Հումանիտար օգնությամբ երկրորդ օդանավը վայրէջք է կատարել Սիրիայի «Հմեյմիմ» օդային ռազմակայանում, Թվիթերի իր էջում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։
Օդանավը դիմավորել է Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը։
Նշենք, որ օդանավը Հայաստանից ճանապարհել են Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանը և Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը։
Հումանիտար օգնությամբ 1-ին օդանավը «Հմեյմիմ»-ում վայրէջք էր կատարել սեպտեմբերի 4-ին։ Հայաստանի արտգործնախարարությունը Թվիթերում շնորհակալություն էր հայտնել Ռուսաստանի արտգործնախարարությանը` հայաստանյան մարդասիրական օգնությունը Սիրիա տեղափոխելու համար:
Անցած շաբաթ արտգործնախարարությունը հաղորդել էր, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար մոտակա օրերին երկու ինքնաթիռով Սիրիա կառաքվի մարդասիրական օգնություն:
Ավելի վաղ էլ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարություն էր տարածել, որով խորին մտահոգություն էր հայտնում վերջին օրերին Սիրիայում ռազմական իրավիճակի սրման կապակցությամբ: