Մատչելիության հղումներ

Երթ դեպի «Նուբարաշեն» ՔԿՀ. «Հաց ենք տանում հաց բերողին»


Մի խումբ քաղաքացիներ այսօր Էրեբունու տարածքից երթով քայլեցին դեպի Նուբարաշենի բանտ, որտեղ գտնվում է զինված ապստամբության միջոցով իշխանափոխության փորձ կատարած «Սասնա ծռեր»-ին հաց տարած 50-ամյա Արթուր Սարգսյանը։

«Արթուր Սարգսյանը խղճի բանտարկյալ է ու պետք է ազատ արձակվի» կարգախոսով երթի մասնակիցներից Արա Պետրոսյանը ձմերուկ էր իր հետ բերել։ «Պարզապես ինքն ավելի քաջ է գտնվել, ավելի ռադիկալ է գտնվել, սնունդ է տարել, բայց այդ օրերին բոլորի ցանկությունն էլ այն էր, որ էդ մարդկանց աջակցություն հայտնվի։ Այդ իմաստով, ինքը հեչ էլ մենակ չի», - ասաց Պետրոսյանը։

Երթի նախաձեռնողը «Ժառանգություն»-ից Դավիթ Սանասարյանն է։ Նա ասաց, որ հաց են տանում «հաց բերողին»՝ այդպիսով ցույց տալով իրենց համերաշխությունը ըստ իրեն, քաղաքական հետապնդման ենթարկվող Սարգսյանին։ «Համ էլ Արթուրի գործն, այսպես ասած, մի փոքր շարունակում ենք։ Առաջին անգամ կլինեն ակցիաներ հենց Արթուրի կողմից, կփորձենք բոլորին հաց տանել, սա մեր առաջին քայլն է», - ասաց Սանասարյանը։

Նա նշեց, որ իրենք Արթուրին «խղճի բանտարկյալ» են համարում՝ շեշտելով՝ իշխանությունները նրան ապօրինաբար ճաղերի հետևում են պահում հաց տանելու համար։ Ըստ Սանասարյանի, Սարգսյանի այս արարքում որևէ հանցագործություն չկա։

«Շատ շատերն ուղղակիորեն որևիցե Քրեական օրենսգրքով դատապարտելի որևիցե գործողություն չեն իրականացրել, և նրանք այնտեղ են, որովհետև իշխանությունները դա ցանկացել են», - ասաց Սանասարյանը։

Հուլիսի 17-ին զինված ոստիկանության պարեկապահակային (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբին Արթուր Սարգսյանը, հիշեցնենք, սնունդ էր հասցրել։ Սարի թաղի բնակիչ, 50-ամյա Սարգսյանը հուլիսի 25-ին սեփական ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական շղթան ու մուտք գործել գնդի տարածք։

Նրան այժմ մեղադրում են զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ։ Ավելի վաղ նախաքննական մարմինը Սարգսյանին նույն մեղադրանքներն էր առաջադրել, ինչ զինված խմբի մյուս անդամներին։

Որդուն հաց տանելու ակցիային միացած հայրը՝ Ռոբերտ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում արցունքն աչքերին պատմում էր, որ նա առողջական լուրջ խնդիրներ ունի։ Նրան պետք է անհապաղ ազատ արձակել, ասաց հայրը։

«Նա երեք հիվանդություն ունի ծանր՝ պատերազմի վիրավոր, հաշմանդամ, գրիժա ունի, ողնաշարը փշրված վիրահատված, էդպիսի մարդուն մի ժամ չի կարելի բռնել», - ասաց հայրը։

Ռոբերտ Սարգսյանը պատմեց, որ որդին դեռևս ղարաբաղյան պատերազմից է հայտնի՝ զինվորներին թե՛ հաց, թե՛ զենք էր մատակարարում։

«Մեքենաներով զենք էր տանում, կինն էլ կռվում էր, ասում էր ՝«մի տար, քեզ, որ չեն տանում պատերազմ, խի՞ ես գնում»։ Էդ էլ եղավ պատճառ, որ ընտանիքը քայքայեց։ Հայրենիք էր պաշտպանում, ի՞նչ հայրենիք», - ասաց հայրը։

Ավելի քան 4 կիլոմետր քայլելուց հետո երթի մասնակիցները հասան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Ղեկավարությունից թույլտվություն ստանալով մտնել շենքի բակ՝ երթի մասնակիցները տեսակավորեցին բերած ուտելիքը։

Որոշեցին բերած սնունդն ու հիգիենայի պարագաներն ուղարկել ոչ միայն Արթուր Սարգսյանին, այլև «Սասնա ծռեր»-ից կողմից ՊՊԾ գնդի տարածքը գրավելուց հետո Խորենացի փողոցում մեկնարկած բողոքի ակցիաների ժամանակ զանգվածային անկարգությունների մասնակցելու և ոստիկանների նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ մեղադրվող մի քանի երիտասարդի։

Այդ օրերին Խորենացիից բերման ենթարկված, այնուհետև ազատ արձակված երաժիշտ Եղիշե Պետրոսյանը ևս մասնակցում էր երթին։ «Նորմալ տրամաբանության սահմաններում նա պետք է ազատ արձակվի, իսկ աննորմալ տրամաբանության սահմաններում, որի մեջ մենք ապրում ենք, ամեն բան սպասե է։ Արթուր Սարգսյանն ինձ դարձել է հարազատ, ես նրան ընդունում եմ որպես եղբայր», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պետրոսյանը։

Երթի մասնակիցներն ասացին, որ առաջիկայում կրկին հաց կբերեն թե՛ «հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանին, թե՛ այլ, իրենց բնորոշմամբ, քաղաքական բանտարկյալներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG