Գյումրիում կիրակի օրն անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների նախնական արդյունքներով՝ անցողիկ 6 տոկոսի շեմը հաղթահարել են «Բալասանյան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ» և ԳԱԼԱ կուսակցությունները:
Ավագանու 33 մանդատը բաժին կհասնի այս չորս քաղաքական ուժերին՝ իրենց ստացած քվեների մասնաբաժնով:
Ընտրությունների մասնակից մյուս 7 կուսակցությունները ստացել են 1-ից մինչև 5 տոկոս:
Քվեարկությանը մասնակցել է շուրջ 46 հազար ընտրող՝ գրեթե նույնքան, որքան ՏԻՄ նախորդ ընտրություններին:
Երեկ մինչև քվեաթերթիկների հաշվարկի գործընթացը «Ազատության» նկարահանող խմբերը շրջեցին մի քանի տեղամասերում: Հիմնականում նկատվում էին կուտակումներ տեղամասերի տարածքների մոտ, և նկարահանող խմբի մոտենալուն պես մարդիկ հեռանում էին:
Մի քանի տեղամասերում խախտումներ էին արձանագրել դիտորդները՝ ցուցակներից անձնական տնվյալների արտագրություն, ինչ-որ ուղղորդող թղթեր:
«Բալասանյանի վստահված անձը հանում էր բաների միջից համարները, գրում թերթիկների վրա, որ եկող անցորդին էդ թերթիկը տար՝ մտնեին ներս, էդ թերթիկի համարով գրանցում կատարեին, ու բռնեցին ձեռքը, ու վիճաբանությունը գնաց», - պատմեց դիտորդներից մեկը:
Մի տղամարդ «Ազատությանը» թույլ չէր տալիս նկարահանել, պահանջելով՝ «կամերադ էն կո՛ղմ տար», հարցին էլ, թե ինքն ո՞վ է, արձագանքեց․ - «Ե՞ս, Հայաստանի քաղաքացի եմ, ո՞վ եմ: Մենակ ընձի մի՛ նկարեք, ում կուզեք նկարեք»:
ԳԱԼԱ կուսակցության երկրորդ համարը՝ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ասաց, որ բազմաթիվ ահազանգեր է ստացել ընտրախախտումների վերաբերյալ: «Ազատության» հարցին, թե ի՞նչ է փոխվել մյուս ընտրությունների համեմատ, նա պատասխանեց․ - «Կա առանձնահատկություն տեղական ընտրությունների և համապետական ընտրությունների միջև, տարբերություն կա: Տեղական ընտրությունների ժամանակ ավելի ժրում և ավելի համառ են դառնում թաղային ջահելությունը, ովքեր թվում է, թե մաքառում են իրենց սեփական մաշկի համար: Պետական ընտրությունների ժամանակ էնքան ժրաջան չեն, էլի, իրենք, ինչ-որ բաներ անում են․․․»:
«Հիմնական ահազանգերը՝ թաղերում կազմակերպված մարդկանց տեղամասեր բերելու, խմբերով, և դրա հետ կապված՝ մի շարք տեղամասերի հարակից թաղամասերում ընտրակաշառք բաժանելն է, որոնք ակնհայտ չեն, ակնհայտ էլ լինեն՝ կասեն՝ «էս մեկը ինձ փող էր պարտք, բերեց տվեց, ի՞նչ է եղել»: Սա նորություն չէ: Տեղամասերի դեմ փորձում են կուտակվել, իհարկե՝ լրագրողներ, դիտորդներ, վստահված անձինք այս անգամ անհամեմատ շատ են և անհամեմատ ակտիվ են, և այդ հսկողությունը թույլ է տալիս ուղիղ տեղամասի դիմացից ցրվել: Բայց հենց ոտդ քաշում ես՝ էլի հավաքվում են», - ասաց Բարսեղյանը:
Շիրակի մարզում Գյումրիից բացի ևս 73 համայնքում երեկ անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ: Տեղական ինքնակառավարման մարմինների այս ընտրությունները Շիրակի մարզի համար իսկական փորձաքար էին․ համամասնական ընտրակարգով առաջին անգամ ընտրություններ անցկացվեցին Գյումրիում, առաջինն էին նաև ընտրությունները խոշորացված համայնքներում՝ Ամասիայի գյուղապետը կղեկավարի 9 համայնք, իսկ Աշոցքինը՝ 11: