Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն պնդում է՝ ապացույցներ ունի, ՀՎԿ-ն ասում է՝ կյանքը ցույց կտա


Վանաձորի ավագանին քաղաքապետ է ընտրում, 10-ը հոկտեմբերի, 2016թ
Վանաձորի ավագանին քաղաքապետ է ընտրում, 10-ը հոկտեմբերի, 2016թ

«Բարգավաճ Հայաստան»-ն (ԲՀԿ) ու «Հայկական վերածնունդ»-ը (ՀՎԿ) վստահեցնում են՝ Վանաձորում իրենց անդամները չեն քվեարկել իշխող Հանրապետականի թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին:

Հիշեցնենք, թեև «Լուսավոր Հայաստան»-ը (ԼՀԿ), «Հայկական վերածնունդ»-ը և «Բարգավաճ Հայաստան»-ը միասին ունեին 18 ձայն և կարող էին ընտրել քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու, սակայն վերջին պահին այդ 18-ից 4-ը քվեարկեցին փոքրամասնություն կազմող Հանրապետականի օգտին։

Թե, ովքեր են «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածու Քրիստ Մարուքյանին պաշտպանելու խոստում տված, բայց Հանրապետականին ընտրած այդ 4 անձինք, առայժմ պարզ չէ։

Սակայն, ինչպես այսօր «Ազատության» հետ զրույցում պնդեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, իրենք ունեն ապացույցներ, որ ԲՀԿ-ականները չեն գաղտնի քվեարկել Հանրապետականի օգտին: Ավելին, հասկանալով, թե ինչ հնարավոր ռիսկեր կան, ավագանու իրենց անդամներին հորդորել են այնպես քվեարկել, որպեսզի հետագայում հնարավոր լինի ապացուցել, որ ԲՀԿ անդամները չեն խախտել պայմանավորվածությունը:

Էնֆիաջյան. - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավագանիների մասով իմ խիղճը հանգիստ է, հանգիստ եմ ես, ներքին համոզմունք ունեմ, որ դա նրանք չեն, և մենք կարողացել ենք ապացուցել դա։

«Ազատություն». - Այսինքն, երբ որ այդ քվեաթերթիկները հանել են, դրանցից Ձեզ համար պա՞րզ է եղել։

Էնֆիաջյան. - Այո, ու մի նրբություն էլ ասեմ, ի դեպ, երեք քվեաթերթիկները ևս առանձին-առանձին, մեր յուրաքանչյուր թեկնածուի հետ մենք պայմանավորվել ենք, որ այնտեղ փոքր հնարքներ կան, որ ամեն մեկը տարբեր ձևի պետք է էդ գործողությունն իրականացներ, և երեքինն էլ տարբեր ձևով համապատասխանում է, ուրիշ մարդ չի, ես դրանում հանգիստ եմ և համոզված եմ։

«Ազատություն». - Պայմանավորվել եք հատուկ նշաններ անե՞լ։

Էնֆիաջյան. - Այո, պայմանական նշաններ։

«Ազատություն». - Եվ Դուք ստուգել եք այդ պայմանական նշանները և համոզվել եք։

Էնֆիաջյան. - Այո՛, համոզվել ենք։

«Ազատություն». - Պարոն Էնֆիաջյան, այսինքն, եթե Դուք բացառում եք, և, այդ պայմանական նշանները հաշվի առնելով, ունեք, ըստ էության, ապացույցներ, որ ուխտադրուժները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները չեն, ստացվում է, որ «Լուսավոր Հայաստան»-ի անդամները դժվար թե իրենց թեկնածուի դեմ քվեարկեին, մնում է «Հայկական վերածնունդ»-ը։

Էնֆիաջյան. - Գիտեք ինչպես, եկեք ոչ մի տարբերակ չբացառենք։ Ես ավելին քան համոզված եմ՝ ժամանակը ցույց կտա, թե ովքեր էին։ Նրանք, չեմ կարծում՝ թե՛ բարոյական, թե՛ հոգեպես, թե՛ իրավական տեսանկյունից կարող են իրենց որպես մարդ լավ զգալ։

«Ազատություն». - Պարոն Էնֆիաջյան, Դուք կիսում եք իշխանությունների քննադատությունը ձեր հասցեին, որ, ըստ էության, սա այդ ուժերի՝ «Հայկական վերածնունդ»-ի, «Բարգավաճ Հայաստան»-ի և« Լուսավոր Հայաստան»-ի խնդիրն է, քանի որ, ունենալով մեծամասնություն, նրանք, ըստ էության, չկարողացան քաղաքապետ ունենալ, որովհետև, եթե դուք չեք կարողանում ունենալ մի քանի վստահելի անձինք՝ 18-19 վստահելի անձինք, որոնց կարող եք վստահել, որ նրանք կստորագրեն և կգործեն իրենց ստորագրածին համաձայն, ապա ինչպես եք դո՞ւք ընդհանրապես մտնում քաղաքականություն։

Էնֆիաջյան. - Հարգելի Ռուզաննա, տեսեք, մեր քաղաքական ուժի մասով, մենք շատ հստակ այդ ամեն ինչը կանխատեսում էինք, այդ ռիսկերը գնահատում էինք և համապատասխան գործիքակազմով օժտել ենք մեր ավագանու ներկայացուցիչներին, և կրկնում եմ՝ մեր քաղաքական ուժի ներկայացուցիչները վստահեցրել են և փաստացի մենք ներկայացրել ենք նաև այլ քաղաքական ուժի ներկայացուցիչներին, որ դա ԲՀԿ ավագանու անդամները չեն։ Հաջորդ մոտիվացիան, ինչի մասին Դուք խոսեցիք, ստեղծվել էր նոր մի իրավիճակ, երբ որ իրականում հնարավոր էր նոր քաղաքական մշակույթը արձանագրել, և նույն Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները չե՞ն, որ փորձել են կաշառել, վախեցնել, էդ մթնոլորտը ստեղծել, և, ունենք այդ պատկերը։ Երկրում ի՞նչ է փոխվում դրանից, ո՞վ է շահում, Հանրապետականը մտածում է «Լուսավոր Հայաստան»-ը կամ «Հայկական վերածնունդ»-ը վատ վիճակում հայտնվեցին... իրանք ինչի՞ց են շահում։ Երկրի մթնոլորտը, որ էս ձևի է, որ էս մթնոլորտում են ավագանիները կաշկանդված քվեարկության գնում... տեղական ինքնակառավարման մասին ենք խոսում՝ ինքնակառավարման, էս մթնոլորտում, ու դա հաղթանա՞կ են համարում։

Նշենք, որ «Հայկական վերածնունդը» թեև «Բարգավաճ Հայաստան»-ի օրինակով ապացույցներ չունի, սակայն «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նույնպես վստահեցնում է՝ «Լուսավոր Հայաստան»-ի քաղաքապետի թեկնածուին պաշտպանելու պայմանավորվածությունը խախտողները «Հայկական վերածնունդ»-ից չեն:

Մարգարյան. - Ճիշտն ասած, ասեմ, որ «Հայկական վերածնունդ»-ից չեն։

«Ազատություն». - Ձեր քաղաքապետի թեկնածուի դեմ այժմ քրեական գործ կա, գուցե՞ նրա վրա ճնշումներն են իրենց արդյունքը տվել։

Մարգարյան. - Ես չեմ ուզում «եթե»-ով ու «գուցե»-ով խոսել, էլի կրկնում եմ՝ կյանքն ամեն ինչ ցույց կտա։

«Ազատություն». - ԲՀԿ-ն ասում է, որ իրենք չեն, «Հայկական վերածնունդ»-ը ասում է, որ իրենք չեն, այդ դեպքում, ովքե՞ր են այդ չորս անձինք, որտեղի՞ց են։

Մարգարյան. - Գիտեք ինչ, ես էլի կրկնում եմ, հղում եմ կատարում, որ սարերի հետևում չէ, առաջիկայում ամեն ինչ պարզ կդառնա, բոլորիս պարզ կդառնա։

«Ազատություն». - Երբ իմանաք, որ Ձեր շարքերից են, ի՞նչ կանեք, պարոն Մարգարյան։

Մարգարյան. - Որ շարքերից էլ լինի, մեր, թե՝ մյուս շարքերից, դա դավաճան է։ Դավաճանի հետ ի՞նչ են անում, դա էլ անելու ենք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG