Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց Անդրիաս Ղուկասյանի միջնորդությունը. նա կշարունակի մնալ ճաղերի հետևում


Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանը գրավով ազատ չի արձակվի։

Վերաքննիչ դատարանն այսօր անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը, որով մերժվել էր քաղաքական գործչին մեկ միլիոն դրամ կամ այլ գրավի դիմաց ազատելու պաշտպանական կողմի միջնորդությունը։

«Բոլոր հիմքերը կային գրավ կիրառելու։ Որևէ հիմք չկա ընդհանրապես Անդրիաս Ղուկասյանին կալանքի տակ պահելու, բայց պահում են։ Քաղաքական պատվեր է, որը իրականացվում է դատարանների ձեռքով, վստահ եմ», - ասաց Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։

Մեժլումյանի պնդմամբ, քննչական մարմինը որևէ հիմք չի ներկայացրել, որ նա ազատության մեջ կխոչընդոտի գործի քննությանը։

«Ասեմ, որ նման հարցեր էր տրվում մեղադրանքի կողմին, դատախազին, թե ինչպիսի՞ փաստեր կան գործի նյութերից բխող, ի՞նչ փաստաթղթով է հիմնավորվում, որ կարող է Անդրիաս Ղուկասյանը խուսափել քննությունից, պատասխանը եկավ, որ չեն կարող ներկայացնել, որովհետև գաղտնիք է նախաքննական և այլն, մի խոսքով, ոչ մի նման փաստաթղթի հղում չկատարվեց, և նաև մերժողական պատասխան ստացվեց։ Նիստերը դրա համար են դռնփակ իրականացվում, որպեսզի այդ գաղտնիքը չբացահայտվի, մնա այդ պատերի արանքում։ Բնականաբար նման որևէ փաստաթուղթ չկա էլ», - ասաց փաստաբանը։

«Նոր Հայաստան» շարժման անդամի պաշտպանի պնդմամբ, Անդրիաս Ղուկասյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրվել են միայն երկու ոստիկանների ցուցմունքներ, այն ինչ՝ եղած տեսագրություններում երևում է, որ Սարի թաղի դեպքերի ժամանակ Ղուկասյանը փորձել է կանխել բախումը՝ կոչ անելով չհետևել սադրիչների գործողություններին։

Ըստ փաստաբանի, այսօր էլ դատարանում Ղուկասյանը հայտարարել է՝ ինքը շահագրգռված է, որ գործը բացահայտվի։

«Ինքն իր կերպարով, ինքը, որպես Անդրիաս Ղուկասյան, ընդհանրապես իր անցած ճանապարհով, բնականաբար, ինքը չի կարող նման բաներ թույլ տալ իրեն՝ խոչընդոտել, խուսափել և այլն, ավելին ասաց, որ ինքն է շահագրգիռ, որ այս գործը բացահայտվի, որովհետև ուրիշ մարդիկ պետք է այդ աթոռին նստես, այսպես ասած, որովհետև իրենք չէ, որ նման բաներ են կազմակերպել», - ասաց Մեժլումյանը։

Ղուկասյանի շահերի ներկայացուցիչները պատրաստվում են բողոքարկել նրան գրավով չազատելու որոշումը նաև Վճռաբեկ դատարանում։ «Ունենք միջնորդություն, երաշխավորություն անձնական Ազգային ժողովի պատգամավորների և այլ հանրահայտ անձանց, այսինքն, հեղինակություն վայելող անձանց կողմից ստորագրված, կներկայացնենք վարույթն իրականացնող մարմնին, տվյալ դեպքում հավանաբար դատախազին կներկայացնենք, որպեսզի դատախազը իրավունք ունենալով կալանքը վերացնել, վերացնի այն և թեկուզ անձնական երաշխավորություն կիրառեն որպես խափանման միջոց», - ասաց Անդրեաս Ղուկասյանի պաշտպանը։

Հուլիսի 29-ին Սարի թաղում «Սասնա ծռեր» զինված խմբի աջակիցների երթի արդյունքում տասնյակ քաղաքացիներ, այդ թվում՝ լրագրողներ էին տուժել։ Դեպքից հետո «Ժառանգություն» կուսակցության անդամներ Դավիթ Սանասարյանը, Արմեն Մարտիրոսյանը, և «Նոր Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանը կալանավորվեցին և նրանց մեղադրանք առաջադրվեց զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, ավելի ուշ Սանասարյանն ու Մարտիրոսյանը գրավի դիմաց ազատ արձակվեցին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG