Մատչելիության հղումներ

«Գործարար» կուսակցությունը կարծում է՝ բիզնեսը պետք է զարգանա քաղաքականությանը զուգահեռ


Գյումրիի ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող նորաստեղծ «Գործարար» կուսակցությունը մեծ ծրագրեր ունի, սակայն փոքր ֆինանսական հնարավորությունների պատճառով նախընտրական մեծ ֆորմատով հանդիպումներ չեն կարողանում կազմակերպել:

Նորաստեղծ կուսակցության ավագանու ցուցակը գլխավորում է կուսակցության հիմնադիր Գեղամ Բաղդասարյանը: Նա «Ազատության» հետ զրույցում նշեց, որ այլ քաղաքական ուժերի հետ համագործակցելու առաջարկներ են ստացել:

«Համարյա թե բոլորից էլ առաջարկություններ եղել են: Մեկը վախեցնելու կարգով է եղել, մեկը՝ հրավերքի, բայց մենք փորձել ենք մեր ոչ մեկի հետ․․․ Մեր գաղափարի հետ համահունչ քայլող չի եղել», - ասաց Բաղդասարյանը:

Բաղդասարյանի խոսքով, երիտասարդներով համախմբվել են, ներդրել են իրենց ունեցած ռեսուրսները ու ցանկանում են որ բիզնեսը զարգանա քաղաքականությանը զուգահեռ, բայց նրա խոսքով, ընտրողն իրենց ճանաչելու խնդիր ունի:

«Քաղաքականությունն ու բիզնեսը, որ հիմա իրար հետ չենք կապում, շատ սխալ է: Պետք է պայքարել դրա դեմ, որ բիզնեսը կապ ունենա քաղաքականության հետ: Եթե թույլ չենք տալիս, որ պաշտոնյան ունենա բիզնես, ինքնըստինքյան պետք է պաշտոնյան խաբի: Մենք էլ պիտի խաբված վիճակում մնանք: Դրա համար բերեք ջրի երես ամեն ինչ անենք, ընդամենը պետք է կոռուպցիայի խնդիրը լուծենք», - ասաց Բաղդասարյանը:

«Գործարար» կուսակցության անվանումը հուշում է, որ այն գործարարներն են հիմնել: Գեղամ Բաղդասարյանն ասում է, որ Գյումրիում հնարավորություն կա աշխատատեղեր բացել, օրինակ, այն ինչ գնում է քաղաքապետարանը կարող է հենց ինքն քաղաքապետարանն արտադրի հետո նաև վաճառի:

«Մենք առաջարկել ենք արևային ակումլյատորներով, լեդ լամպերով փողոցային լուսավորության խնդիրը: Մեր քաղաքապետը, ինչքան տեղյակ եմ, պայմանագիր ունի, որ Անգլիայից էդ լամպերը ներկրի: Մենք կարող ենք Անգլիայից ներկրելու փոխարեն Չինաստանից ընդամենը մի քանի ստանոկ բերենք, էդ փոքրիկ արտադրամասը ստեղծելով մենք կունենանք 100-ից ավելի աշխատատեղ», - նշեց Գեղամ Բաղդասարյանը:

Ի դեպ, քաղաքում շրջանառվող լուրերի համաձայն դուռ ու պատուհանի արտադրություն ունեցող գործարար քաղաքապետի թեկնածուն պարտքեր ունի: Գեղամ Բաղդասարյանը չհերքեց ասել, թե չկա մի գործարար, որ բիզնեսում վայրէջք ու վերելք չունենա․ - «Չեմ ժխտում, կա էդպիսի բան: Եթե գործարար ես, ցանկացած խնդրի հետ էլ կառնչվես»:

Նախընտրական Գյումրիում նորաստեղծ կուսակցության ղեկավարը լարվածություն չի նկատում:

Գյումրիի ՏԻՄ ընտրություններին ավագանու 33 տեղի համար պայքարում է 411 թեկնածու: 10 կուսակցություն ու մեկ դաշինք, ընդ որում՝ 3 կուսակցություն ընտրություններից ընդամենը 2-3 ամիս առաջ են բացվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG