Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահի կարծիքով, թուրքականին նմանվող ռաբիսը տեղ չունի Հանրայինի եթերում


Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը կարծում է՝ թուրքականին նմանվող ռաբիսը տեղ չպետք է ունենա հանրային հեռուստաալիքի եթերում․ - «Իհարկե, էդ թուրքական կլկլոցները պիտի չլինեն»:

Ազգային ժողովի նախագահը խոստովանեց՝ երբեմն ինքն էլ ռաբիս է լսում, սակայն տարանջատում է՝ կա լավ և վատ ռաբիս երաժշտություն:

«Կարծում եմ մենք էնպիսի երաժշտական կոթողներ ունենք, որ ավելի լավ է մեր ժողովուրդը դրան վարժվի, իսկ ինչ վերաբերում է ռաբիսին՝ սովետի ժամանակ ստեղծվել է, որպեսզի որոշակի խավեր կարողանան այդ երաժշտության տակ իրենց խնջույքը, թաղումը, մոտեցումները ամեն ինչ ձևավորեն և դրա հետևանքով բավականին լավ երաժշտություններ են ստեղծվել: Օրինակ՝ ռաբիս երգողներից, ո՞նց էր ազգանունը․․․ շլյապայով․․․ այո Թաթայի երգած ռաբիսը լավ ռաբիս է», - ասաց ԱԺ նախագահը:

Հանրային հեռուստաալիքի եթերում ցուցադրվող «Ամենակարող երգիչ» նախագիծը, որի նպատակն է ռեստորանային երգիչներին հարթակ տրամադրել, սոցիալական ցանցերում որոշակի դժգոհության և քննարկումների առարկա դարձել: Այսպես կոչված 6/8 երաժշտությունը հարկատուների գումարներով քարոզելու դեմ անգամ ստորագրահավաք էր սկսվել change.org կայքում, քանի որ «նախագիծը իսկական սպանդ է հայ մշակույթի հանդեպ»:

Երեկ նախագահականը հրապարակեց տեսանյութ, որում «Ամենակարող երգիչ» նախագծի մասին խոսում է նախագահ Սերժ Սարգսյանը․ - «Կարելի է մինչև հաղորդում տվյալ ոլորտի մասնագետների հետ խորհրդակցել, փորձել հասկանալ իրենց ցանկությունները, թե լսարանին ի՞նչ է հարկավոր»:

«Փորձ կա, հանդիպումներ կա, երևի ավելի հաճախ է պետք շփվել, որ ավելի ճիշտ գտնել այդ զարկերակը», - արձագանքել էր Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը կարծում է, որ խնդիրը չպետք է հասներ նախագահի միջամտությանը:

«Արդեն ինքը՝ Հանրային հեռուստատեսության խորհուրդը պետք է համարեր, որ դա հանրայինի եթերին հարիր չէ: Ցավոք հանրայինը այդպես չի գործում,հանրայինը չի հետևում այն պահանջներին, որոնք որ ներկայացվում են նրան: Եվ բանը հասնումէ նրան որ պետք է նախագահը ասի: Դե մեր երկիրը այնպիսին է, որ ամեն ինչ կախված է գլխավոր դեմքից: Ստացվում որ, այո, «Տարոն ջան, սիրոն չի» է: Դա արդեն միտում է և ցավոք շարունակվում է», - ասաց Աշոտ Մելիքյանը:

Մելիքյանի խոսքով, թեև երաժշտական նախասիրությունը ճաշակի հարց է, սակայն Հանրային հեռուստաընկերությունը որոշակի չափանիշների և պահանջների պետք է համապատասխանի:Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավարը շեշտում է՝ ռաբիս երաժշտությանը հարթակ տրամադրած այս հաղորդումըՀանրային հեռուստատեսության միակ խնդիրը չէ, լուրջ բարեփոխումներ են անհրաժեշտ:

«Առհասարակ Հանրային հեռուստատեսությունը լուրջ բարեփոխումների կարիք ունի: Հիմնովին պետք է բարեփոխել այդ կառույցը: Բազմաթիվ չափանիշներով այդ կառույցը չի համապատասխանում իր կոչմանը», - նշեց Մելիքյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG