Մատչելիության հղումներ

Վիգեն Սարգսյան. Բանակը պետք է դառնա պետության շոգեքարշը


«Բանակը պետք է դառնա պետության առաջատարը և շոգեքարշը», - այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը՝ ի պատասխան հանրապետական Լևոն Մարտիրոսյանի՝ պաշտպանական ոլորտի հետագա զարգացման տեսլականը ներկայացնելու խնդրանքին:

Վիգեն Սարգսյանը նախ նշեց, թե հաճելի է նոր կարգավիճակով լինել Ազգային ժողովում, և այսօր, այդ առումով, հիշարժան է իր համար։ Ապա, պաշտպանության նախարարը ներկայացրեց այն կարևորագույն երկու խնդիրները, որոնք նաև տեղ են գտնելու կառավարության առաջիկա ծրագրում։

«Այսօր մենք առիթ ենք ունեցել կառավարության կազմով վարչապետի մոտ քննարկելու... առաջիկա ծրագրի ուրվագծերը լինելու են Զինված ուժերի և բանակի նկատմամբ գերագույն գլխավոր հրամանատարի և վարչապետի տեսլականի վրա, որն է՝ անցում կատարել բանակաշինությունից դեպի ազգ-բանակի կառուցում, որովհետև, հաշվի առնելով այն իրականությունը, որում գտնվում է մեր պետությունը, այն տարածաշրջանը, այն քաղաքական մարտահրավերները, որ կան, ակնհայտ է, որ չափով մեծ բանակը շարունակելու է մնալ մեր իրականության մի մասը», - ասաց նախարարը՝ շարունակելով. - «Հետևաբար պետք է հասկանալ երկու կարևոր գործոն, առաջինը՝ ինչպես է պետք անել, որպեսզի բանակը, ինչպես հաճախ ընդունված է ասել, շատ ծանր բեռ լինելուց մեր տնտեսության և պետության համար, դառնա այդ տնտեսության և պետության առաջատարը, շոգեքարշը, և դա նշանակում է, որ ոչ միայն նրանք, ովքեր ծառայում են Զինված ուժերում, այլ ողջ ազգաբնակչությունը պետք է բանակի հետ կապված բազմաթիվ ծրագրեր ունենա՝ լինի դա գիտական, հետազոտական, տնտեսական, արդյունաբերական և այլն։ Բանակը կարող է այդ առումով դառնալ իրական ոչ թե խնդիր, այլ լուծում։ Երկրորդ կարևոր բաղադրիչն այն է, որ բանակը պետք է հասարակության հայելին պարզապես լինելուց, դառնա հասարակության դպրոցն ու դարբնոցը, այսինքն, բանակից զորացրվող զինվորը պետք է լինի շատ ավելի հայրենասեր, կրթված, ուժեղ, մարտունակ, քան այն երիտասարդը, որ զորակոչվում է Զինված ուժեր»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG