Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմինը հինգշաբթի երեկոյան կայացած նիստի ժամանակ հիմնականում ամփոփել է սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Ինչպես նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարեց իշխող կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, «158 համայնքում հաղթել են հանրապետականները, բայց 22 ևս հաղթած թեկնածուները անկուսակցական ցանկություն են հայտնել անդամակցել Հայաստանի հանրապետական կուսակցությանը»:
«Այսինքն՝ շուրջ 180 հաջողության հասած համայնքի ղեկավարներ այլևս ունենք, և դա կազմում է սեպտեմբերի 18-ին մասնակցած ընտրությունների 76 տոկոսը: Այսինքն՝ 76 տոկոս վստահություն է, և դա, կարծում եմ, բավականին լուրջ վստահություն է», - ասաց Շարմազանովը:
Նա փոխանցեց, որ Հանրապետականի գործադիր մարմինը քննարկել է նաև ներքաղաքական խնդիրներ: «Տեղեկացնեմ, որ, այո, այսօր ամենաքննարկվող հարցերից մեկը կառավարության փոփոխության հարցն է: Տեղեկացնեմ, որ փոփոխությունների գործընթացը կշարունակվի, և կարծում եմ՝ մինչև մյուս շաբաթվա ավարտ կամ գոնե մյուս շաբաթվա ընթացքում ամբողջությամբ նոր կառավարությունը կձևավորվի», - նշեց իշխող կուսակցության խոսնակը՝ շեշտելով․ - «Մենք՝ հանրապետականներս, վարչապետ Կարապետյանի կաբինետի ամբողջական պատասխանատուն ենք՝ և՛ թերությունների, և՛ ձեռքբերումների»:
Լրագրողներից մեկի հարցին՝ «ձեր իշխանությունը ընդունա՞կ է գողանալու», Շարմազանովը արձագանքեց․ - «Թող քար նետի նա առաջինը, որ մեղք չի գործել, մենք էստեղ դատավորներ չենք»:
«Ազատության» հարցին էլ՝ «այսինքն, նորմա՞լ ընդունենք դա, որ կար գողություն կառավարությունում», նա պատասխանեց․ - «Ինձ թվում է, որ դուք ինձ նոր եք ճանաչում: Ես բոլոր աննորմալ երևույթներին շատ վատ եմ վերաբերվում, բոլոր նորմալ երևույթներին շատ լավ եմ վերաբերվում, և գողն ու ավազակը կուսակցական պատկանելություն չունեն՝ մարդ կամ լինում է պարկեշտ, կամ չի լինում պարկեշտ»:
Կառավարությունում տեղ գտած գողության մասին, հիշեցնենք, նույն օրը գործադիրի նիստին հայտարարել էր վարչապետ Կարեն Կարապետյանը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ Պետեկամուտների կոմիտեի նախագահը «դոլարային միլիոնատեր է», Շարմազանովը հակադարձեց․ - «Նեոբոլշևիկյան մտածողությունը մենք պիտի շպրտենք աղբարկղ: Միլիոնատեր լինելը վատ չէ, վատ է ոչ բարեխիղճ և գողությամբ միլիոնատեր դառնալը: <...> Ես ուրախ կլինեի, որ իմ երկրում բոլորը ունենային բավականին լուրջ կարողություններ»:
«Ազատության» հարցին՝ Հանրապետականում քննարկե՞լ են արդյոք կառավարության կազմում փոփոխությունների համատեքստում ՀՅ Դաշնակցությանը հատկացվելիք պաշտոնների հարցը, մասնավորապես՝ խոսվում է այն մասին, որ ներկայումս էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հնարավոր է այլ ոլորտի նախարար նշանակվի, իշխող կուսակցության խոսնակը չպատասխանեց, փոխարենը կրկնելով․ - «Ասացի՝ մինչև մյուս շաբաթվա վերջ մենք կունենանք այլևս ամբողջությամբ նոր կառավարություն»:
Արծվիկ Մինասյանի աշխատանքը հաջո՞ղ է գնահատում, թե՞ ոչ․ այս առնչությամբ էլ Էդուարդ Շարմազանովը ասաց․ - «Դժվար է շատ կարճ ժամանակահատվածում գնահատական հնչեցնել, բայց ճանաչելով Արծվիկ Մինասյանին՝ կարող եմ ասել․ Արծվիկ Մինասյանը ազնիվ, սկզբունքային անձնավորություն է և իր ուժերի չափով անում է հնարավորինը, որպեսզի իր ղեկավարած ոլորտը ունենա ձեռքբերումներ»: