Oրեր առաջ ոտքի բարդ վիրահատության ենթարկված «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանն այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղափոխվեց «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, որտեղ կանցկացնի հետվիրահատական շրջանը։
«Գերազանց եմ ինձ զգում, մարտական լիցքավորված», - հիվանդանոցի մուտքի մոտ լրագրողներին փոխանցեց Մանուկյանը։
«Ազատության» հարցին, թե «Սասնա ծռեր»-ի պահանջների չիրականացումից ու խմբի անդամների կալանավորումից հետո ափսոսանքի զգացում չունի՞, Մանուկյանը պատասխանեց. - «Կկատարեն, կկատարեն, ցանկանան-չցանկանան։ Ափսոսանք, զղջում... մյուս անգամ էդ բառերը չկրկնեք, դրանք մեզ համար չեն»։
Մանուկյանը Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործի շրջանակում մեղադրվում է երկու հոդվածներով՝ ապօրինի զենք պահելու և փոխադրելու, շենքեր ու շինություններ զավթելու մեղադրանքով, որոնց ավելացվել է նաև անցյալ տարի ապրիլի 24-ին ընդառաջ անկարգություններ ծրագրելու մեղադրանքը։ Մեղադրանքների հաստատման դեպքում նրան սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում։
Ըստ Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի, խմբի կողմից զենքը վայր դնելուց ու հանձնվելուց հետո, խմբի անդամներին առաջադրված շենքեր զավթելու հոդվածը պետք է հանվի։ Բայց, պաշտպանի խոսքով, նախաքննական ընթացքում առանձնապես տեղաշարժ չկա։
«Կարծում եմ, որ արդեն ժամանակն է ավելի արագ գործելու, հասկանալու, թե գործն ինչ ուղղությամբ պետք է տանեն։ Իրենք պետք է ակնհայտորեն հասկանան, որ ստեղ նաև որոշ անձանց վերաբերյալ վարույթները պետք է կարճվեն, քանի որ հոդվածներն ունեն նաև խրախուսական նորմեր, որոնցից ելնելով էլ, այդ գործընթացը պետք է տեղի ունենա։ Իսկ այժմ իրենց անհիմն մեղադրանքներ են առաջադրել՝ ծանր հոդվածներով և, բնականաբար, դատարանին էլ ոչինչ չի մնում անել, քան գնալ իրենց դրված ուղիով», - ասաց Պետրոսյանը։
Առաջիկայում Մանուկյանը դեռևս կմնա «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ-ում, որտեղ նրան կայցելեն նաև «Էրեբունի»-ի բժիշկները։
Դատապարտյալների հիվանդանոցում է նաև նրա որդին՝ Արամ Մանուկյանը, ինչպես նաև «Սասնա ծռեր»-ի ևս 5 անդամներ։ «Իհարկե, դեռևս խնդիրներ կա, այսինքն, ծունկը բավականին անշարժ վիճակում է գտնվում, նշանակվել են որոշակի վարժություններ՝ Պավելը պետք է փորձի անընդհատ շարժել ծունկը, որպեսզի չքարանա։ Բավականին երկար ամիսների խնդիր կա, որպեսզի կարողանա ավելի ստույգ քայլել, հենակների օգնությամբ կարողանում է տեղաշարժվել», - ասաց պաշտպանը։