Մատչելիության հղումներ

Կառավարությունն արդեն ունի 17 նախարար, որոնցից 8-ը՝ նորանշանակ


Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի նախագահությամբ կառավարության առաջին նիստը, 15-ը սեպտեմբերի, 2016թ․
Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի նախագահությամբ կառավարության առաջին նիստը, 15-ը սեպտեմբերի, 2016թ․

Հայաստանի ևս 5 նախարարություններ այսուհետ կգլխավորեն նոր նախարարներ: Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրերով նշանակվել են նախարարությունների ղեկավարները՝ բացի պաշտպանության ու արտաքին գերատեսչություններից:

Տասը տարի պաշտոնավարելուց հետո մշակույթի նախարարի պաշտոնը կթողնի Հասմիկ Պողոսյանը, նրան կփոխարինի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի արդեն նախկին անդամ Արմեն Ամիրյանը: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Գաբրիել Ղազարյանի փոխարեն կգլխավորի Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանը, ինչպես և սպասվում էր, նշանակվել է բնապահպանության նախարար, իսկ էկոնոմիկայի նախարարությունը կղեկավարի Սուրեն Կարայանը: Նոր ղեկավար կունենա նաև առողջապահության գերատեսչությունը՝ Արմեն Մուրադյանի փոխարեն առողջապահություն նախարար է նշանակվել Լևոն Ալթունյանը: Այսպիսով, կառավարությունն արդեն ունի 17 նախարար, որոնցից 8-ը՝ նորանշանակ:

Նախագահի այսօրվա հրամանագրերով իրենց նախկին պաշտոններում կմնան կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Վերանշանակված Հովհաննիսյանն այսօր Ազգային ժողովում էր, լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, թե նախարարության առաջնահերթություններից է լինելու կոռուպցիայի դեմ պայքարը:

«Անչափ կարևորում եմ հակակոռուպցիոն մարմնի՝ որտեղ էլ լինի, կենտրոնացված թե ապակենտրոնացված համակարգով, հիմա չեմ խորանա էդ մանրամասների մեջ, որովհետև շատ անգամ եմ խոսել, որ մարմինն էլ կլինի, ինչ տեսքով էլ կգործի, էդ մարմինը պիտի ունենա լծակներ, մարմինը պիտի ունենա գործիքակազմ, մարմնի ղեկավարից նաև շատ բան է կախված լինելու», - ասաց նախարարը՝ շարունակելով․ - «Էս ամբողջը, ուզում եմ ասել էլի, բոլոր պայմանները անհրաժեշտ են, բոլորը միասին՝ բավարար, հատվածային լուծումներով վերջնական կամ լավ լուծման կամ լավ արդյունքի չենք հասնի»:

«Համոզմունքս մի բանում է՝ հատվածային լուծումներով շատ երկար ճանապարհ չենք գնալու, դրա համար, սա, ես նշեցի ամբիոնից մի քանի անգամ, առաջին հնարավորությունն է, կամ առաջին քայլն է՝ կարևոր քայլ: Ես չեմ թերագնահատում այս նախագծերի փաթեթի արժեքն ու նշանակությունը, դուք էլ տեսաք՝ բոլորը կարևորեցին: Բայց սա չի նշանակում, որ սա արեցինք՝ դա բավարար է, մենք բոլորս պիտի համարենք, որ ձեռքերս կարող ենք ծալած նստել, մի երկու ամիս էլ ասենք, որ ինչքան լավ բան ենք արել, եկեք այլևս դադարեցնենք՝ էն անենք», - հայտարարեց Հովհաննիսյանը:

Խորհրդարանում էր նաև Արծվիկ Մինասյանը: Էկոնոմիկայի նախարարից բնապահպանության նախարարության ղեկավար դարձած դաշնակցական գործիչն էլ պնդեց, թե ոլորտը կարգավորելու համար առաջնորդվելու է Սահմանադրությամբ:

«Բնությունից վերցվածը պետք է վերադարձվի բնությանը: Բնության շահագործումը պետք է լինի ողջամիտ, որպեսզի կարողանաք կայուն զարգացման հիմնարար սկզբունքներն առաջ տանել: Սա բոլոր ուղղություններին առնչվում է», - ասաց բնապահպանության նորանշանակ նախարարը:

«Ամուլսարը, օրինակ, Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը՝ դա լուրջ խնդիր է, Ջերմուկին է սպառնում, Դուք կարո՞ղ եք ունենաք այդպիսի լծակներ, լիազորություն, որ դրա դեմն առնեք», - լրագրողներից մեկի այս հարցին Մինասյանը արձագանքեց․ - «Մենք էստեղ ունենք գերատեսչական տարբեր լիազորությունների մասին թեմաներ, որը այս պահին առնվազն լուրջ ուսումնասիրության անհրաժեշտություն է ենթադրում, մի կողմից: Մյուս կողմից՝ նույն Ամուլսարի ծրագիրը, որը անցել է համապատասխան փորձաքննությունները, ես վստահ եմ, որ եթե բնապահպանական հատվածում չկա կոպիտ, էսպես, միջամտություն կամ առարկություններ, կամ հավասարակշռվածությունը պահպանված է, ապա էդ թեման պետք է որ անհանգստություն [չհարուցի], իսկ եթե կան անհանգստություններ էդ թեմայով, ապա դրանք քննարկման ենթակա հարցեր են: Եվ կապ չունի՝ ես որտեղ կլինեմ, ես նույնիսկ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի կարգավիճակում էլ կարող էի այդ հարցերը քննարկել, էնպես չի, որ պիտի անպայման փոխես ոլորտդ, որ նոր քննարկես էդ հարցերը»:

Կադրային փոփոխություններից բացի՝ առաջիկա օրերին կփոփոխվի նաև կառավարության կառուցվածքը՝ կվերանա քաղաքաշինության նախարարությունը, կանվանափոխվեն էկոնոմիկայի, էներգետիկայի և տրանսպորտի նախարարությունները: Կառավարության այս օրինագիծն այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց, դեմ էին ընդամենը երկու պատգամավոր՝ Զարուհի Փոստանջյանն ու Թևան Պողոսյանը:

Ընդդիմադիր պատգամավորների մեծ մասը այսօր բացակայում էր: Խորհրդարանի այսօրվա արտահերթ նիստն ընդհանրապես աչքի ընկավ պատգամավորների սակավաթվությամբ՝ քվեարկությունից հետո 131 պատգամավորներից դահլիճում ներկա էր առավելագույնը 20-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG