Մատչելիության հղումներ

ՀԽ. Վարչապետը վճռական է տրամադրված տնտեսությունը վերականգնելու հարցում


Հանրային խորհրդի անդամներին դուր է եկել վարչապետ Կարեն Կարապետյանի տրամադրվածությունը։

Այսօր կառավարությունում կայացած հանդիպումից հետո նրանց մոտ տպավորություն է ստեղծվել, որ վարչապետը վճռական է տրամադրված տնտեսությունը վերականգնելու հարցում։

«Բոլոր այն ոլորտները, որոնք կունենան բիզնես ծրագրեր՝ ինքնուրույն զարգանալու, ունեն իրացման շուկաներ, էդ ոլորտներին որոշակի աջակցություն այդուհանդերձ կցուցաբերվի։ Ես այդպիսի տպավորություն ստացա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը։

Վազգեն Սաֆարյանը ներկայացրել է արդյունաբերության ոլորտի խնդիրները։ Վարչապետին առաջարկել է աջակցել գործարարներին՝ արտաքին կապերի վերականգնման հարցում։

Վարչապետի հետ հանդիպմանը մասնակցած «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանի պես ՀԽ անդամ Հովիկ Մուսայելյանը ևս տպավորություն է ստացել, որ վարչապետը տեղյակ է երկրի խնդիրներին։

Մուսայելյանն ուզում է հավատալ, որ այս վարչապետի աշխատելաոճը ժամանակի ընթացքում չի վերափոխվի։

«Վարչապետը պետք է այնպիսի համակարգ ստեղծի, որ կարողանա ավելի գլոբալ, հեռանկարային խնդիրներ գենեռացնի երկրի ապագայի, զարգացման համար», - ասաց Մուսայելյանը։

«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի համոզմամբ, վարչապետին այսօր ամենից շատ հանրային աջակցություն է անհրաժեշտ։ «Ոչ մեկ չի կասկածում, մեզանից, որ երկարաժամկետ առումով, շատ լուրջ ներդրումային ծրագրեր են ի հայտ գալու, բայց եթե մեր հանրությունը շատ կարճ ժամանակում իր վրա չզգա, ինչպես վարչապետն էր ասում, այսինքն, իր գրպանի կամ ստամոքսի վրա ինքը չզգա, հավատ չի լինելու, դրա համար պետք են և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ ծրագրեր», - ասաց Մուսայելյանը։

ՀԽ-ի անդամի կարծիքով, նոր կառավարությունը երկարաժամկետ առումով հաջողություններ կարող է գրանցել, կարճ ժամկետում, սակայն, տնտեսական աճի բարձր տեմպեր չի ակնկալում։

Այնուամենայնիվ, հանդիպմանը մասնակցած 10 անդամներից յուրաքանչյուրից Կարեն Կարապետյանն ակնկալել է բարձրացրած խնդիրները լուծելու համար կոնկրետ առաջարկների ներկայացում։

«Երբ որ հարց էր առաջանում, թե առաջարկությունը ո՞ւմ պետք է ներկայացնենք, ո՞ր նախարարությանը, վարչությանը, վարչապետն ասաց՝ «ներկայացրեք ինձ»։ Սա նշանակում էր, որ նա նաև մեսիջ էր ուղարկում բոլորիս, որ ժամանակ չունենք հիմա։ Ես կարծում եմ, որ պաշտոնատար շատ անձանց վարչապետի հետ աշխատելը շատ դժվար է լինելու, որովհետև նա պահանջելու է շատ արագ մտածողություն, շատ արագ արդյունքներ», - ասաց Մուսայելյանը։

Վարչապետի հետ հադիպումը ՀԽ-ն ընդլայնված կազմով նախատեսում է քննարկել հինգշաբթի օրը, այնուհետև անցնել առաջարկների մշակմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG