Վրաստանում շաբաթ օրն անցկացված խորհրդարանական ընտրություններում, նախնական արդյունքներով, հաղթել է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը: Ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին ընտրությունները կեղծելու մեջ:
Նախնական արդյունքներով՝ «Վրացական երազանք»-ը ստացել է ձայների մոտ 48․6 տոկոսը, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը շուրջ 27 տոկոսով երկրորդ տեղում է:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած այս արդյունքները վերաբերում են խորհրդարանի 77 համամասնական տեղերին:
Եվս 73 մանդատների ճակատագիրը որոշվում է մեծամասնական ընտրություններով: Թե ինչպես կբաշխվեն խորհրդարանի 150 մանդատները՝ պարզ կդառնա միայն մյուս ամսվա վերջին: