Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիների կեսի կարծիքով՝ «Բոինգ-777»-ը կործանել է ուկրաինական բանակը


Ուկրաինա - Ռուսամետ անջատական զինյալները «Բոինգ-777»-ի կործանման վայրում, 20-ը հուլիսի, 2014թ․
Ուկրաինա - Ռուսամետ անջատական զինյալները «Բոինգ-777»-ի կործանման վայրում, 20-ը հուլիսի, 2014թ․

Ռուսաստանցիների կեսը կարծում են, որ «Մալայզիական ավիաուղիներ»-ի օդանավը կործանել է ուկրաինական բանակը: Այդ են վկայում Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի վերջին հարցումների արդյունքները: Ընդ որում, այդ տեսակետին են հիմնականում 60 տարեկանից բարձր տարիքային խմբի ներկայացուցիչները:

Հարցվածների ընդամենը 4 տոկոսն է կարծում, որ օդանավի կործանման համար պատասխանատու են ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի հանրապետությունների զինվորականները: Այս կարծիքին է 18-24 տարեկան երիտասարդների 10 տոկոսը:

Միայն 1 տոկոսն է կարծում, որ օդանավի խոցման մեջ մեղավոր է ռուսաստանյան բանակը:

2014 թվականի հուլիսի 17-ին Ուկրաինայի տարածքում «Մալայզիական ավիաուղիներ»-ի «Բոինգ-777» օդանավի կործանման հետևանքով, հիշեցնենք, զոհվել է 298 մարդ: Ողբերգական միջադեպից օրեր անց Ռուսաստանում «Լևադա» կենտրոնի անցկացրած հարցման մասնակիցների մեծ մասը համոզմունք էր հայտնում, որ տեղի է ունեցել վթար, որի պատճառը ուկրաինական բանակի գործողություններն էին:

Իշխանությունների կողմից ամբողջությամբ վերահսկվող մեդիա դաշտ ունեցող Ռուսաստանի քաղաքացիների 8 տոկոսը այժմ համոզված է, որ օդանավը խոցել են ահաբեկիչները, ովքեր առնչություն չունեն Ուկրաինայի արևելքում ընթացող հակամարտությանը:

14 տոկոսի կարծիքով՝ քաղաքացիական օդանավի կործանման ետևում կանգնած են արևմտյան հատուկ ծառայությունները:

Հարցմանը մասնակցած ռուսաստանցիների 16 տոկոսն էլ դժվարացել է կարծիք հայտնել տեղի ունեցածի վերաբերյալ:

Այս տարվա սեպտեմբերի 28-ին Նիդերլանդների, Ավստրալիայի, Ուկրաինայի, Բելգիայի և Մալայզիայի քննչական միջազգային խումբը, որը հետաքննել է «Բոինգ-777»-ի կործանումը, զոհերի հարազատներին հաղորդեց, որ օդանավը խոցել են Ռուսաստանից բերված «Բուկ» տիպի հրթիռային համալիրից, որն այնուհետ նորից տարել են Ռուսաստան:

Միջազգային քննչական խումբը պարզել է նաև, որ հրթիռն արձակվել է ուկրաինական Սնեժնոյե գյուղից 8 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Պերվոմայսկոյե գյուղի մոտակայքից, որն այն ժամանակ գտնվում էր ռուսամետ անջատականների վերահսկողության տակ:

Կրեմլը կտրականապես հերքել է այս պնդումները՝ հայտարարելով, թե Ռուսաստանը Ուկրաինա չի ուղարկել ոչ զինվորականների, ոչ էլ զենք:

Ռուսաստանցիների 26 տոկոսը, ըստ Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի հարցումների, լավ գիտի միջազգային քննչական խմբի եզրահանգումների մասին, 34 տոկոսն էլ միջազգային հետաքննության մասին ընդհանրապես տեղյակ չէ:

«Բոինգ»-ի կործանման հետաքննության արդյունքներով առաջիկայում զբաղվելու է Եվրոպական դատարանը, մինչ այդ արդեն միջազգային հանրությունը չի բացառում, որ նոր պատժամիջոցներ կկիրառվեն Ռուսաստանի նկատմամբ:

Մինչդեռ ռուսաստանցիների 21 տոկոսն է միայն կարծում, որ «Բոինգ»-ի խոցման քննության արդյունքները Ռուսաստանի համար հետևանքների կհանգեցնեն: Ընդամենը 14 տոկոսը մտավախություն ունի, որ Արևմուտքը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG