Մատչելիության հղումներ

«Հալեպի հայությունը երկրորդ անգամ է ցեղասպանություն տեսնում»


Հալեպի հայությունը երկրորդ անգամ է ցեղասպանություն տեսնում. այս անգամ չարիքը մեզ է հասնում երկնքից աջուձախ թափվող հրթիռներով, պնդում է հալեպահայ Մայդա Բակկալյանը, ով մինչ օրս ստիպված է մնալ պատերազմի մեջ՝ հիվանդ ու տարեց մոր պատճառով:

«Կիրակի օրը, որ ընկավ մեր թաղում, պայթեց, ահռելի մի ձայն լսվեց, տասը խանութի ապակիներ ոչնչացավ, առաջին երկու հարկի տուները պատշգամբ չմնաց, դուռ-տախտակ չմնաց, հարևան շենքում ուղեղները մարդկանց փողոցը հասան: Հիմա կխոսիմ, ամեն մարմինս դող կընկնի», - պատմում է նա:

Բակկալյաններն ապրում են Հալեպի կենտրոնում, որտեղ, իրենց խոսքով, մինչև վերջերս քիչ թե շատ ապահով էր: Իրավիճակը, սակայն, կտրուկ փոխվել է շաբաթներ առաջ: Ռուս-ամերիկյան հրադադարի համաձայնության տապալումից հետո, ըստ հալեպահայ կնոջ, ամբողջ քաղաքում կյանքը դժոխքի է վերածվել:

«Դպրոցները մեկ շաբաթով արձակուրդ են տվել, քանի որ անվտանգ չէ այլևս: Ընտանիքները, որ քաջալերում էին իրենց զավակը դպրոց ղրկելու, դադարեցին. դպրոցի աջին, ձախին ռումբեր են ընկնում: Էլեկտրականություն երկու ամիս է`չունինք, ջուր մինչ վերջերս ունեինք, մի քանի շաբաթ է` կաթիլ մը չկա», - ասում է հալեպահայը, հավելելով՝ այսօր շատերն են երազում դուրս գալ Հալեպից՝ հնար չկա:

Տեղում արդեն հինգերորդ տարին շարունակվող պատերազմի ընթացքում Հայաստանի կառավարությունը որևէ քայլ չարեց սիրիահայերին տարհանելու համար: «Մի փոքր էլ, և այլևս շատ ուշ կլինի», - հուզմունքը չթաքցնելով ասում էր սիրիահայը. - «Ինչ է, պետք է եղած ժողովուրդն էլ մեռնե՞, մինչև որ Հայաստանի կառավարությունը շարժվի, մինչև որ վճռե: Բոլոր հայերու բերանն է սա` ինչպե՞ս գանք Հայաստան, գամ էլ` ո՞ւր մնամ, որո՞ւ տանը իջևանեմ: Հայաստանի կառավարությունը իմ մասին պիտի հոգա՞...Թող սպասեն, որ Հալեպին մնացած ժողովուրդը Դեր-Զորի եկեղեցու աճյունների պես ըլլա, այն ատեն թող հոգան»:

Բավական հոռետեսական էր այսօր նաև ՄԱԿ-ի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան:

«275 հազարանոց քաղաքը կանգնած է մարդասիրական աղետի առաջ», - զգուշացրել է բարձրաստիճան դիվանագետը, - «Ամենաշատը երկու ամսում, երկուսուկես ամսում Հալեպի արևելյան հատվածը կարող է հիմնահատակ ավերվել, խոսքը մասնավորապես հին քաղաքի մասին է, հազարավոր խաղաղ բնակիչներ, ոչ թե ահաբեկիչներ կսպանվեն, հարյուր հազարավորները փախստական կդառնան»:

Մինչ իրավապաշտպանները կողմերին հրադադար հաստատելու ապարդյուն կոչեր են անում, այս հարցում Ռուսաստանի ու Արևմուտքի տարաձայնությունները է՛լ ավելի են խորանում: Մամուլը գրում է, թե Եվրամիությունը մտադիր է խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ, ամերիկյան զինուժն էլ պատրաստվում է հարվածներ հասցնել Սիրիայի կառավարական զորքերի հենակետերին: - «Խորհուրդ ենք տալիս Պենտագոնի մեր գործընկերներին մանրազնին հաշվարկել նման ծրագրերի հնարավոր հետևանքները», - ի պատասխան սպառնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Այսօր Սիրիայի բանակը զինված է արդյունավետ զենիթահրթիռային S-200, «Բուկ» համալիրներով և հակաօդային պաշտպանության այլ միջոցներով: Ուզում ենք հիշեցնել ամերիկյան ստրատեգներին, որ Հմեյմիմում և Տարտուսում ռուսաստանյան ռազմակայանների օդային պաշտպանությունն իրականացվում է զենիթահրթիռային՝ С-400 և С-300 համալիրներով, որոնց գործողության շառավիղը կարող է անակնկալ մատուցել», - հայտարարել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը:

Օր-օրի սրվող իրավիճակը քննարկելու համար այսօր Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էրոն էր մեկնել Մոսկվա, Լավրովի հետ բանակցությունների ավարտին, սակայն, կողմերն այդպես էլ չակնարկեցին առաջընթացի մասին: Փոխարենը Լավրովը հայտարարեց, թե հույս ունի, որ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցները քննարկելիս Արևմուտքում կհաղթի առողջ բանականությունը:

Մինչ այդ, Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովն այսօր հաստատեց ու լիագումար նիստի վավերացմանն ուղարկեց ռուսական օդուժը Սիրիայի տարածքում տեղակայելու մասին համաձայնագիրը, ընդ որում՝ առանց գործողության վերջնաժամկետի: Ակնկալվում է, որ փաստաթուղթը վավերացման կդրվի արդեն վաղն առավոտյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG