Մատչելիության հղումներ

Սուրիկ Խաչատրյան․ «Ինձանից էլ հրաժարական պահանջող չի եղել»


Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն առողջական պատճառներով հրաժարականի դիմում չի ներկայացրել, Ազատության հետ հեռախոսազրույցում Խաչատրյանը հերքեց մամուլում տարածված տեղեկությունները:

«Առողջությունս արտակարգա, ես հրաժարականի դիմում չեմ գրել, ինձանից էլ հրաժարական պահանջող չի եղել: Ես իմ բնականոն աշխատանքին եմ, շնորհակալություն, որ մտահոգված ես, ուզում եմ, որ չմտահոգվես՝ ամեն ինչ նորմալա», - հայտարարեց Սյունիքի մարզպետը:

Նախագահի կողմից փոփոխությունների սիմվոլ հռչակված Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո սկսեցին տեղեկություններ շրջանառվել, որ նոր վարչապետը չի ցանկանում Սյունիքի մարզպետի պաշտոնում տեսնել բազմաթիվ հանցագործությունների հետ կապվող Սուրիկ Խաչատրյանին, այդուհանդերձ, որևէ պաշտոնական հաստատում դեռևս չի եղել:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ևս Սուրիկ Խաչատրյանի հրաժարականի մասին տեղեկություն չուներ:

«Տեղեկացված չեմ, իմ տեղեկություններով նա աշխատանքի է: Երեկ մարզում եղել են նախարարությունից, ինքը աշխատանքի է եղել», - ասաց Լոքյանը:

Արդյո՞ք առաջիկայում սպասվում է Սուրիկ Խաչատրյանի կամ այլ մարզպետի փոփոխություն, այս հարցը տարածքային կառավարման նախարարն առաջարկեց ուղղել վարչապետ Կարեն Կարապետյանին:

Քաղաքագետ Անուշ Սեդրակյանի խոսքով՝ մարզպետները Հայաստանում ծառայում են ընտրությունների ժամանակ իշխանություններին ձայն բերելու համար, բայց աղմկահարույց գործերով հայտնի մարզպետներին հանելը իշխանության վարկանիշը բարձրացնելու ամենակարճ ու արդյունավետ ճանապարհը կլինի:

«Կան ֆեոդալներ, այսինքն մարդիկ, ովքեր մարզում տնօրինում են այնտեղ ապրող մարդկանց անձնական կյանքը, ճակատագիրը, երբեմն՝ մահը, որովհետև տեսնում ենք, որ կան բավականին աղմկահարույց դեպքեր: Դիմացը ընտրություններն են, և այդ բոլոր մարզպետները հանճարեղ ընտրակեղծարարներ են և լավ են կազմակերպում, բայց, այնուամենայնիվ, նրանց պաշտոնանկ անելը ավելի լավ ձայնային մեխանիզմ է, քան հակառակը», - «Ազատության» հետ զրույցում նշեց քաղաքագետը:

Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցնում է 2004 թվականից՝ շուրջ 11 տարի: 2013-ին Խաչատրյանի տան մոտ սպանվեց գործարար Ավետիք Բուդաղյանը, դեպքից 5 օր անց կառավարության որոշմամբ Խաչատրյանն ազատվեց մարզպետի պաշտոնից: Միջադեպից հետո Խաչատրյանի որդին ու օգնականը 3 ամիս կալանքի տակ մնալուց հետո ազատ արձակվեցին, իսկ միակ անձը, որ կատարվածի կապակցությամբ քրեական հետապնդման ենթարկվեց սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայր Արտակ Բուդաղյանն էր: Դեպքից շուրջ մեկ տարի անց Խաչատրյանը վերանշանակվեց մարզպետի պաշտոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG