգտագործվելու են, մեզ տրվում էին, պատկերացրեց, դրական պատասխաններ: Ասում էին՝ այո, իհարկե: Եթե պետք լինի՝ Ղարաբաղը նույնպես: Բայց մենք տեսանք ապրիլյան պատերազմի ժամանակ, նաև դրանից առաջ, որ այդ արագ արձագանքման ուժերը բացարձակապես որևէ կերպ կապ չունեն Հայաստանի անվտանգությանը սպառնացող վտանգների հետ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սաֆարյանը:
Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի ներկայացմամբ՝ անգամ մինչև ապրիլյան պատերազմը Հայաստանում թերահավատ էին, որ ՀԱՊԿ-ը կարող է գործուն աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի հետ ռազմական գործողությունների ժամանակ․ - «ՀԱՊԿ-ը ունի իմաստ միայն գլխավորապես այն տեսանկյունից, որ հանդիսանում է ածանցյալ հայ-ռուսական ռազմավարական և ռազմատեխնիկական համագործակցության: Կարծում եմ, ոչ ոք չի սպասում և ակնկալիքներ չունի, որ եթե ինչ-որ իրադարձություններ տեղի ունենան Արցախի, և ոչ միայն Արցախի, այլ նույնիսկ Հայաստանի Հանրապետության տարածքի առումով, սպասել, որ, ասենք, Ղազախստանի կամ Տաջիկստանի ներկայացուցիչները կաջակցեն Հայաստանի կամ Արցախի անվտանգության հարցերում, իմաստ չունի»:
Հայաստանը ՀԱՊԿ հիմնադիր անդամներից է և Ռուսաստանի նախաձեռնած ռազմական կառույցում է 1992 թվականից, բայց անգամ մինչև ապրիլյան պատերազմը պաշտոնական Երևանը ամենաբարձր մակարդակով չէր թաքցնում իր դժգոհությունը, որ դաշնակից համարվող երկրները լռությամբ են արձագանքում Հայաստանի դեմ Ադրբեջանի գործողություններին:
«Ես կարծում եմ, այն մեծ ապտակ էր բոլորին, ովքեր հույսը դրել էին, որ Ռուսաստանը ամեն ինչ կանի, որպեսզի Ադրբեջանը չդիմի ռազմական արկածախնդրության, ովքեր մտածում էին, որ Ռուսաստանը հավասարակշիռ դիրքորոշում ունի ղարաբաղյան հակամարտության հարցում, և ովքեր մտածում էին, որ հայ-ռուսական հարաբերությունները ուղղակի կատարյալին մոտ են դարձրել Հայաստանի և Արցախի անվտանգությունը: Իրականում Հայաստանի իշխանությունները տեսան, որ բոլոր այս թեզերը, որոնցով կերակրել է ինքը տարիներ շարունակ հասարակությանը, կեղծ են», - ասաց Ստյոպա Սաֆարյանը:
ՀԱՊԿ անդամ երկրների գագաթնաժողովին ընդառաջ՝ այսօր առավոտյան Հայաստանի արտգործնախարրության շենքում կայացավ կազմակերպության անդամ-երկրների արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստը, որի ժամանակ անդրադարձ է եղել ղարաբաղյան ու սիրիական հիմնախնդիրներին, ինչպես նաև Աֆղանստանում առկա իրավիճակին:
Ըստ Հայաստանի արտգործնախարարության, նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է «այս ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ընդգծելով, որ մինչ օրս Բաքուն հրաժարվում է կյանքի կոչել դրանք»:
Այս առնչությամբ Սերգեյ Մինասյանն ասաց․ - «Ես կարծում եմ, առանձնահատուկ փոփոխություններ տեղի չեն ունենալու: Բայց, մյուս կողմից, միգուցե նաև ապրիլյան իրադարձությունների ազդեցությունը առաջին հերթին նաև ՀԱՊԿ-ի գլխավոր դերակատար երկրի՝ Ռուսաստանի ներսում, միգուցե ստիպեն, որ մի քիչ ավելի հաշվի առնեն այն հանգամանքները, որոնք որ կան արցախյան հակամարտության շուրջը: Ես կարծում եմ, որ արդեն իսկ բավականին լուրջ շեշտադրում է տեղի ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցության ֆորմատում: Դա լիովին չի բացառվելու, բայց կարծում եմ, որ որոշ զգայուն ոլորտներում Ռուսաստանը ավելի զգուշավոր կլինի»: