Չեմ եկել խնդրելու ո՛չ ձեզ, ո՛չ մթերողներին, աղավնաձորցիների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց Գյուղատնտեսության նորանշանակ ղեկավար Իգնատի Առաքելյանը։ Նախարարն առաջին աշխատանքային այցով Վայոց ձոր էր եկել, որտեղ գյուղացիներն ամիսներ շարունակ բողոքի ակցիաներ են անցկացնում, պահանջելով նախորդ տարի մթերված խաղողի գումարը: Գյուղնախարարը նշեց, որ գյուղացիների հանդեպ պարտքեր կուտակած ընկերությունը՝ «Վեդի Ալկո»-ն, այսօրվանից սկսել է վճարումներ կատարել։
«Անցյալ տարվա պարտքի հարցը լուծված է, երևի գիտեք արդեն: Գումարը որոշ ժամանակ հետո կլինի, բոլոր պարտատերերը իրենց գումարները կստանան», - ասաց նախարարը:
Առաքելյանն առաջարկեց խաղողագործությանը որպես բիզնես վերաբերվել, պետք եղած դեպքում էլ խաղողի գինն իջեցնել, գյուղացիները չհամաձայնեցին։
«Մենք պետք է հիմա ոչ թե ճանապարհ փակենք, այլ գտնենք լուծում էս իրավիճակից։ Ես ձեզ առաջարկում եմ, երբ որ 20 տոկոսով աճում ա, գինն իջեցրեք 20 տոկոսով: Արտադրողն ավելի շատ կգնի, ավելի շատ պահանջարկ կգա: Էդ դեպքում մենք կգանք կհասնենք քանակի: Բոլոր խնդրող դերում են՝ դուք, արտադրողը, պետությունը: Իրարից խնդրում ենք», - նշեց առաքելյանը:
«Թունաքիմիկատները թանկացան, ջուրը թանկացավ վառելիքը թանկացավ, հիմա ինքնարժեքը պետք է իջնի․․․» , - արձագանքեց գյուղացիներից մեկը:
Գյուղացիները զարմանում էին, ինչպես է, որ գրեթե բոլոր գինի, կոնյակ արտադրողները «Արենի» տեսակի գինի ունեն, մինչդեռ իրենց մոտ արտադրվող նույն տեսակի խաղողը չի իրացվում։ Նրանց կարծիքով հումքը կեղծվում է։ Ոլորտի ղեկավարը խոստացավ վերահսկողություն սահմանել։
Գյուղատնտեսության նախարարը նաև աղավնաձորցիներին առաջարկեց ուժերը միավորել ու մի քանի տնտեսություններով սեփական արտադրություն սկսել։ Աղավնաձորցիները նշեցին, որ դեմ, չեն, սակայն կդժվարանան մեծ ընկերությունների, հենց նույն «Վեդի Ալկո»-ի հետ մրցակցել։
Գյուղացիներից հետո Իգնատի Առաքելյանը Վայոց Ձորի մարզպետարանում մթերող ընկերությունների ղեկավարների հետ հանդիպեց։ Նրանք էլ իրենց հերթին վարկերի տոկոսադրույքներից էին բողոքում ու նշում էին, որ սնանկացման եզրին են։ Հատկապես տուժել են Ռուսաստանում տարադրամի փոխարժեքի տատանումներից հետո ու այժմ կառավարության աջակցության կարիքն ունեն։
«Մի քիչ տրամաբանական վարկ դրեք: Վերջիվերջո 10, 12, 13 տոկոս պրակտիկապես դա անհնարա: Գործարանները ենթարկվում են բանկրոտի:5 տարի հետո, աղավնաձորցին չէ, լեռնաշենցին, եղեգնաձորցին էլի կլինեն ոտքի վրա», - ասաց մթերողներից մեկը:
Թեև մի քանի օրից մթերումներն արդեն սկսվելու են, սակայն ընկերությունները դեռ պատրաստ չեն գին հայտարարել։ Գյուղնախարարն ասաց՝ գինը գյուղացիների հետ պետք է համաձայնեցնել:
Լրագրողների հետ զրույցում նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, թե ոչ միայն այս այլև բազմաթիվ այլ խնդիրներ են լուծելու, այդ թվում գյուղացիների հետ պայմանագրերի կնքման, ապահովագրության ու լիցենզավորման խնդիրներին վերաբերող։ Նա սակայն ընդգծեց, դրա համար ժամանակ է պետք։