Իշխող Հանրապետականը պատրաստ է նաև ինքն իր դեմ պայքարել՝ իր կուսակիցներին ստվերից հարկային դաշտ բերելով: Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշեց իշխող Հանրապետականի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով վարչապետ Կարեն Կարապետյանի երեկ արած այն հայտարարությանը, թե երկիրը երկիր չի դառնա, եթե ստվերն այդպես էլ հարկային դաշտ չբերեն:
«Մեր մոտեցումը հետևյալն է, եթե մենք ստվերը դաշտ չբերենք, ինչ ուզում է անենք, մենք երկիրը երկիր չենք սարքելու», - հայտարարել է վարչապետը։
Շարմազանով. - Այո, համաձայն եմ, իհարկե միշտ էլ քայլեր ձեռնարկել ենք և խոսել ենք, որ Հայաստանում մի քանի կարևոր խնդիրներ կան, որոնցից մեկը կոռուպցիան է, ստվերն է, անարդարությունն է։
«Ազատություն». - Պարոն Շարմազանով, ո՞վ էր խանգարում Հանրապետականին մինչև օրս վերջապես այդ ստվերը բերել հարկային դաշտ։
Շարմազանով. - Այստեղ խանգարել-չխանգարելու խնդիր չկար, կային օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմաններ։ Ես այն քաղաքական գործիչը չեմ, որ շատ հետ նայեմ, ինչքան շատ հետ նայենք, այնքան վիզներս ծուռ կմնա, պետք է առաջ նայենք և օժանդակենք վարչապետին և կառավարությանը, այն հավակնոտ ծրագրերը, որոնք որ նա դրել է, իրականացնենք միասին։
«Ազատություն». - Հովիկ Աբրահամյանն էլ եկավ ու հայտարարեց, որ սկսելու է իր բարեկամներից, ու այդպես էլ որևէ հաջողություն տեղի չունեցավ, հիմա Կարեն Կարապետյանն է եկել...
Շարմազանով. - Այնպես չէ, որ Հովիկ Աբրահամյանը որևէ հաջողություն չունեցավ, ես Հովիկ Աբրահամյանի վարչապետական տարիները բավականին դրական եմ գնահատել։
«Ազատություն». - Բայց երկիրը երկիր այդպես էլ չդարձավ, ինչպես Կարեն Կարապետյանն ասաց։
Շարմազանով. - Մեր երկիրը երկիր է և մեր երկիրը աշխարհի ամենալավ երկիրն է։ Մնում է այդ երկրում ամեն օր աշխատենք՝ յուրաքանչյուրս մեր տեղում, որպեսզի այն վատ երևույթները, որ կան, չկրկնվեն։
«Ազատություն». - Ի վերջո, գուցե նաև ձեր ներսո՞ւմ են այդ անձինք, ովքեր չեն թողնում, որ երկիրը երկիր դառնա, և այս ստվերը շարունակում է մնալ բավական ահռելի քանակությամբ։
Շարմազանով. - Ուրեմն, երկիրը երկիր դառած է, պարզապես երկիրը պետք է դարձնենք ավելի ծաղկուն ու ավելի գեղեցիկ ու ավելի արդար, ավելի հավասար։
«Ազատություն». - Իշխանության մեջ չե՞ն այդ ստվերը պահողները։
Շարմազանով. - Ես տնտեսական գործիչ չեմ և գործունեություն երբեք չեմ ծավալել, և ես ասում եմ՝ կա պրոբլեմ, պրոբլեմը պետք է լուծել, ընդամենը սա, ով է մեղավոր, ով չէ մեղավոր... պատասխանատուն մենք ենք։
«Ազատություն». - Խնդիրը պետք է տեսնել՝ ովքե՞ր են ստվերը պահողները, հայտնաբերել նրանց, բերել հարկային դաշտ։ Ամեն ինչ շատ պարզ է։
Շարմազանով. - Ամեն ինչ աստիճանաբար կարվի։ Ես դեմ եմ ձեր կողմից ռադիկալ գնահատականներին, պարզապես ասում եմ՝ խնդիրը դրված է, պետք է լուծել։
«Ազատություն». - Պատրա՞ստ է իշխանությունն ինքն իր դեմ պայքարել, ինքն իր կուսակիցների, իր անդամների դեմ պայքարել՝ նրանց բերելով ստվերից դեպի հարկային դաշտ։
Շարմազանով. - Այո, պատրաստ է, միշտ պատրաստ։
Նկատենք՝ այն, որ ստվերը Հայաստանի տնտեսության մեջ զգալի մաս է կազմում, փաստել էր Արժույթի միջազգային հիմնադրամը: Ավելին, Համաշխարհային բանկի հայաստանյան ներկայացուցիչը ժամանակին հայտարարել էր, թե Հայաստանում ստվերային տնտեսությունը կազմում է 35-40 տոկոս:
Հանրապետականները, սակայն, վստահեցնում են՝ այս անգամ իշխանությունն ավելի ռադիկալ փոփոխություններ է ցանկանում կատարել, կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարի նախկին տեմպն իշխանությանն այլևս չի գոհացնում: