Մատչելիության հղումներ

Դաշնակցություն․ Վարչապետի հայտարարությունը քրեական գործի նյութ պետք է դառնա


ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյան, արխիվ
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյան, արխիվ

Իշխող Հանրապետականում էլ կարծում են՝ «վարչապետը խոսել է ընդհանուր և փիլիսոփայության մասին է խոսել»:

«Պրիմիտիվ գողության» մասին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը քրեական գործի նյութ պետք է դառնա: Այս մասին այսօր հայտարարեց իշխանության մաս կազմող ՀՅ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե ի վերջո վարչապետի հայտարարությանը հետևելո՞ւ են կոնկրետ գործողություններ:

Հիշեցնենք՝ այն, որ պետական բյուջեից գողություն է կատարվում, Կարեն Կարապետյանը հայտարարել էր կառավարության անցած շաբաթ տեղի ունեցած նիստի ժամանակ, սակայն առայսօր իրավապահ մարմինները որևէ գործընթաց չեն սկսել:

«Մենք բավականին բարդ մեխանիզմներ ենք ընտրելու, որպեսզի պրիմիտիվ գողությունը վերացնենք: Ձեր համակարգերում էդ ամեն ինչը բերեք կարգի: Տոմսի վրայի․․․ Ինձ որ պատմում են՝ ինչ սխեմաներ են անում, ուղղակի ֆանտազիայի վրա, եթե էդ մարդիկ էդ խելքը օգտագործեին մեկ այլ տեղ, հաստատ էֆեկտը շատ ավելի լավ կլիներ», - ասել էր վարչապետը:

«Ի վերջո, սա հայտարարություն էր հանցագործության մասին, գողությունը կոնկրետ հոդված է Քրեական օրենսգրքում: Այս հայտարարությանը պե՞տք է հետևի կոնկրետ գործողություն իրավապահ մարմինների կողմից․ ի վերջո, այդ հայտարարությունը արվեց հենց այդ իրավապահ մարմինների ներկայությամբ», - «Ազատության» այս հարցին Արմեն Ռուստամյանը արձագանքեց․ - «Եթե վարչապետը գնահատում է, որ տեղի է ունեցել գողություն, սա արդեն լավ հիմք է տալիս մտածելու, որ հենց էդ ուղղությամբ կկատարվեն կոնկրետ քայլեր, որոնք ի վերջո կդառնան քրեական գործեր, և դրանով կզբաղվի դատախազությունն ու իրավապահ մարմինները: Այո, սա նշանակում է, որ վարչապետը պատրաստ է նաև էդ գնով և էդ կտրուկ միջոցներով դեմն առնել էն ամենի, ինչ որ տեղի է ունեցել»:

«Հայտարարությանը կհետևի՞ կոնկրետ գործողություն, թե՞ այսպես էլ հայտարարություն կմնա: Ի վերջո, հանրությունն ուզում է իմանալ՝ ովքե՞ր են այդ պրիմիտիվ գողություն կատարողները», - այս հարցին էլ Դաշնակցություն խմբակցության ղեկավարը պատասխանեց․ - «Ես կարծում եմ, որ պիտի հետևեն կոնկրետ գործողություններ, իհարկե պիտի հետևեն: Եթե խոսքը գնացել է գողության մասին, ուրեմն, արձանագրել է վարչապետը, վարչապետն էլ ունի բոլոր լծակներն ու հնարավորություններն՝ ավելի խորանալու և ավելի բացահայտելու, մարմնավորելու, այսպես ասած, այդ հայտարարությունը»:

Իսկ իրավապահ մարմինները լռում են, որովհետև, ըստ Ռուստամյանի, դրանք «ընդհանուր գողության հայտարարությամբ քրեական գործ չեն հարուցում, իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցում, որ գոնե ինչ-որ սկզբնական հիմք կա»:

«Իսկ դա հիմք չէ՞, որ գնան ուսումնասիրեն, տեսնեն՝ ինչ է եղել․․․», - այս դիտարկմանն էլ նա հակադարձեց․ - «Այսինքն, ո՞ւմ համար պարզ չի, որ Հայաստանում տեղի է ունենում գողություն: Այսինքն, եթե էդպես լինի, պիտի իրավապահ մարմինները օրնիբուն զբաղվեն այդ հայտարարության հետ կապված՝ Հայաստանում ինչքան գողություն կա՝ բացահայտեն: Ըստ էության, դա էլ անում են: Բայց դուք ուզում եք կոնկրետացնեք, չէ՞՝ վարչապետի ասածի հետևանքով»:

Հիշեցմանն էլ, որ «ի վերջո, նա ասում էր՝ որտեղ է կատարվում, որ ոլորտում՝ տոմսերի գնման, պետբյուջեից․․․», Դաշնակցություն խմբակցության ղեկավարը արձագանքեց․ - «Ուրեմն՝ պետք է ուսումնասիրվեն, ավելի հստակ դառնան՝ որտեղ է կոնկրետ, ով է էդ գողությունը կատարողը: Այսինքն, սա արդեն քրեական գործի նյութ պիտի դառնա»:

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ
ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ

Թե ինչու առայսօր Կարեն Կարապետյանի հայտարարությանը իրավապահ մարմինները չեն արձագանքում, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհուրդ տվեց այդ հարցն ուղղել հենց վարչապետին: «Ես վարչապետի խոսնակը չեմ, Հանրապետականի խոսնակն եմ», - ասաց նա:

«Բայց դա նորմա՞լ է՝ հանրությունը լսում է հայտարարություն, բայց հետևանքը չի տեսնում հայտարարության», - այս հարցին էլ Շարմազանովը արձագանքեց․ - «Իմ կարծիքով՝ վարչապետը խոսել է ընդհանուր և փիլիսոփայության մասին է խոսել»:

Դիտարկմանն էլ՝ «Ի՞նչ փիլիսոփայություն, կոնկրետ հանցագործության մասին է, փիլիսոփայություն չկա այստեղ», իշխող կուսակցության խոսնակը հակադարձեց․ - «Կոնկրետ հանցագործության մասին չէ, այլ գնացել է փիլիսոփայության մասին խոսքը՝ որ կան խնդիրներ, որ մենք պետք է ավելի արդյունավետ աշխատենք: Իսկ մնացածը արդեն՝ հարցեր կտաք՝ ինքը կպատասխանի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG