Մատչելիության հղումներ

Թուրքիայի էներգետիկայի նախարար․ «Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի»


Հայկական ատոմակայանը Մեծամորում, արխիվ
Հայկական ատոմակայանը Մեծամորում, արխիվ

«Մեծամորի ատոմակայանը վտանգ է ներկայացնում հարևան երկրների համար և պետք է փակվի», - Վիեննայում այսօր հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը՝ ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր խորհրդաժողովի ժամանակ:

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ` Ալբայրաքը պնդել է, որ Մեծամորի ատոմակայանը 47 տարի առաջ է կառուցվել և արդեն շահագործման ենթակա չէ: Նա նշել է, որ պաշտպանական կառույցներից զուրկ ատոմակայանը Թուրքիայի սահմանից ընդամենը 16 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում և սպառնալիք է ոչ միայն Թուրքիայի, այլև Հայաստանի մյուս հարևանների համար:

Թուրք նախարարը գործակալության անդամ երկրներին կոչ է արել հետևողական լինել նմանօրինակ ատոմակայանների հարցում: «Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի: Տարածաշրջանն ու աշխարհը չի կարող թույլ տալ ևս մեկ ատոմային աղետ Չերնոբիլից հետո», - հայտարարել է Ալբայրաքը:

ՀՀ ԷԲՊՆ աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացանք, որ խորհրդաժողովին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ: Իսկ Էներգետիկայի նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը ռուսաստանյան «Սպուտնիկ» գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ թուրքական կողմի մեղադրանքներն անհիմն են և իրականության հետ կապ չունեն: - «Այդ հայտարարությունը քաղաքականություն է, ոչ թե մասնագիտական գնահատական», - նշել է նախարարի տեղակալը:

Թուրքիայի էներգետիկայի երիտասարդ նախարարը, որը նախագահ Թայիփ Էրդողանի փեսան է, մեկ անգամ չէ, որ բարձրաձայնում է Հայկական ատոմակայանը փակելու անհրաժեշտության մասին: Անցած ապրիլին, երբ մի խումբ ցուցարարներ բոյկոտում էին Թուրքիայում նոր ատոմակայաններ կառուցելու նախագիծը, Բերաթ Ալբայրաքը ցուցարարներին կոչ էր արել իրենց բողոքը ուղղել Հայաստանում գտնվող ատոմակայանի դեմ: «Եթե ձեր էներգիան ծախսեք Մեծամորի ատոմակայանը բոյկոտելու համար, մեծ ծառայություն կմատուցեք Թուրքիային, քանի որ այն վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար», - ասել էր թուրք նախարարը:

Ի դեպ, Մեծամորի ատամակայանի շահագործման դեմ բողոքի արշավ սկսելու կոչերով քանիցս հանդես է եկել նաև Թուրքիայի էներգետիկայի նախորդ նախարար Թաներ Յըլդըզը: Վերջինս անցած տարվա մայիսին բնապահպաններին կոչ էր արել բողոքի ակցիա կազմակերպել Իգդիրում:

Հիշեցնենք, Մեծամորի ատոմակայանը կառուցվել է 1970 թվականին: 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո այն փակվեց, սակայն վերաբացվեց 1995 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG