Մատչելիության հղումներ

Քաղաքական գործիչներն արձագանքում են Սյունիքի մարզպետի հրաժարականին


Նախագահ Սերժ Սարգսյանն ու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, արխիվ:
Նախագահ Սերժ Սարգսյանն ու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, արխիվ:

Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը վստահ է, որ Սուրիկ Խաչատրյանը քաղաքականությունից չի հեռանա․ - «Սուրիկը տեղ էլ չի էթում, ինքը քաղաքականության մեջ ա»:

Սարոյանը յուրօրինակ պատասխան տվեց հարցին, թե ինչու է Խաչատրյանը որոշել ինքնակամ թողնել 11 տարի զբաղեցրած մարզպետի պաշտոնը այն դեպքում, երբ դեռ մեկ շաբաթ առաջ ասում էր, որ առողջությունը կարգին է, և չի պատրաստվում հրաժարական տալ․ - «Էնքան կռռացիք․․․ Ձեր կռռալուց հանեցին: Տենամ էլ ում մասին եք խոսելու, ըհը, Սուրիկն էլ գնաց․․․ Ձեր էդ յուդուբն էլ մնաց անտեր»:

Առավոտյան խորհրդարանում իշխող Հանրապետականի շատ պատգամավորներ տեղյակ չէին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ կառավարության որոշման մասին։ Տեղեկանալով՝ բավական ընդհանուր գնահատականներ էին տալիս:

Համլետ Հարությունյանը Սյունիքի արդեն նախկին մարզպետի խոսքերը մեջբերեց․ - «Ես դրա հետ որևիցե առնչություն չունեմ: Ես չեմ որոշում ում մարզպետ դնեն, ում մարզպետությունից հանեն: Ինչպես ինքը շատ դիպուկ նշել է, ինքը տրագիկ չի ընդունում այդ փոփոխությունը»:

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի փոխանցմամբ, խմբակցությունում Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության հարցը չի քննարկվել․ - «Դա կառավարության որոշումն է եղել»:

Սյունիքից ընտրված պատգամավոր Հայկ Գրիգորյանը չթաքցրեց, որ տխրում է, որ իր բարեկամն ու ընկերը լքում է մարզպետի պաշտոնը: Սուրիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապված բազմաթիվ արյունալի միջադեպերի մասին հրապարակումները Գրիգորյանը հերյուրանք է համարում:

«Ուղղակի կարող եմ այսպես ասել, որ մեր Սյունիքը շատ բան կկորցնի», - հավելեց նա:

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց, թե նոր փոփոխություններ են սպասվում․ - «Ընդամենը էս փոփոխությունների կոնտեքստի մեջ պետք է նայել: Պետք է նայել նաև դինամիկայի մեջ հետագա փոփոխությունները, որոնք, կարծում եմ, տեղի կունենան թե՛ մեր մարզային կառույցներում, թե առհասարակ մեր առօրյա կյանքում»:

Հարցին, թե արդյոք առանց Խաչատրյանի դժվարություններ չեն ունենա առաջիկա խորհրդարանական ընտրություններում, Սահակյանն արձագանքեց․ - «Մենք թիմ ենք․․․ Սուրիկ Խաչատրյանով չէ, որ մենք Սյունիքում ունենում ենք էդ հաջողությունները: Վստահ եմ, որ ապագայում նույնպես մենք Սյունիքում կունենանք հաջողություն»:

Ընդդիմադիր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը իշխանական համակարգում մեծ փոփոխությունների մի մասնիկն է համարում․ - «Հասկանալի է, որ սա քաղաքական որոշման տիրույթում է: Եվ քաղաքական որոշումը հասել է նրան, որ արդեն իսկ Սերժ Սարգսյանը մանրում է այն հենասյուները, որը իրեն անհրաժեշտ էին: Մենք հասկանում ենք, որ Սերժ Սարգսյանի «հրաժեշտի պահերն» են, որովհետև այս հիմնասյուները իր համար էին առաջին հերթին ծառայում: Եվ նոր նշանակված անձը՝ Կարեն Կարապետյանը պետք է այս հենասյուներով չփորձի պաշտոնավարել: Բայց խաղի կանոնները չեմ փոխվում․․․ այսինքն՝ քաղաքական մրցակցությունը չի ապահովվելու»:

Ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևւն Զուրաբյանը, անկախ պատճառներից, դրական է համարում Խաչատրյանի հրաժարականը․ - «Էս այն քայլերից է իշխանության, որ հնարավոր չի չողջունել: Կատարվածը լավ բան է: Սուրիկ Խաչատրյանը վարկաբեկված մի մարդ էր, որը բազմաթիվ հանցագործությունների մեջ էր մեղադրվում: Բոլորի համար ակնհայտ էր, որ իրեն պահում էին միայն Գորիսի «ոսկե պաշարը» ընտրակեղծարարության պահելու նպատակով: Ես չգիտեմ՝ կարելի՞ է սպասել փոփոխության, թե՞ ոչ, բայց ինքը փաստը, որ նման ամենազոր մի դեսպոտ հեռացված է, արդեն ինչ-որ շնչելու ազատություն է տալու գորիսեցիներին, սյունիքցիներին»:

XS
SM
MD
LG