Մատչելիության հղումներ

Վիկտոր Դալլաքյանն «ափսոսում է», որ ժամանակին անդամակցել է ՀՀԿ-ին


Վիկտոր Դալլաքյանն ափսոսում է, որ ժամանակին անդամակցել է Հանրապետական կուսակցությանը։ Այդ մասին նա հայտարարեց «Ազատության» հետ զրույցում:

Երեկ ավելի վաղ Դալլաքյանը հայտարարել էր իշխող կուսակցությունից դուրս գալու, Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից և Ազգային ժողովում նախագահի պաշտոնական ներկայացուցչի գործունեությունից հրաժարվելու մասին։ Նա ասել էր, որ իշխանության հետ համագործակցության վերջին չորս տարիների ընթացքում «քարեր էր հավաքում, հիմա արդեն եկել է քարերը նետելու ժամանակը»։

«Ազատություն»․ - Շատերի մոտ Ձեր այս հայտարարություններից հետո հետևյալ հարցադրումներն են առաջանում, որ Դուք Սերժ Սարգսյանի ամենասուր քննադատն էիք, Դուք անգամ նրան մեղադրում էիք, բոլորը հիշում են, խաղամոլության մեջ՝ պնդելով, որ նա պետբյուջեի գումարներն այդպես քամուն է տալիս, բայց դրանից հետո հանկարծակի Դուք դարձաք Սերժ Սարգսյանի ղեկավարած իշխող Հանրապետական կուսակցության անդամ, դարձաք նրա ներկայացուցիչը խորհրդարանում, նրա աշխատակազմի ղեկավարի տեղակալը, այս հարցադրումն է հնչում՝ ինչպե՞ս կարելի է մարդուն մեղադրել, նմանատիպ մեղադրանքներ ներկայացնել, հետո դառնալ նրա ներկայացուցիչը խորհրդարանում։

Դալլաքյան. - Շատ լավ․ իմ պատգամավորական գործունեության ընթացքում ես համագործակցել են Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ նախագահների հետ, և Ազգային ժողովի միակ պատգամավորն եմ, որը 83 օրենքների հեղինակ է, և այդ անձինք՝ առաջին, երկրորդ և երրորդ նախագահները, ստորագրել են իմ գրած օրենքները՝ և՛ համագործակցել եմ, և՛ քննադատել եմ խստորեն նրանց:

«Ազատություն». - Օրենք գրելը մեկ բան է, պարոն Դալլաքյան, ներկայացուցիչ լինելը խորհրդարանում, նրա աշխատակազմը ղեկավարելը մեկ այլ բան է։

Դալլաքյան. - Թույլ տվեք ես ավարտեմ իմ ասածը։ Երբ որ ես խստորեն քննադատել եմ, Դուք կարդացե՞լ եք որևէ տեղ Ձեր նշած հարցադրման հետ կապված, որ ես հրաժարվել եմ դրանից։

«Ազատություն». - Երբ Սերժ Սարգսյանին մեղադրում էիք խաղամոլության մեջ, այս չորս տարիներին, որ Բաղրամյան 26 էիք գնում, նորից դրանում համոզվա՞ծ էիք՝ Ձեր հայտարարության մեջ։

Դալլաքյան. - Իհարկե, և դա երբեք չեմ ժխտել։

«Ազատություն». - Պարոն Դալլաքյան, ի՞նչն էր Ձեզ ստիպում վերցնել այդ պաշտոնները՝ լինելով Սերժ Սարգսյանի սուր քննադատը։

Դալլաքյան. - Ես ասում եմ՝ 2012 թվականի հունվարին Սերժ Սարգսյանն ինձ առաջարկել է, ընդունելով իմ մոտեցումները, որպեսզի ես անդամակցեմ Հայաստանի հանրապետական կուսակցությանը։ Դրանից հետո՝ 2012 թվականի մայիսի 16-ին, նա իմ դեմ օգտագործել է «լուսավոր հանցագործին», և դրանից հետո արդեն մեկնաբանությունները Դուք պետք է կատարեք։

«Ազատություն». - Սերժ Սարգսյանի ինչի՞ն էր պետք, ինչո՞ւ է նա այդպես արել, Ձեր կարծիքով։

Դալլաքյան. - Ես կարծում եմ, որ այդ հարցերը պետք է ուղղեք նրան։

«Ազատություն». - Պարոն Դալլաքյան, Դուք ափսոսո՞ւմ եք, որ այնուամենայնիվ ընդունել եք Սերժ Սարգսյանի հրավերը և դարձել եք Հանրապետական կուսակցության անդամ։

Դալլաքյան. - Այո։

«Ազատություն». - Հետևյալ հարցադրումն է հնչում՝ Դալլաքյանը չորս տարի Բաղրամյան 26-ում է աշխատել իշխանության հետ, այդ ի՞նչ պատահեց, որ հանկարծ ընտրություններից մի քանի ամիս առաջ նա որոշեց ընդդիմադիր դառնալ։

Դալլաքյան. - Շատ լավ, այդ հարցի պատասխանը թույլ տվեք ընտրողները որոշեն։ Դուք համառորեն ուզում եք ինձնից ինչ-որ բան իմանալ։ Ուրեմն, ես կներկայացնեմ իմ ծրագրերը, մի՛ անհանգստացեք, ընտրողները կորոշեն։

«Ազատություն». - Ե՞րբ, մոտավորապես, ե՞րբ կլինի ծրագիրը։

Դալլաքյան. - Ես կհայտարարեմ, ընտրողները կորոշեն։

«Ազատություն». - Առաջիկա մեկ ամսվա՞ ընթացքում:

Դալլաքյան. - Այո․․․ առաջիկայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG