Նորանշանակ վարչապետի հայտարարությունը, թե Հայաստանում այլևս բիզնեսներ չեն խլելու, ոգևորել է Մարտունու պանրագործարան բաց բաժնետիրական ընկերության տնօրեն Թաթուլ Բաղդասարյանին։ Գործարարը պնդում է, որ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Հայկազ Բաղմանյանը խլել է իր բիզնեսը։
Բաղդասարյանի խոսքով, տարիներ առաջ Բաղմանյանի հետ պայմանավորվել են պանրագործարանի տարածքում գազալցակայան կառուցել։ Ասում է՝ Բաղմանյանն իր թիկնազորով եկել է, տարածքը նայել, հավանել։
«Պայմանավորվել ենք 70/30։ Չնայած քիչ ա, բայց ես ստիպված գնացի էդ քայլին։ 70-ը՝ Բաղմանյան Հայկազին, 30-ը՝ ինձ։ Ու ես սկսեցի թղթերը ձեռք բերել։ Մնում էր, որ հողի կատեգորիան փոխվի, բայց Հայկազ Բաղմանյանը, չսպասելով այդ ամենին, սկսեց անօրինական շահագործել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաղդասարյանը:
Շահագործումից հետո գործարարը բազմիցս պահանջել է դադարեցնել գազալցակայանի գործունեությունը։ Անգամ դիմել է Արտակարգ իրավիճակների նախարարություն և ստացել պատասխան, որ, այո, լցակայանը խախտումներով է շահագործվում, բայց նախարարությունն իրավասու չէ կասեցնել դրա գործունեությունը։ Եվ ինչպես Թաթուլ Բաղդասարյանն է ասում, գեներալի որդուն պատկանող «Պավել և ընկերներ» ՍՊԸ-ն շարունակել է շահագործումը։
2008 թվականի մարտի 1-ն Բաղմանյանի նախաձեռնությամբ հանդիպել են։ Վերջինս խնդրել է Թաթուլ Բաղդասարյանին չբողոքել և թողնել մի քանի ամիս էլ շահագործել գազալցակայանը, քանի որ չմարված վարկեր կային։ Սակայն շահագործումը չի դադարեցվել։ Գործը գնացել է դատարան։
«Դատի են տալիս ինձ, որպեսզի ինձ պարտավորեցնի՝ ես իր ընկերության հետ 95 տարով հողի տրամադրման պայմանագիր կնքեմ և ճանաչեմ էդ սարքավորումները իր սեփականություն: Ես էլ չէի թողնում, պայքարում էի, չկարողացա․․․», - ասաց գործարարը:
Վճռաբեկ դատարանը որոշում է, որ վիճահարույց հողատարածքը համայնքի սեփականությունն է։ Որոշման հիմքում ևս, սակայն, գործարարը կեղծիք է տեսնում։ Ըստ նրա՝ Մարտունու քաղաքապետարանը կեղծել է իր սեփականության վկայականը։
Քաղաքապետարանի հասցեին հնչած մեղադրանքներին պատասխանեց Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը. - «Դա եղել է համայնքի հող, մենք էլ օրենքի սահմաններում հատկացրել ենք»:
«Ոչ մի օրենք չի աշխատում, քննիչը ինչ ուզում կոծկում ա, դատախազը կոծկում ա ակնառու փաստերը: Իսկ մասնավոր զրույցներում ինձ ասում են, որ չե՞ս տեսնում պագոնները....», - ասաց Բաղդասարյանը:
Մինչդեռ Հայկազ Բաղմանյանը հայտարարում է՝ ինքը Թաթուլ Բաղդասարյանին չի ճանաչում։ «Ազատության» հետ զրույցում գեներալը նաև հերքեց, որ ինքն այժմ որևէ կապ ունի տվյալ գազալցակայանի հետ։
«Ես Թաթուլի մասին իմացել եմ, երբ նա սկսել է բողոքել։ Բացի էդ, 6 ատյան անցել է, ու հիմա ինքը նոր վարչապետին է դիմո՞ւմ», - ասաց Հայկազ Բաղմանյանը:
Այդուհանդերձ, գեներալը որոշ մանրամասներ պատմեց իրեն բիզնես խլելու մեջ մեղադրող քաղաքացու կյանքից. - «Նա իր մորն էլ է շանտաժ արել։ Որպես էդ կատեգորիայի մարդ, անընդհատ նման շանտաժ անելով ինչ-որ մեկին ուզում ա ինչ-որ բան ցույց տա։ Անգամ ուրիշների միջոցով առաջարկել է, որ մի բանով իրեն օգնեմ ու ինքը լռի»։
Բաղմանյանը նաև հայտարարեց, որ այդ հողատարածքը պատկանում է Մարտունու քաղաքապետարանին։ Իսկ պանրագործարանը պատկանել է իր մարտական ընկեր Թաթուլ Բաղդասարյանի հորեղբոր որդի Հուսիկ Բաղդասարյանին։
«Ազատությունը» պարզաբանումների համար դիմեց Հուսիկ Բաղդասարյանին։ Վերջինս, սակայն, չհերքեց, որ ի սկզբանե գազալցակայան սարքելու պայմանավորվածություններ ձեռք է բերվել գեներալի որդուն՝ Պավել Բաղմանյանին պատկանող ՍՊԸ-ի հետ։ Միջնորդն էլ ինքն է եղել։
«Հայկազի հետ մարտական ընկերությունն ինձ հույս ներշնչեց, որ Պավելի հետ ես գործ ունենամ։ Բայց այդ գործունեությունը չստացվեց», - ասաց Հուսիկ Բաղդասարյանը։
Ըստ Հուսիկ Բաղդասարյանի՝ կողմերի միջև համագործակցությունը չստացվեց, քանի որ Թաթուլ Բաղդասարյանը խախտել է որոշ ջենտլմենական պայմանավորվածություններ։
«Քանի որ այդ պայմանավորվածություններն արդեն խախտվում էին, ես դուրս եկա էդ գործից։ Բայց քանի որ ՍՊԸ-ն արդեն լուրջ ներդրում էր արել, շարունակվեց դատական գործերը», - նշեց Հուսիկ Բաղդասարյանը:
Թաթուլ Բաղդասարյանը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց, որ իր հորեղբոր տղան որևէ կապ է ունեցել գործարքի հետ։ Նա հայտարարեց՝ դիմել է տարբեր պետական մարմինների, այժմ էլ պատրաստվում է դիմել նորանշանակ վարչապետին։