Մատչելիության հղումներ

Կառավարությունն առաջնորդվելու է նոր մոտեցումներով․ Դավիթ Հարությունյան


Կառավարության աշխատակազմի վերանշանակված ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով՝ նոր կառավարությունն առաջնորդվելու է նոր մոտեցումներով, անկախ նրանից՝ քանի նախարար է փոփոխվել։ Հանրապետականը, որպես պահպանողական կուսակցություն, փոփոխում է այն, ինչ անհրաժեշտ է՝ պահպանելով այն, ինչ հնարավոր է, «Ազատությանն» ասաց Հարությունյանը։

«Մենք խոսում էինք նոր մոտեցման մասին, նոր սկզբի: Պետք չէ պայմանավորել քանակական գնահատականներ տալով, թե կազմը ամբողջովին փոխվեց, կամ փոխվեց այսքան տոկոսով, ու եզրակացություններ կազմել: Խոսքը այլ մոտեցումների մասին է, և դրա մասին խոսել է և վարչապետ Հովիկ Աբրահամյանը, երբ ներկայացրեց իր հրաժարականը, դրա մասին խոսեց և նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը», - ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Դիտարկմանը, թե նույն մարդիկ սկսելու են այլ կերպ աշխատել՝ Կարապետյանն արձագանքեց․ - «Ինչո՞ւ նույն: Ես չեմ կիսում ձեր գնահատականը: Նախևառաջ այն ոլորտներում, որտեղ պահանջվում է փոխել ուղղությունը, այդ ոլորտներում նշանակված են նոր մարդիկ: Իսկ դա չի նշանակում փոխել ամեն ինչ: Ի վերջո ուզում եմ ձեզ հիշեցնել կարևորագույն կարգախոսը ցանկացած պահպանողական կուսակցության, որոնց թվին է դասվում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որի թիմն է ներկայացված կառավարությունում ՝ փոփոխել այն, ինչ անհրաժեշտ է, պահպանել այն, ինչ հնարավոր է»:

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով գրեթե վերջնականացավ նոր կառավարության կազմը: Բացի Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարություններից՝ մյուս գերատեսչությունների ղեկավարներն արդեն հայտնի են, ընդհանուր առմամբ, կառավարությունն արդեն ունի 17 նախարար, սակայն նրանցից նոր են միայն 8-ը։

Տնտեսագետ Բաբկեն Թունյանը, համադրելով նշանակված նախարարների նախկին պաշտոններն ու զբաղվածությունը այլ ոլորտներում , հաշվարկել է, թե որքանով է փոխվել կառավարությունը նախորդի համեմատությամբ։

«Եթե եկել են մասնավոր սեկտորից, օրինակ՝ Լևոն Ալթունյանը, կամ Իգնատի Առաքելյանը, նրանց դեպքում համարում եմ, որ հարյուր տոկոսանոց փոփոխություն է, իսկ օրինակ Հրանուշ Հակոբյանի դեպքում համարում ենք, որ զրո տոկոս փոփոխություն է: Ու, ըստ կշիռների հաշվելով, զուտ կազմի առումով՝ մարդկանց առումով, կառավարության կազմի փոփոխության խորությունը 35-37 տոկոս է, այսինքն՝ 1/3-ով է, ըստ էության, կառավարության կազմը թարմացվել», - ասաց Բաբկեն Թունյանը:

Նախագահը օրեր առաջ ներկայացնելով նոր վարչապետին՝ հայտարարեց, որ նա ունակ է առաջնորդել փոփոխությունների մեծ ալիքը Հայաստանում։

«Ես վստահ եմ՝ արդյունավետ աշխատելով՝ Կարեն Կարապետյանը կկարողանա դառնալ փոփոխությունների յուրօրինակ սիմվոլը Հայաստանում», - ասել էր նախագահը:

Փոխվել են հիմնականում տնտեսական ոլորտը համակարգող գերատեսչությունների ղեկավարները՝ էկոնոմիկայի, ֆինանսների, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի նախարարները։ Եթե կառավարության կազմը հարյուր տոկոսով էլ փոխվեր, միևնույն է՝ տնտեսական էական զարգացման ակնկալիք պետք չէ ունենալ, քանի դեռ չկա փոփոխություն քաղաքական դաշտում, կարծում է Բաբկեն Թունյանը։

«Նախարարության անվան մեջ դնում ենք ներդրումներ բառը ու ասում ենք, որ դա մեսիջ է, որ ներդրումներով է զբաղվելու, խթանելու: Դա ոչինչ չի նշանակում: Ներդրողը առաջին հերթին նայում է, թե տվյալ երկրում իր իրավունքները դատական կարգով կարողանալո՞ւ է պաշտպանել, թե՞ ոչ: Իսկ դա արդեն վարչապետի իրավասություններից դուրս ոլորտ է: Այսինքն՝ էն մյուս թևերում էլ փոփոխություններ պետք է լինեն, քաղաքական փոփոխություններ, որ էդ թիմը կարողանա աշխատի ու արդյունք ցույց տա», - ընդգծեց տնտեսագետը:

Նոր կառավարության վերջնական կազմը պետք է հայտնի դառնա վարչապետի նշանակումից հետո 20-օրյա ժամկետում, որը լրանում է առաջիկա երկուշաբթի օրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG