Այսօր ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարությունը տեղեկացրել էր, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների արտգործնախարարները համատեղ նիստում հավանություն են տվել ՀԱՊԿ երկրների նախագահների հաստատմանը ներկայացնել «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարություն»: Սակայն, ինչպես տեղեկացնում է ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Ղարաբաղի հարցով հայտարարություն չեն ընդունի։ «Ոչ, այսօր ոչ», - լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը։ Թե որն է պատճառը՝ առայժմ պարզ չէ:
Ուշագրավ է, որ այսօր Հայաստանում Ղարաբաղի խնդրին է անդրադարձել է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Կրկին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Լավրովն ասել է, թե Թուրքիան կարող է դրական դերակատարություն ունենալ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում:
«Այն, որ Թուրքիան կարող է դրական դերակատարություն ունենալ՝ ապահովելով Ղարաբաղի ապաշրջափակումը, նորմալ տնտեսական համագործակցությունը տարածաշրջանում, սա շատ կարևոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում», - ասել է Լավրովն, ապա հավելել, որ եթե հանկարծ Թուրքիան և Հայաստանը վերադառնան իրենց պայմանավորվածությունների կատարմանը, չկապելով այդ գործընթացը ղարաբաղյան հակամարտության հետ, իրենք միայն ուրախ կլինեն: - «Բայց մեր տպավորությամբ, ղարաբաղյան խնդրում առաջընթացը առանցքային է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Նստաշրջանի օրակարգային հարցերից է նաև ՀԱՊԿ գլխավոր նոր քարտուղարի հաստատումը: Այդ պաշտոնում, ըստ ռոտացիոն կարգի, պետք է նշանակվի Հայաստանի ներկայացուցիչը: Սակայն հայկական կողմն այսօր այդպես էլ թեկնածուի անունը չհրապարակեց: Ավելին՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նիստում հայտարարեց, թե այդ հարցը օրակարգից դուրս է և կքննարկվի տարեվերջին՝ Ռուսաստանում:
ՀԱՊԿ-ում Հայաստանի դեսպան Դավիթ Վիրաբյանն «Ազատության» հետ զրույցում հրաժարվեց ասել, արդյո՞ք ճիշտ են տեղեկություններն այն մասին, որ այդ պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, այժմ անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը:
Նշենք, որ Երևանում այսօր մեկնարկած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցելու նպատակով Երևան ժամանեց նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ի դեպ, ի տարբերություն մյուս նախագահների, նրանց անձամբ «Զվարթնոց» օդակայանում ընդունեց Սերժ Սարգսյանը:
Ավելի վաղ Հայաստան են ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ում, ի դեպ, օդանավակայանում անձամբ դիմավորել է հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանը: Երևանում են Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և Ղրղըզըստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը:
Ղազախստանը, ի տարբերություն ՀԱՊԿ անդամ մյուս երկրների, ներկայացված չէ նախագահի մակարդակով: Նուրսուլթան Նազարաբաևի փոխարեն Հայաստան է ժամանել Ղազախստանի վարչապետ Բակիջան Սագինտաևը: Ինչպես ավելի վաղ հայտնել էին այդ երկրի նախագահական նստավայրից, Նազարբաևը առողջական խնդիրներ ունի, ինչը, սակայն, որոշ վերլուծաբաններ կասկածի տակ էին դրել՝ չբացառելով, թե հիվանդությունը ընդամենը պատրվակ է Հայաստան կատարելիք այցից խուսափելու համար: Ի դեպ, այսօր նիստի մեկնարկին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ Նազարբաևի բացակայությանը՝ ընդգծելով․ - «Ցավոք, վատ ինքնազգացողության պատճառով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը չկարողացավ ներկա գտնվել այսօրվա նիստին, խնդրում եմ Ղազախստանի վարչապետին գործընկերների անունից փոխանցել շուտափույթ ապաքինման վերաբերյալ մեր մաղթանքը»:
Ուշագրավ է, որ թեև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը ըստ ծրագրի պետք է մեկնարկեր ժամը 2-ին, սակայն ինչ-ինչ պատճառներով այն հետաձգվեց: Ապա մեկնարկելուց հետո այն մեծամասամբ անցավ փակ դռների ետևում, ինչին նիստը լուսաբանող լրագրողները անգամ էկրաններից հետևելու հնարավորություն չունեցան: