Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմինը՝ Վենետիկի հանձնաժողովը, որի կազմում հեղինակավոր սահմանադրագետներ են և միջազգային իրավունքի մասնագետներ, քննադատել է Ադրբեջանում առաջիկա երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 26-ին, համազգային հանրաքվեին ներկայացվելիք սահմանադրական փոփոխությունների նախագիծը:
Ըստ Վենետիկի հանձնաժողովի, այդ փաստաթուղթը «աննախադեպ լիազորություններ է տալու նախագահին, ինչը խախտելու է իշխանության հավասարակշռության սկզբունքը»:
Հանձնաժողովի փորձագետները քննադատում են «առանց այն էլ չափազանց հզոր լծակներ ունեցող և 2009 թվականից սկսած անընդհատ վերընտրվելու իրավունքով օժտված նախագահի լիազորությունները 5-ից 7 տարվա հասցնելու առաջարկը»:
Հանրաքվեի նախագծի մեկ այլ դրույթ նախագահին կտա խորհրդարանը լուծարելու իրավունք: Դա, ըստ Վենետիկի հանձնաժողովի, ոչ միայն կվերացնի օրենսդիր մարմնում քաղաքական այլակարծության հնարավորությունը, այլև էապես կսահմանափակի արդարադատության համակարգի անկախությունը, քանի որ Միլի մեջլիսը կզրկվի դատավորներին հաստատելու հարցում գործնական դեր կատարելու լիազորությունից:
Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմինը քննադատում է փոխնախագահների պաշտոններ սահմանելու առաջարկը, քանի որ նրանք որոշակի պայմաններում կարող են ստանձնել երկրի կառավարումը:
Հանձնաժողովը քննադատում է նախագահի հայեցողությամբ նախագահական վաղաժամկետ ընտրություններ նշանակելու իրավունքը:
Հանձնաժողովը քննադատում է բուն նախագծի հաստատման ընթացակարգը, նշելով, որ այդօրինակ կարևոր փաստաթղթի շուրջ Միլի մեջլիսում լուրջ և համապարփակ քննարկումներ չեն եղել, նախագիծը շատ արագ է հաստատվել, հանրությունը նախապես չի ունեցել Սահմանադրության փոփոխությունների փաթեթը ուսումնասիրելու և կարծիք հայտնելու հնարավորություն:
Հենց ինքը Վենետիկի հանձնաժողովը չի ունեցել Ադրբեջան այցելելու և տեղում նախագիծը պաշտոնյաների ու փորձագետների հետ քննարկելու, մտքեր փոխանակելու կամ առաջարկներ ներկայացնելու ո՛չ հնարավորություն, ո՛չ ժամանակ: Հանձնաժողովն ափսոսանք է հայտնում այն կապակցությամբ, որ նախքան փոփոխությունների փաթեթը հանրաքվեի ներկայացնելը Ադրբեջանի իշխանությունը հարցը չի քննարկել Եվրոպայի խորհրդի հետ:
Վենետիկի հանձնաժողովն իր հայտարարությունում նշում է նաև մի շարք դրական հանգամանքներ:
Փորձագետները գովեստով են արտահայտվում ապագա Սահմանադրության մարդու իրավունքների բաժնում ընդգրկված «մարդու արժանապատվության» հայեցակարգի, պետական հիմնարկների կողմից մարդու հանդեպ կամայականությունը բացառելու և բարեխիղճ վերաբերմունք ապահովելու պարտավորության և որոշակի ընթացակարգեր բարելավելու պարտավորության մասին:
Փորձագետները ողջունում են «համաչափության սկզբունքը» Սահմանադրության մակարդակի բարձրացնելու նախաձեռնությունը, ինչը ենթադրում է, որ մարդու իրավունքի ցանկացած սահմանափակում պետք է համաչափ լինի այն կոնկրետ նպատակին, որը հետապնդում է պետությունը:
Միաժամանակ, Վենետիկի հանձնաժողովը նշում է փոփոխությունների նախագծում ներառված մտահոգիչ դրույթները: Խոսքը հասարակական կարգուկանոնը պահպանելու և բարոյականությունն ապահովելու նպատակով հանրային հավաքների իրավունքը սահմանափակելու մասին է, քանի որ, ըստ հանձնաժողովի, պատկան մարմինները կարող են ընդարձակ մեկնաբանել դրույթները և հաճախ արգելել հավաքները:
Հանձնաժողովը վերապահություններ ունի նաև քաղաքացիությունից զրկելու առաջարկվող ընթացակարգի վերաբերյալ:
Ադրբեջանի պաշտոնյաներն արդեն արձագանքել են Վենետիկի հանձնաժողովի քննադատությանը:
Նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի իրավական հարցերով բաժնի ղեկավար Շահին Ալիևը հայտարարել է, թե «Վենետիկի հանձնաժողովի հայտարարությունը պատվեր է, քննադատությունն արդար և հիմնավորված չէ»:
«Ադրբեջանի հետ փորձում են խոսել վերջնագրերի լեզվով», - ասել է Շահին Ալիևը: Նա պնդում է, թե սահմանադրական փոփոխությունները բխում են ժամանակի պահանջներից և անհրաժեշտ են բարեփոխումներ իրականացնելու համար: