Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյան․ «Իսկանդեր»-ի հեռահարությունը բավարար է՝ խոցելու հակառակորդի կրիտիկական նշանակության օբյեկտները


Անկախության 25-ամյակի զորահանդեսի ժամանակ ցուցադրված «Իսկանդեր» հրթիռային համալիրները «Հայաստանի Հանրապետության սպառազինությունն է, որը ձեռք է բերվել մեր բյուջետային ծախսերի հաշվին»: Այդ մասին հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը «Ազատություն TV»-ի «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդմանը տված հարցազրույցում:

Նա ընդգծեց, որ Հայաստանի Զինված ուժերը ամբողջությամբ վերահսկում են այդ համալիրները, և հավելեց․ - «Մոտակա ժամանակ Դուք դրանում ևս կհամոզվեք: Այսինքն՝ ոչ կիրառման առումով, պատրաստության ծրագրերի առումով»:

«Ռուսական աղբյուրներից մեկում նշված էր, որ «մեր հայ բարեկամների համար մենք տրամադրել ենք «Իսկանդեր M» տեսակը, որը շուրջ 500 կիլոմետր շառավղով կարող է խոցել Ադրբեջանի ցանկացած մաս, քաղաք», - այս դիտարկմանը Տոնոյանը արձագանքեց․ - «Մեր դաշնակից Ռուսաստանի իշխանությունները ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում չեն խախտել որևիցե հրթիռային տեխնոլոգիաների սահմանափակման կամ համաձայնագրերի որևիցե մի կետ: Այն, ինչ որ մենք ունենք, չի խախտում որևիցե համաձայնագիր Ռուսաստանի, նաև՝ Հայաստանի պարտավորություն»:

Իսկ «Իսկանդեր»-ի հեռահարությունը, ըստ պաշտպանության փոխնախարարի, «բավարար է, որպեսզի խոցվեն հակառակորդի, ցանկացած հակառակորդի կրիտիկական նշանակություն ունեցող օբյեկտներ»:

Նրա խոսքով՝ «հայկական Զինված ուժերում շատ լուրջ վերազինում է իրականացվում, ընթացիկ է այդ վերազինումը»:

«Ոչ մի սահմանափակում գոյություն չունի Հայաստանի Հանրապետության համար ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերման, և, այսպես ասեմ, ազատականացված է այդ շուկան: Ուղղակի գոյություն ունեն որոշ սահմանափակումներ Եվրամիության անդամ երկրների և ՆԱՏՕ-ի անդամ երկրների՝ չմատակարարման կոնֆլիկտային տարածաշրջաններ, որտեղ որ կան ճգնաժամեր և այլն», - հայտարարեց Դավիթ Տոնոյանը՝ շարունակելով․ - «Այդ սահմանափակումներն են, որ որոշակի մեզ, մեր համագործակցությունը նեղ միջանցքներում է պահում, այսպես ասած: Բայց ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ կամ ՀԱՊԿ երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցությանը, այդտեղ մենք ամբողջությամբ ազատ ենք, և ես կարծում եմ՝ այն զինտեխնիկայի ցուցադրությունը որոշակի նաև այնքան էլ համահունչ չի մեր տնտեսական զարգացմանը: Եվ Ռուսաստանը, մասնավորապես, կատարում է իր դաշնակցային պարտավորությունները մեր հետ ռազմական տեխնիկայի <առումով> ․․․»:

«Ադրբեջանական բանակում կան նոր զինատեսակներ, դրանք հիմնականում այդ T-90 տանկերն են, և վերջին շրջանում նրանք բավական մեծ քանակությամբ զենքեր են ձեռք բերել: Հիմա, ըստ էության, այս նոր հրթիռային համալիրների ձեռքբերումով մենք ունենք առավելություն այդ ամենի նկատմամբ՝ կարո՞ղ ենք այդպես ասել», - այս հարցին էլ Հայաստանի պաշտպանության փոխնախարարը պատասխանեց․ - «Մենք խոսում ենք տարբեր մակարդակների վերաբերյալ, այսինքն՝ կա մարտավարական, օպերատիվ-մարտավարական, ռազմավարական մակարդակի խնդիր: Այն ձեռքբերումները, որոնք Ադրբեջանը այս պահին հագեցված է այն ռազմական տեխնիկայով, չունի առավելություն մեր նկատմամբ, բայց, և ընդհանրապես, այսօրվա ռազմարվեստում խնդիրները ավելի շատ լուծվում են մեր զինծառայողների, հատուկ նշանակության ստորաբաժանումների բարձր պատրաստվածության հաշվին»:

«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարի սեպտեմբերի 25-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG