Մատչելիության հղումներ

Արծվիկ Մինասյանը «չունի բիզնես մտածողություն» և կլինի բնապահպանության նախարար


Արծվիկ Մինասյան, արխիվ
Արծվիկ Մինասյան, արխիվ

Վարչապետ Կարեն Կարապետյանը բիզնես մտածողությամբ անձի է տեսնում նորաստեղծ նախարարությունում: Այս մասին այսօր հայտարարեց իշխանության մաս կազմող Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե ինչո՞ւ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը չբավարարեց իշխող Հանրապետականին:

Նշենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկել է Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարություն: Եվ ինչպես անցած շաբաթ պարզաբանեց Արծվիկ Մինասյանը, վարչապետը նոր դիրքում այլ անձի տեսնելու ցանկություն է հայտնել։

«Մենք ունեցել ենք երկար, տևական հանդիպում հանրապետության վարչապետի հետ, քննարկել ենք առկա հնարավոր բոլոր հարցերը։ Վարչապետը նոր անվանումով նախարարությունում պատկերացնում է ավելի բիզնես մտածողություն ունեցող անձ, բիզնեսի հետ առնչություն ունեցող անձ», - ասաց Վարդանյանը՝ շարունակելով. - «Դուք բոլորդ գիտեք, որ Արծվիկ Մինասյանը բիզնեսի հետ առնչություն չի ունեցել և բնական է, որ վարչապետին պետք է ձևավորել այնպիսի թիմ, որտեղ տնտեսության մեջ ինքը կարող է իր առաջադրած խնդիրները լուծել։ Ինքը շատ բարձր է գնահատել պարոն Մինասյանի և՛ քաղաքական հատկությունները, և՛ իմացությունը, և՛ տիրապետելը, և բացարձակապես որևէ խնդիր չունի Արծվիկ Մինասյանի հետ, ընդհակառակը, ասել է, որ եղել է հասարակության մեջ թյուրընկալում կառավարության առաջին նիստի հետ, ինքը բացարձակապես նման ցանկություն չի ունեցել, հակառակը՝ ափսոսում է և ասել է՝ «ես շատ եմ ուզում աշխատել պարոն Մինասյանի հետ» և առաջարկություն է արել և՛ Դաշնակցությանը, և՛ պարոն Մինասյանին՝ պարոն Մինասյանը կզբաղեցնի, ամենայն հավանականությամբ, առաջիկայում բնապահպանության նախարարի պաշտոնը»։

Աղվան Վարդանյան, արխիվ
Աղվան Վարդանյան, արխիվ

Հարցին, թե արդյո՞ք անցումը կտրուկ չէ՝ էկոնոմիկայից բնապահպանություն, Աղվան Վարդանյանը հակադարձեց, թե արդյոք կտրուկ չէ՞ր անցումը, երբ Ազգային ժողովի պատգամավորից Մինասյանը դարձավ Էկոնոմիկայի նախարար: «Ոչ, երկուսն էլ կարևորագույն նախարարություններ են, իսկ պարոն Մինասյանի կարողությունները, ես վստահ եմ, լիուլի կբավականացնեն՝ նաև բնապահպանության նախարարությունում իր գործառույթներն իրականացնելիս», - ասաց Վարդանյանը։

Աղվան Վարդանյանը հորդորեց՝ Հանրապետականների և Դաշնակցության միջև արտառոց բաներ չփնտրել, այն ինչ է ուզում անել վարչապետը տնտեսական քաղաքականության ոլորտում, ամբողջովին հասկանալի և ընդունելի է Դաշնակցության համար և իրենք աջակցում են վարչապետին նախաձեռնություններին։

ՀՅԴ խմբակցության քարտուղարը նաև վստահեցրեց՝ Դաշնակցության համար բացարձակ կարևոր չէ, թե քանի նախարարություն կունենան նոր կառավարությունում։ Հանրապետականի հետ կնքված քաղաքական համաձայնագրում լուծում պահանջող խնդիրներն են ձևակերպվել:

«Մեր համաձայնագրի մեջ մենք խնդիրներն ենք ձևակերպել, եթե այդ խնդիրները լուծվում են, մենք կարող ենք և ոչ մի նախարար չունենալ, և կարող ենք հինգ նախարար ունենալ, և կարող ենք երեք նախարար ունենա», - ասաց Վարդանյանը։

Մինչդեռ իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ընգծում է՝ Դաշնակցության հետ կնքված քաղաքական համագործակցության համաձայնագրում պաշտոնների, նախարարությունների ընտրության հետ կապված որևէ պայմանավորվածություն չունեն, պայմանավորվածությունը պորտֆելների քանակին է վերաբերում: Նկատենք այս տարվա փետրվարին կնքված համաձայնագրում պորտֆելների քանակի մասին խոսք չկա:

«Մենք ունենք պայմանավորվածություն քանակների հետ, որ երեք դաշնակցական մեր գործընկերները պետք է լինեն կառավարության կազմում, և մենք դա պահպանում ենք և դա կպահպանվի, իսկ մնացածը, թե ով, որտեղ կլինի, համբերեք կառավարության ձևավորմանը նաև նախագահի հրամանագրին, դուք տեղյակ կլինեք», - ասաց Բաղդասարյանը։

Դիտարկմանը, թե տեսակետներ են հնչում, որ Կարապետյանը ձևավորում է մի թիմ, որը բաղկացած է իր ընկերներից և մտերիմներից, Վահրամ Բաղդասարյանը հակադարձեց, թե Հայաստանը փոքր երկիր է և հնարավոր է, որ բոլորը մեկը մյուսի հետ ունենան ընկերական հարաբերություններ:

Հարցին, թե Հանրապետականը չունի՞ իր ներսում պրոֆեսիոնալ կադրեր, որ Կարեն Կարապետյանն այդ կադրերին հավաքում է իր մերձավոր շրջապատից, Բաղդասարյանը պատասխանեց. - «Դուք նորից ծեծված հարցեր եք տալիս, նորից եմ կրկնում, որևէ մեկ անգամ, առավել ևս վերջին ժամանակներում, Հանրապետական կուսակցությունը կուսակցական պատկանելիության վրա չի հենվել և չի էլ հենվելու, ավելի շատ հենվելու է բանիմացության, պրոֆեսիոնալիզմի վրա»։

Մինչդեռ ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը պնդում է՝ առջևում ընտրություններ են, և անկուսակցականներին իշխանության բերելով, Հանրապետականը փորձում է խաբել ժողովրդին:

Լևոն Զուրաբյան, արխիվ
Լևոն Զուրաբյան, արխիվ

«Ժողովրդի մեջ ձևավորվել է կայուն ատելություն, դժգոհություն հանրապետական ռեժիմի նկատմամբ, և նրանք կարծում են, որ ընտրություններից առաջ մի քիչ իրենց դեմքը մաքրելով, դիմակներ հագնելով, նրանք կարողանալու են ժողովրդին խաբել, ժողովրդի մոտ պատրանք ստեղծել, որ սա արդեն հանրապետականները չեն, սա արդեն ուրիշ մարդիկ են, դրանով, իրենց պլանով, կմեղմեն ժողովրդի դժգոհությունը։ Նպատակը միայն մեկն է՝ ընտրություններում ստանալ հնարավորինս շատ ձայն կամ աջակցություն հասարակության կողմից։ Կարող են անգամ 18 տարի շարունակ գազի և էլեկտրականության գները բարձրացնելով անընդհատ, ընդ որում, չհիմնավորված, կարող են ընտրություններից առաջ մի երկու կոպեկ իջեցնել, բայց նորից դա արվելու է միայն մեկ նպատակով, որ ընտրությունների միջոցով կարողանան վերահաստատել իրենց իշխանությունը, և ես ձեղ վստահեցնում եմ, որ դրանից հետո բոլոր այդ անկուսակցական նախարարները շատ արագ կթռնեն և նրանց տեղը կգան նույն, բոլորին զզվեցրած հանրապետական դեմքերը», - ասաց Զուրաբյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG