Մատչելիության հղումներ

Վանաձորի քաղաքապետ կարող է դառնալ ընդդիմադիր թեկնածուն


Ինչպես «Ազատության» հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում Վանաձորի ավագանի անցած երեք ընդդիմադիր կուսակցությունները վաղը համատեղ համաձայնագիր կստորագրեն։ Միջոցառումը տեղի կունենա Վանաձորում․ ավագանի ընտրված 18 ընդդիմադիր թեկնածուները ստորագրելու են քաղաքի զարգացման և ընդդիմադիր քաղաքապետ ունենալու մասին փաստաթուղթ:

Զոհրաբյանը նշեց, որ ավագանու անդամների նկատմամբ ճնշումների մասին լսել է, բայց քիչ առաջ է իրենց թեկնածուների հետ հանդիպել և կարծում է, որ նրանք չեն շեղվի քաղաքական որոշումից․ - «Ես վստահ եմ մեր ավագանիների վրա, և մնում է, որ մնացած բոլոր ավագանիները ևս, ովքեր վաղը կստորագրեն համաձայնության հուշագիրը Վանաձոր քաղաքի զարգացման հետ կապված, ամսի 10-ի քվեարկության ժամանակ իրենց խոսքի տերը կլինեն, և փակ գաղտնի քվեարկությունը անակնկալներ չի մատուցի»:

«Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» ու «Հայկական վերածնունդ» կուսակցությունների միանալուն խոչընդոտում էին «Հայկական վերածնունդ»-ի առաջադրած նախապայմանները, որոնք, սակայն, երեկ «Լուսավոր Հայաստանի» և «Հայկական Վերածնունդի» ներկայացուցիչների քննարկումների արդյունքում դուրս են եկել օրակարգից։

Վանաձորի քաղաքապետը ընտրվելու է ավագանու անդամների կողմից՝ փակ գաղտնի քվեարկությամբ։ Երեք կուսակցությունների ներկայացուցիչները ավագանիում մեծամասնություն (18 մանդատ) կունենան, ուստի շատ հնարավոր է, որ հանրապետության երրորդ քաղաքը ընդդիմադիր քաղաքապետ ունենա:

Վաղը ստորագրվելիք համաձայնագրից հետո անգամ «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը վստահ չէ, որ Վանաձորում իրենց ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանը քաղաքապետ կդառնա։

Նրա խոսքով, ճնշումները շատ են հատկապես իրենց գործընկեր ընդդիմադիր կուսակցություններից ցուցակներով ավագանու անդամ ընտրված մարդկանց նկատմամբ, որպեսզի իշխող կուսակցության օգտին քվեարկեն․ - «Որովհետև ճնշումները, բնականաբար, լինելու են և կան: Այն բան է՝ դրանք կկարողանա՞ն հասնել իրենց վերջնարդյունքին, թե՞ ոչ: Իսկ վերջնարդյունքը ո՞րն ա: Որ երկու-երեք մարդու ճնշեն, որ էս մարդիկ գնան քվեարկեն հանրապետական թեկնածուի օգտին: Եթե դա է լինելու նրանց հաղթանակը, դա պյուռոսյան հաղթանակ ա: Ես ուղղակի ցավակցում եմ իրենց էս իրավիճակում: Երևի իրենք այլ տարբերակ չունեն: Կարող էին պատվով ուղղակի ասել՝ մենք հանձնվում ենք, ընդդիմադիր խմբակցություն ենք դառնում: Բայց չունեն նման մշակույթ, չեն կարող դա անել»:

«Հայկական վերածնունդում» նույնպես վճռական են տրամադրված։ Կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց, որ իրենց թեկնածուները կուսակցության որոշումից չեն շեղվելու և պաշտպանելու են «Լուսավոր Հայաստանի» քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանին։

Իսկ պատգամավոր Մհեր Շահգելդյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ իրենք ոչ թե նախապայմաններ, այլ առաջարկներ էին ներկայացրել, հետագա համագործակցության մասին ավելի ուշ կխոսեն, բայց Վանաձորի հարցում կուսակցության որոշումը մինչև վերջ ուժի մեջ է լինելու․ - «Ինչ վերաբերում է ներկայիս, ապա մենք մեր մոտեցումը ֆիքսել ենք, մենք ասել ենք, որ պաշտպանում և աջակցում ենք Վանաձորում «Լուսավոր Հայաստանի» թեկնածուին: Մենք ըստ էության համախմբման գործընթացի մեջ ենք»:

«Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանը հուսով է, որ վերջին պահին անակնկալներ չեն լինի: Նա ասաց, որ ավագանիների մանդատները այս կիրակի են բաժանվելու, իսկ արդեն առաջիկա երկուշաբթի քաղաքապետի ընտրությունն է, դրանից հետո իրենք ճնշումների մասին մանրամասն տեղեկատվություն կտրամադրեն։

«Բայց էդ 18 մանդատը կգնա կքվեարկի ընդդիմադիր միասնական թեկնածուի օգտին, թե ոչ՝ սպասենք տեսնենք: Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք դիմակայել այդ մարտահրավերներին միասնաբար և թույլ չտալ, որ ժողովրդի կամքի արտահայտությունը ոտնատակ տրվի», - հավելեց նա:

Փաստաթուղթը ստորագրող երեք ընդդիմադիր կուսակցությունները շեշտում են, որ համաձայնագիրը միայն Վանաձորին է վերաբերելու և առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապ չունի։

XS
SM
MD
LG