Ռումբերի պայթյունից տունը ցնցվում է, պահարանի դռներն էլ բացվում։ Մայդա Բակկալյանն ամուսնու ու մոր հետ արդեն հինգերորդ տարին է՝ բնակվում է պատերազմական Հալեպում։ Կնոջ խոսքով, թեև վերջին ամիսների համեմատ վիճակը բարելավել է, սակայն խոստացված հրադադարի լուրն այդպես էլ իրականություն չի դարձել։
«Ժամը 4.30 բան մը պայթեցուցեր են, բոլոր Հալեպը ցնցվեր է: Երկրաշարժի պես բանը մը եղեր է նորեն, ինչպես որ կըլլար ժամանակին: Տունեն կելնեմ աղոթքով, մինչև տուն վերադառնամ աղոթքով: Չես գիտեր, որ տունեն ելնես, ողջ պիտի վերադառնաս մը: Այս 8 օրվա ընթացքին, 125 ռումբ նետեր են գիշերը Հալեպի բոլոր շրջակայքորեում», - պատմեց Հալեպի բնակչուհին:
Հալեպում ջրամատակարարումը խափանումներով է գործում, արդեն երկու ամիս է՝ քաղաքը հոսանքազրկված է․ - «Գոնե օրը 2 ժամ տան, մեր լվացքը անենք, արդուկ ընենք»:
Հարազատների մի մասը՝ Հայաստան, մյուսներն էլ Եվրոպա ու Կանադա են փոխադրվել։ Շենքում 10 հայ ընտանիք էր բնակվում, սակայն հիմա երկուսն են մնացել, ասում է հալեպահայ կինը։ Ընտանիքը ևս մտածում է պատերազմական քաղաքը լքելու մասին, սակայն ֆինանսական միջոցներ չունի, ու չգիտի ինչպես տեղափոխել 90-ամյա մորը։ Հաշվել են, թե փոխադրման համար որքան գումար է անհրաժեշտ ու նախընտրել մնալ Հալեպում։
«700 դոլար պետք է օդանավի տոմս մը ունենալու, Բեյրութ երթալու 150 դոլար պետք է: Ժողովուրդին համբերությունը հատավ, գաղթող շատ կա», - ասաց Մայդա Բակկալյանը:
Սարգիս Ղոլոգսայանը դեռ պատերազմի առաջին օրերին է Հայաստան եկել։ Էջմիածնում է հաստատվել ու օծանելիքի վաճառքով է զբաղվում։ Ընտանիքը պահելու համար նաև երկրորդ աշխատանքն է անում՝ սրճարանում նարգիլե է մատուցում։ Ասում է, որ Հայաստանում կյանքը վարկաշատ, բայց անվտանգ է: Այժմ փորձում է օգնել, որպեսզի պատերազմական երկրից հարազատներին հայրենիք տեղափոխի։
«Իմ հորաքույրիս տղան ա ուզում գա: Հիմա ինքը գա, էստեղ ի՞նչ աշխատի: Ձեռքն ալ գումար չկա: Ընտանիքով են՝ երկու երեխա, կին», - պատմեց Ղոլոգսայանը:
Սեպտեմբերի սկզբին հրադադար նախաձեռնած Ամերիկան ու Ռուսաստանը դրա խախտման համար միմյանց են մեղադրում։ Սիրիայի կառավարությունն էլ իր հերթին հայտարարում է, որ Դամասկոսը առավել քան երբևէ վստահ է, որ հաղթանակ է տանելու «ահաբեկչության դեմ մղվող պատերազմում»։ Երեկ մինչդեռ հաղորդվեց 45 նոր զոհերի ու վիրավորների մասին, որոնց թվում նաև երեխաներ կան:
Սփյուռքի նախարարության տվյալներով Սիրիայից Հայաստան ավելի քան 12.000 մարդ է տեղափոխվել։ Նրանք սակայն հայրենիք են հասնում, սովորաբար իրենց միջոցներով։ Այս տարիների ընթացքում նախարարությունը նրանց Հայաստան տեղափոխելու ծրագիր այդպես էլ չնախաձեռնեց։