Մատչելիության հղումներ

Վրաստանի նորընտիր խորհրդարանում երեք հայ պատգամավոր կա


Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանում ազգությամբ հայ 3 պատգամավոր ներկայացված կլինի։ Երեքն էլ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից են՝ Հենզել Մկոյանը, Սամվել Մանուկյանը և Ռուսլան Պողոսյանը:

Հայաբնակ Ջավախքում ընտրողների ակտիվությունը կազմել է 50.45 տոկոս։ Նախնական տվյալների համաձայն՝ Ախալքալաք-Նինոծմինդա ընտրական շրջանում ձայների մեծամասնությունը ստացել է «Վրացական երազանք» կուսակցության մեծամասնական թեկնածու, 17 տարի ջավախահայերի պատգամավոր Հենզել Մկոյանը։ Ըստ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Մկոյանի օգտին քվեարկել է ընտրողների 63,42 տոկոսը։ Ռուսլան Պողոսյանը, ով 2-րդ անգամ ընտրվեց, «Վրացական երազանքի» համամասնական ցուցակում 19-րդ տեղն է զբաղեցնում։ Երիտասարդ գործարար Սամվել Մանուկյանն էլ նույն ցուցակում 23-րդն է։ Առաջին անգամ է ընտրվում։

Հենզել Մկոյանի պնդմամբ՝ ընտրությունները Ջավախքում անցել են խաղաղ և արդար։ Հակադարձելով ընդդիմադիրների հայտարարություններին, թե ընտրողների վրա ճնշումներ են կիրառվել, մարդկանց տարբեր խոստումներ են տվել՝ «Ազատության» հետ զրույցում վերընտրված պատգամավորն ասաց` հիմա այն ժամանակները չեն, որ մարդկանց ստիպեն․ - «Երկու տոկոս ձայն են հավաքել՝ բողոքում են։ Ո՞նց կարելի է 2 տոկոս հավաքել ու բողոքել»:

Ավելի վաղ «Թրասնփարենսի ինթերնեյշնլ-Վրաստան» հասարակական կազմակերպությունը հրապարակել էր Վրաստանի խորհրդարանի ամենալռակյաց պատգամավորների ցանկը։ Նրանց մեջ էր նաև Հենզել Մկոյանը, ով 4 տարվա մեջ որևէ հայտարարությամբ հանդես չի եկել․ վրացերեն չգիտի։ Մկոյանը, սակայն, ելույթ չունենալու իր պատճառաբանությունն ունի. - «Ես համալսարանի ֆիզմաթն եմ ավարտել և ճոխ խոսել չգիտեմ, ես ճոխ գործել գիտեմ»:

Արդեն նախորդ գումարման խորհրդարանի հայազգի պատգամավոր Սամվել Պետրոսյանը թերահավատորեն է մոտենում ընտրության արդյունքներին։ Նրա որդին նույնպես ցանկանում էր առաջադրվել, սակայն, ինչպես արդեն նախկին պատգամավորն է ասում, Պետրոսյան ազգանունն արգելված է Վրաստանի խորհրդարանում։

«Ես եմ բարձրացրել հայերին վերաբերվող բազմաթիվ հարցեր, Ղարաբաղի հարցն եմ բարձրացրել։ Գլխացավանք եմ պետության համար», - ասում է նա:

Ինչ վերաբերում է ընտրակեղծիքների վերաբերյալ պնդումներին, Սամվել Պետրոսյանը նախ նշեց ընտրապայքարի անհավասար պայմանների մասին, ապա հավելեց՝ տեղամասերում խախտումներ քիչ են արձանագրվել, իշխանականները մարդկանց հետ մինչ ընտրության գալն էին աշխատում․ - «Մարդկանց կանչում էին, ինչ-որ ձևերով փորձում էին համոզել և այլն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG