Մատչելիության հղումներ

Կարևոր է, որ «պաշտպանության նախարարը լինի քաղաքացիական անձ»


ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով, արխիվ
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր վերջապես նշանակեց պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, այդ կերպ ամբողջացնելով նոր կառավարության կազմը:

Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվեց, իսկ երկրի պաշտպանական ոլորտը 8 տարի ղեկավարած Սեյրան Օհանյանը հրաժեշտ տվեց իր պաշտոնին:

Պաշտպանության նախարար նշանակվեց 41-ամյա Վիգեն Սարգսյանն, ով անցած 5 տարիների ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր:

Այսօր Սերժ Սարգսյանն շնորհակալություն է հայտնել Վիգեն Սարգսյանին՝ նախկին պաշտոնում կատարած աշխատանքի համար, ապա ընդգծել, որ առաջիկայում նրա աշխատանքի արդյունքներով պայմանավորված է լինելու երկրի պաշտպանունակության ամրապնդումը:

Նկատենք, Վիգեն Սարգսյանը ունի և՛ ռուսական, և՛ արևմտյան կրթություն, նա ավարատել է Սանկտ Պետերբուրգի Քաղաքացիական ծառայության հյուսիսարևմտյան ակադեմիան՝ պետական կառավարում մասնագիտությամբ և ԱՄՆ-ի Թաֆթս համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլետչեր դպրոցը՝ իրավունքի և դիվանագիտության արվեստների մագիստրոսի կոչմամբ:

Ի դեպ, նորանշանակ պաշտպանության նախարարը 2000-ից 2003-ին ծառայել է Հայաստանի Զինված ուժերում՝ զբաղեցնելով պաշտպանության նախարարի ռեֆերենտի պաշտոնը:

«Վիգեն, մեկ անգամ ևս շնորհավորում եմ, քեզ հաջողություն եմ մաղթում, և ավելորդ է ասել, որ քո աշխատանքի արդյունքներով է նաև պայմանավորված լինելու մեր երկրի առաջընթացը, էլ չեմ խոսում՝ պաշտպանունակության հետագա ամրապնդումը», - ասել է նախագահը։

Նշենք, որ այսօրվանից նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմը կղեկավարի Արմեն Գևորգյանը, ով մինչև վերջերս զբաղեցնում էր Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:

Հիշեցնենք, 2006-ից 2008-ը Արմեն Գևորգյանը ղեկավարել է Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմը:

«Վստահ եմ, որ այս պաշտոնում ևս Արմեն Գևորգյանը դրսևորելու է իր կամային հատկանիշները, կարողանալու է մի աստիճան ևս բարձրացնել այն հնարավորությունները, որ ունի այստեղ հավաքված կոլեկտիվը և մեր պետությունն ընդհանրապես», - ասաց նախագահը։

Գևորգյանն էլ վստահեցրեց, որ իրենից կախված ամեն ինչ անելու է, որպեսզի այս ինստիտուտի դերն ու նշանակությունը միշտ բարձր լինի։

Թե ինչու նախագահ, իշխող Հանրապետականի ղեկավար Սերժ Սարգսյանը որոշեց փոխարինել Սեյրան Օհանյանին Վիգեն Սարգսյանով, Հանրապետականի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե 21-րդ դարում կարևոր է, որպեսզի պաշտպանության նախարար լինի քաղաքացիական անձ:

Շարմազանով. - Մեր պետության համար առաջնային է, որպեսզի պաշտպանության նախարար լինի ոչ թե զինվորական, այլ՝ քաղաքացիական անձ, և նաև դրանով է պայմանավորված եղել, որ քաղաքացիական անձ լինի պաշտպանության նախարար, որը կզբաղվի ռազմական դիվանագիտությամբ, սոցիալական հիմնախնդիրներով, ազատամարտիկների հիմնախնդիրներով, ոչ թե ուղիղ կզբաղվի Զինված ուժերի մարտունակությամբ, դա Գլխավոր շտաբի լիազորություններն է, այլ կզբաղվի այլ գործունեությամբ։ Սա չի նշանակում, որ Սեյրան Օհանյանը վատ է աշխատել, մենք մշտապես շատ բարձր ենք գնահատել պարոն Օհանյանի ծառայությունները՝ և՛ մեր բանակում, և՛ Արցախում։ Նա Արցախի հերոս է, հարգանքի արժանի անձնավորություն։ Եվ շատ լավ ճանաչելով պարոն Վիգեն Սարգսյանին, համոզված եմ, որ նա լավագույնս կիրականացնի այն լուրջ գործառույթները, որոնք դրվելու են նրա վրա, որովհետև 21-րդ դարում, օրինակ, տեսեք, նույն Վրաստանում, պաշտպանության նախարարը ոչ միայն զինվորական չէ, այլև կին է, դրա համար, մենք պետք է հասկանանք, որ պաշտպանության նախարարը զինվորական պաշտոն չէ, գեներալի պաշտոն չէ, զինվորական բարձրագույն պաշտոն է, դա Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն է։

«Ազատություն». - Դա՞ էր միակ պատճառը Սեյրան Օհանյանին Վիգեն Սարգսյանով փոխարինելու, թե՞ այլ պատճառներ կային, և նաև ապրիլյան քառօրյա պատերազմը հաշվի առնելով որոշակի հետևություններ են արվել։ Պատերազմը որևէ կերպ ազդեցություն չունեցա՞վ այս փոփոխության որոշման վրա։

Շարմազանով. - Ես չեմ կարող ասել։

«Ազատություն». - Սեյրան Օհանյանի ճակատագիրն ինչպե՞ս է լինելու, նրան որտե՞ղ ենք տեսնելու։

Շարմազանով. - Չեմ կարող ասել, բայց ես ինչքանով որ տեղյակ եմ, մենք կցանկանայինք, և միգուցե տեսնենք պարոն Օհանյանին այլ ոլորտում, բայց ինքը պետք է որոշի, թե իրեն որտեղ է տեսնում։

«Ազատություն». - Պարոն Շարմազանով, Դուք ասացիք, որ շատ կարևորվում է, որպեսզի քաղաքացիական անձ լինի։

Շարմազանով. - Քաղաքակիրթ աշխարհը գնում է այդ ճանապարհով՝ զինվորական բարձրաստիճան պաշտոնյան Գլխավոր շտաբի պետն է և Գլխավոր շտաբի պետն է զբաղվում բանակի մարտունակության, մարտավարական և այլ խնդիրներով։ Իսկ պաշտպանության նախարարի ֆունկցիաներն այլ են, և, կարծում եմ, որ պարոն Վիգեն Սարգսյանը կարող է լավագույնս իրականացնել այն պարտավորությունները՝ այն լիազորությունների շրջանակում, որն իր վրա դրել է Հայաստանի Հանրապետության նախագահը։

«Ազատություն». - Նույնիսկ պատերազմական շրջանո՞ւմ, ի վերջո մենք անընդհատ պատերազմական վիճակում ենք։

Շարմազանով. - Եվ երկրորդ կարևոր մեսիջն եմ ուզում ձեզ տալ, որ, ի վերջո, մեր երկրում գերագույն գլխավոր հրամանատարի փոփոխություն տեղի չի ունեցել, մենք ունենք Հայաստանի Հանրապետության նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյան, որը, ինքը գրեթե եզակի գործիչներից է, որ պատերազմական գործողությունների առաջին օրից մինչև այսօր գիտի՝ ինչ է կատարվում բանակում, բանակը գիտի ուղնուծուծով, և, Աստված մի արասցե, եթե լինի պատերազմական գործողություններ բանակը և հասարակությունը ապահով ձեռքերում են, որովհետև գերագույն գլխավոր հրամանատարը չի փոխվում։

«Ազատություն». - Վերջին հարցը՝ արտգործնախարարը վերանշանակվել է, այս որոշումն ինչո՞վ է պայմանավորված։

Շարմազանով. - Պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական վեկտորը փոփոխություններ չի կրելու։

«Ազատություն». - Ի վերջո, եթե նա վերանշանակվելու էր, ինչո՞ւ անմիջապես չէր վերանշանալվում, կարծես թե, այստեղ ինչ-որ խնդիրներ կային։

Շարմազանով. - Եթե վարչապետը հրաժարական է տալիս, պետք է միանգամից նաև կառավարության անդամները հրաժարական տան, իսկ պարոն Նալբանդյանը Հայաստանում չէր։

«Ազատություն». - Միայն դրանո՞վ էր պայմանավորված։

Շարմազանով. - Ես խնդրում եմ, մութ անկյունում կատու մի փնտրեք, կատու չկա՝ ո՛չ մեր ուսերին, ո՛չ ձեր ուսերին։

«Ազատություն». - Նալբանդյանին վերանշանակելու որոշումը միայն Հայաստանո՞ւմ կայացված որոշում է։

Շարմազանով. - Իմ համոզմամբ, Հայաստանի բոլոր նշանակումները, վերանշանակումներն ու ազատումները միայն Երևանում են որոշվում և Աստված տա այդպես էլ շարունակվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG